Պետք է լինի դեսպանների ռոտացիա, քանի որ նրանցից մի քանիսը վեց-ութ տարի գովաբանել են Սերժ Սարգսյանի քաղաքականությունը

Սերժ Սարգսյանի մի շարք նշանակումներ, այդ թվում նաեւ արտերկրում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանների նշանակումները, տարիներ շարունակ միայն տարակուսանքի եւ զարմանքի տեղիք են տվել պրոֆեսիոնալներին, որոնք առաջնորդվում են ազգային-պետական մտածողությամբ։ Հաճախ է հնչել այն հարցը, թե կոնկրետ ինչ է անում այս կամ այն երկրում նշանակված ՀՀ դեսպանը, երբ միջպետական հարաբերություններում ծագում են կնճռոտ հարցեր, ինչու են մնում չկարգավորված հարցեր, եթե իրոք տվյալ դեսպանը գիտակցված առաքելությամբ է ստանձնել այդ պաշտոնը։

Իշխանափոխությունից հետո թեեւ դիվանագիտական կորպուսում չեն եղել տեղաշարժեր, սակայն ժամանակ առ ժամանակ արծարծվում է դեսպանների փոփոխության, նրանց նոր կադրերով փոխարինելու հարցը։ ՀԱԿ արտաքին հարաբերությունների վարչության պատասխանատու, ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը կարծում է, որ մենք ունենք շատ լավ դիվանագիտական կորպուս, որն ի զորու է իրականացնել իր վրա դրված խնդիրները։ «Խնդիրը հետեւյալն է․ մինչեւ հիմա մեր դեսպանները այլ շեշտադրումների շուրջ էին աշխատանք իրականացնում, պաշտպանում էին մի կառավարության, որը շատ թույլ էր ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։

Արդյունքում, ցավոք, մենք չենք ունեցել Հայաստանին աջակցող, բարեկամ երկրների մեծ խումբ, ինչը կաշկանդել է մեր նախաձեռնությունները միջազգային ասպարեզում։ Շատ քիչ են այն երկրները, որոնց հետ Հայաստանը լավ՝ գործընկերային և արդյունավետ փոխգործակցության հարաբերությունների մեջ է։ Ես դրանում մեղադրում եմ Սերժ Սարգսյանին եւ Էդուարդ Նալբանդյանին։ Հիմա,այս փոփոխություններից հետո, առաջին փուլում անմիջապես պետք է լիներ դեսպանների փոփոխություն, դեսպանների ռոտացիա, որովհետեւ գործող դեսպանները չեն կարող հին ոճով շարունակել աշխատանքը եւ ներկայացնել նոր կառավարության առաջնահերթությունները։ Իրենք չեն կարողանա նույն համոզվածությամբ եւ նույն վճռականությամբ ներկայացնել նոր կառավարությանը, քանի որ ոմանք յոթ-տաս տարի գործել են նախկին իշխանության առաջնայնությունների շրջանում, իսկ ոմանք՝ քաղաքական ղեկավարության նախասիրությունների շրջանակներում՝ սպասարկել են Սերժ Սարգսյանին ու իր թիմին։ Այս պայմաններում ռոտացիան պետք է իրականացնել հնարավորինս կարճ ժամկետներում: Այդ իսկ պատճառով ես կարեւորում էի այն հանգամանքը, որ արտգործնախարարությունը համապատասխան դիրքորոշում հայտներ 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների, ՀՀ ԱԳՆ համակարգի որոշ ներկայացուցիչների՝ իշխանության հակասահմանադրական տապալումը իրագործողներին, սեփական ժողովրդի սպանդը իրականացնողներին սատարելու, օժանդակելու վերաբերյալ: ՀՀ ԱԳՆ որդեգրած քաղաքականության, պետության շահերին հակառակ քաղաքական դիրքրոշման հետևանքով մենք ունեցանք Հայաստանի վարկանիշի խայտառակ անկում, ընդունվեցին մի քանի հակահայկական բանաձևեր ամենահեղինակավոր ատյաններում՝ մեծ վնաս հասցվեց մեր պետական շահերին:

Մինչ օրս ՀՀ ԱԳՆ գնահատական չի տվել այդ օրերին որդեգրած հակապետական իր քաղաքականությանը և քաղաքական քայլերին: Սպասում եմ, և վստահ եմ, որ այս հարցերը պետք է պատասխան գտնեն և Հայաստանին վնաս հասցված պատասխանատուները առնվազն քաղաքական պատասխանատվություն պետք է կրեն: Հավելեմ նաև, որ ՀՀ ԱԳՆ մի քանի տարի շարունակ ուղարկել է հանձնարարականներ ՀՀ դեսպանություններ՝ քաղաքական հակառակորդների մասին սուտ տեղեկություններով և մի շարք դեսպաններ հլու հնազանդ կատարել են քաղաքական առաջադրանքները»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։ Վերադառնալով դեսպանների ռոտացիայի խնդրին, Վ.Կարապետյանը հիշեցնում է ՀՀ վարչապետի խոսքը, որ այսուհետ հիմնականում պրոֆեսիոնալ դիվանագետներն են նշանակվելու դեսպանների պաշտոնում։ Նա վստահ է, որ ունենք փայլուն դիվանագետներ, որոնք արտերկրում մեր բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում բարձր մակարդակի վրա կարող են ներկայացնել Նիկոլ Փաշինյանի կառավարության հռչակած առաջնահերթությունները, գործել այսօրվա պահանջներին համահունչ և կոնկրետ քայլերով նպաստել Հայաստանի շահերի սպասարկմանը:

Մեկնաբանություն
X