Այդ մեկ մարդը ես եմ

Ես Ռոբերտ Քոչարյանից չեմ վախենում, նրանից վտանգ չեմ տեսնում, նրան չեմ խղճում, չեմ պաշտպանում, բայց նաեւ չեմ համարում մեր դժբախտությունների գլխավոր պատճառը, չեմ կարծում, որ եթե նա չլիներ, մենք հիմա ավելի լավ երկիր կունենայինք, եւ չեմ կարծում, որ միայն նա է մեղավոր Մարտի 1-ի մեջ։ Բայց լավ եմ հասկանում այն բոլոր մարդկանց, ովքեր մեկ մեղավորի, մեկ թշնամու, մեկ գլխավոր «պատճառի» փնտրտուքի մեջ են եւ իրենց բոլոր բացասական հույզերը տեղափոխել են այդ մարդու վրա։ Հասկանում եմ, որ դա բնական երեւույթ է, եւ ինքը՝ Քոչարյանը, իր գործունեությամբ է մեծապես ձեւավորել այդ վերաբերմունքը, 10 տարվա ընթացքում նեղացնելով ու նեղելով, հետապնդելով ու հալածելով տարբեր մարդկանց, իշխանությունն ի չարն օգտագործելով, անհավասար պայմաններ ստեղծելով եւ կամայականությունների լայն դաշտ ձեւավորելով երկրում։

Բայց ես դեմ եմ հաշվեհարդարի ինստիտուտին առհասարակ՝ ում դեմ էլ որ այն կիրառվում է։ Ես դեմ եմ օրենքից ու օրինականությունից դուրս ցանկացած գործընթացի։ Եվ անգամ եթե հասարակության 100 տոկոսը պահանջի գլխավոր հրապարակում կախել Ռ․ Քոչարյանին, ես կլինեմ այն մեկ մարդը, որ կդատապարտի դա եւ կկանգնի նրա կողքին՝ ենթարկվելով քարկոծված լինելու վտանգին։ Որովհետեւ մենք դրա համար չենք ապրել ու պայքարել, որ այսօր նեանդերթալյան ցեղախմբի նման պահանջենք ինչ-որ մեկին խարույկի վրա այրել կամ առանց դատ ու դատաստանի պատժել։

Եթե մենք քաղաքակիրթ հասարակություն ենք, պետք է մերժենք հաշվեհարդարն ու սամասուդը, անգամ մեր ոխերիմ թշնամիների նկատմամբ պահանջենք օրենքի ու օրինականության կիրառում, քանզի, երբ նման նախադեպ է ձեւավորվում, այն կարող է այլ իրավիճակում կիրառվել նաեւ մեր բոլորիս նկատմամբ։ Ոչ ոք պաշտպանված չէ հաշվեհարդարից։

Մեկնաբանություն
X