Ենթադրենք ջղայնացել է, ասել է գնացեք, ջարդեք, փշրեք, ասում են՝ դա բխել է իր կարգավիճակից

«Սահմանադրությունում ձեւակերպում այդպես հաջող չի։ Ինչ-որ երեկ ասվեց, որ նախագահը քրեական հետապնդման ենթակա չէ, եթե իր գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Իհարկե, էնտեղ ավելացնում է, եթե չեն բխել, ուրեմն ենթակա է, նա անձեռնմխելի չէ, պարզապես կա պահում, որ ենթակա է իր լիազորությունների ավարտից հետո։ Մենք սա ունենք, հիմա մնում է ասենք, որ Վճռաբեկ դատարանը պետք է ասի՝ ով է ճիշտ, բխե՞լ է իր կարգավիճակից, թե՞ չի բխել»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռմխելիության հիմքով ազատ արձակելու Վերաքննիչի որոշմանը։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ Առաջին ատյանը չտեսավ անձեռմխելիության իրավունքը, Օհանյանը պատասխանեց․ «Յուրաքանչյուր իրեն հարգող իրավաբան այդ հարցին չի պատասխանի, որովհետեւ ծանոթ չեմ, ոչ Առաջին ատյանի որոշմանն եմ ծանոթ, ոչ Վերաքննիչինը։ Ինչպե՞ս է հիմնավորված միջնորդությունը առաջին ատյանում, հուսով եմ, որ այստեղ արդար մրցակություն է եղել, եւ դատարանն էլ անկախություն է դրսեւորել։ Մարդիկ սովոր չեն եղել, հուսով եմ, որ էստեղ ուղղակի դատարանը արդարադատություն է իրականացրել»։

-Այնպես է ստացվում, որ նախագահները անձեռնմխելի են, իրենց այդ իրավունքով ապահովագրել են եւ ինչ ուզում են կարող են անել։

-Զավեշտ է դա։ Դա այդպես չէ, բայց այստեղ հարցը մեղադրանքի մեջ ա, ես չեմ կարող գնահատական տալ իրավական, ես չգիտեմ, գուցե իրոք բավարար հիմնավորվածություն չի եղել, որ նախագահի գործողությունները չեն բխել իր կարգավիճակից։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ դատարանը պիտի լինի համեմատաբար պասիվ դերում։ Ենթադրենք ջղայնացել է, ասել է գնացեք, ջարդեք, փշրեք, ասում են՝ դա բխել է իր կարգավիճակից։ Հիմա, որ մերկապարանոց չլինի, պետք է ծանոթանալ, բնականաբար բողոք կբերեն։

-Քրեական հետապնդումը կդադարեցվի՞ Վճռաբեկի վճռից հետո։

-Երբ Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի Վերաքննիչի որոշումը, նրա նկատմամբ քրեական հետապնդումը անմիջապես պետք է դադարեցվի։

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։ Դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Քոչարյանն անձեռնմխելի է և չի կարող կալանավորվել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1» -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X