Պատվիրակություն OPIC-ից՝ Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանման նպատակով

ԱՄՆ կառավարությանն առընթեր Արտասահմանում մասնավոր կապիտալ ներդրումների կորպորացիայի (OPIC) գործադիր փոխնախագահ Դեյվիդ Բոհիգյանը մի շարք այլ պաշտոնյաների ուղեկցությամբ ժամանել է Երևան՝ ամերիկյան ներդրումները Հայաստանում խթանելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ, տեղում գործող ամերիկյան առաջատար բիզնեսների ներկայացուցիչների և OPIC-ի շահառուների հետ: Սա Կովկասում ամերիկյան ներդրումների խթանման, գործընկերությունների ամրապնդման և տնտեսական աճի ու կայունության հանգեցնող գործարար կապերի խորացման հնարավորություններ գտնելուն ուղղված տարածաշրջանային այցի առաջին կանգառն էր: Այսօր առավոտյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ: «Ինձ համար պատիվ է ԱՄՆ կառավարության անունից այցելել Հայաստան՝ հանդիպելու նոր ղեկավարությանը, ամրապնդելու մեր հարաբերությունները և բացահայտելու ամերիկյան ներդրումների ավելացման հնարավորությունները: OPIC-ը ձգտում է օգնել առավել կայուն ու անկախ Հայաստանի կայացմանն այնպիսի ծրագրերի միջոցով, որոնցում ապահովված են կուռ ստանդարտներ և որոնք թափանցիկության միջոցով կանխում են կոռուպցիան:

Մենք ձգտում ենք օգտակար լինել Հայաստանի զարգացմանը ներդրումների միջոցով, որոնք ուղղված են ենթակառուցվածքների ձևավորմանն ու այն առանցքային ոլորտներին, որոնք ունեն տնտեսական աճ, աշխատատեղեր ու մարդկանց համար տևական օգուտներ ապահովելու հեռանկար», - ասաց պ-ն Բոհիգյանը: Պ-ն Բոհիգյանը նաև ելույթ ունեցավ Gazelle Fund-ի հայաստանյան ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառման ժամանակ: Gazelle Fund-ը OPIC-ի աջակցությամբ գործող ներդրումային հիմնադրամ է, որը կոմերցիոն տեսանկյունից կենսունակ փոքր ու միջին ձեռնարկություններում (հիմնականում՝ գյուղատնտեսության ու թեթև արդյունաբերության ոլորտից) ապահովում է աճին և ընդլայնմանն ուղղված ներդրումներ:

Վարկային ծրագրի դրամական հոսքերի օգտագործմամբ, որոնք սկզբնապես ֆինանսավորվել են ԱՄՆ ՄԶԳ վարկային ծրագրով, Gazelle Fund-ը լրացնում է այն բացը, որ կա արագ աճող փոքր ձեռնարկությունների ընդլայնումը ֆինանսավորելու ասպարեզում: Այս արագ աճող ընկերությունները, որոնք հայտնի են նաև գազել անվամբ, Gazelle Fund-ի օգնությամբ ստանում են վարկեր կամ կապիտալ ներդրումներ՝ ոչ մեծ գրավի ապահովմամբ, ինչը խթան է հանդիսանում մասնավոր հատվածի աճի և մասնավոր հատվածում աշխատատեղերի ձևավորման համար: Հայաստանից զատ Gazelle Fund-ը նաև գործում է Վրաստանում, Ղրղզստանում և Մոլդովայում: «OPIC-ի աջակցությունը առանցքային նշանակություն ունի տեղական շուկաներում համարժեք ֆինանսական միջոցների հասանելիության բացակայությամբ պայմանավորված խոչընդոտները հաղթահարելու հարցում: Անչափ ուրախ եմ տեսնել, որ Gazelle Fund-ը և ամերիկյան ներդրողները Հայաստան են բերում իրենց ներդրումներն ու բիզնես արժեքները, որոնք կօգնեն փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչը դինամիկ, բազմազան և առողջ տնտեսության համար խիստ կարևոր է», - ասաց պ-ն Բոհիգյանը: OPIC-ը հիմնադրվել է 1974թ. և այդ ժամանակվանից ի վեր 88 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ու ապահովագրություն է ապահովել Հայաստանի հետ կապված 14 ծրագրերի շրջանակում, որոնք ուղղված էին մի շարք ոլորտների, այդ թվում՝ զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտներին:

Այս պահին Կովկասում OPIC-ի ներդրումների ընդհանուր գումարը կազմում է շուրջ 168 միլիոն ԱՄՆ դոլար: Երևանում պ-ն Բոհիգյանը նաև հանդիպեց Հայ-ամերիկյան առևտրային պալատի խորհրդի անդամներին, Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (հանրային-մասնավոր գործընկերություն ԱՄՆ ՄԶԳ-ի և IBM-ի միջև) ներկայացուցիչներին և OPIC-ի օգնությամբ միջին ու ցածր եկամուտների տեր վարկառուներին հիփոթեքային վարկեր ստանալու հնարավորություն ընձեռած Առաջին հիփոթեքային ընկերության շահառուներին: OPIC-ը ամերիկյան պետական ֆինանսական հաստատություն է, որն աջակցում է զարգացմանը: Ազգային անվտանգության իր ռազմավարությամբ նախագահ Թրամփը շեշտեց զարգացման ֆինանսավորման հարցում ԱՄՆ կառավարության մոտեցումների արդիականացման կարևորությունը՝ օգնելու մեր գործընկերների աճին, խթանելու տնտեսական գործընկերությունները և մեծացնելու ներդրումներն այն տարածաշրջաններում, որոնք ամերիկյան շահերի տեսանկյունից կարևորվում են:

Մեկնաբանություն
X