Քոչարյանին ազատ արձակելը դատարանի անկախությա՞ն, թե՞ կախյալության նշան է

Երեկ վերաքննիչ դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Ուշագրավ է բողոքի բավարարման պատճառը․ պարզվում է՝ Քոչարյանը, որպես նախկին նախագահ, անձեռնմխելի է։ Եվ վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է այդ փաստը, ըստ այդմ՝ սխալ հանելով առաջին ատյանի դատարանին։ Սա ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում Քոչարյանի համար եւ վատթարացնում Քոչարյանին «նստեցնողների» վիճակը, քանզի եթե ուղղակի հաշվի առնվեր զուտ 45 պատգամավորների երաշխավորագիրը, կամ նա գրավով ազատ արձակվեր, Քոչարյանը կշարունակեր գտնվել կալանավորման ռիսկի տակ, կամ մեղադրանքն անհիմն համարելու պատճառ չէինք ունենա։ Իսկ հիմա նրա անձեռնմխելիության գործոնը գրեթե լիարժեք երաշխիք է ապահովում նրա՝ այլեւս բանտ չվերադառնալու, ավելին՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու համար։ Ինտերնետ տարածքում երեկ սրացումներ նկատվեցին դատարանի որոշման հետ կապված։ Գաղտնիք չէ, որ հասարակության մի զգալի հատված տենչում է Քոչարյանին տեսնել ճաղերի հետեւում, եւ դրա համար մարդիկ ապավինում էին արդար դատական համակարգին ու դատարանների անկախությանը, որն իր խոսքերով երաշխավորում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա անհասկանալի իրավիճակ է ստեղծվել՝ դատարաններն անկա՞խ են, թե՞ ոչ։ Եթե անկախ են, ստացվում է՝ Քոչարյանին ազատ արձակելու վերաքննիչ դատարանի որոշումը ճիշտ էր, այսինքն՝ Քոչարյանի պաշտպանները ճիշտ էին, ՀՔԾ-ն՝ սխալ։ Եթե անկախ չեն, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն էր սխալ, եւ «Նոր Հայաստանում» անկախ դատական համակարգի մասին խոսելը վաղ է։ Իսկ եթե իսկապես անկախ դատարանի կայացրած որոշում չէր սա, ապա պետք է պարզել, թե ով, ինչպես եւ ինչ հեռավորությունից է ճնշում գործադրել դատարանի վրա։ Եթե սա իրավական որոշում չէ, այլ քաղաքական, ուրեմն պետք է հասկանալ, թե ով է ներազդել այդ որոշման վրա։

Քոչարյանի պաշտպանների մոտ, բնականաբար, այս որոշումից հետո ոգեւորությունը մեծ էր։ Նրանք համարում են, որ սա արդարության եւ արդարադատության հաղթանակն է։ Օրինակ՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այն կարծիքին է, որ արդարությունը վերականգնվել է։

Իսկ թե ինչպես ստացվեց, որ «արդարությունը վերականգնվեց», Սողոմոնյանն այսպես մեկնաբանեց․ «Ես կարծում եմ, որ կա փաստ, որի մասին մենք բազմիցս խոսել ենք, եւ այդ փաստը հետեւյալն է, որ հանրապետության նախագահն օգտվում է ֆունկցիոնալ իմունիտետից, ինչպես դա անվանում են իրավապահները, եւ իր լիազորություններից բխող որեւէ գործողության համար չի կարող հետապնդվել։ Մյուս կողմից՝ ես բազմիցս ասել եմ, որ այն մեղադրանքները, որոնք հասցեագրվում են պաշտոնաթող նախագահին, անհիմն են, ասելու նոր բան չունեմ, առաջարկում եմ սպասենք նախագահի ասուլիսին»։ Նա նշեց, որ այսօր, ժամը 12։00-ին Քոչարյանն ասուլիս է տալու։

Նկատեցինք, որ 45 պատգամավոր երաշխավորագիր էր ներկայացրել, որ փոխեն Քոչարյանի խափանման միջոցը, բացի այդ, կար նաեւ նրան գրավով ազատելու տարբերակը, բայց այդ ամենը դատարանի կողմից չդիտարկվեց։ Սա ինչպե՞ս կարելի է հասկանալ։ «Դուք կարծում եք՝ ես էդ հարցը կարո՞ղ եմ մեկնաբանել։ Ես խնդրում եմ՝ դիմեք դատարանին կամ պատգամավորներին, ես չեմ կարող դա մեկնաբանել»,- ասաց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը։

Քոչարյանի տարիներին քաղաքական գործընթացներին մասնակցած, տուժած ու զրկանքներ կրած նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ դատարանի այս որոշման մասով մեկնաբանելու բան չի տեսնում։ «Ունենք այն դատական համակարգը, որն անցյալից մնացել է, եւ, ըստ էության, ոնց տեսնում ենք, եթե սենց շարունակվի, կարող է Մարտի մեկի բացահայտում տեղի չունենա»։

Այսինքն՝ Քոչարյանի՞ անձով էր այդ ամենը պայմանավորված, կարծում է՝ Քոչարյանի կողմից ճնշո՞ւմ է գործադրվել դատարանի վրա։ Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Չեմ կարող ասել, եթե տենց բան կա, դա արդեն Ազգային անվտանգությունը պետք է ասի՝ նման բան եղե՞լ է, թե՞ չէ»։ Բայց Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ Հայաստանում որեւէ զանգ չի կատարվում դատարաններին, եւ դատարաններն անկախ են, հիմա մենք կարո՞ղ ենք հավատալ դատարանների անկախությանը։ Մարտիրոսյանն ասաց․ «Դատարանի անկախությունը, ես չեմ կարող ասել, որ մենք ունենք անկախ դատարան, այն դատավորները, որոնք նշանակվել են, նշանակվել են նախորդ իշխանությունների կողմից։ Դրա համար ես միշտ ասում եմ՝ Հայաստանում դատարանները պետք է ոչ միայն անկախ լինեն, այլեւ անաչառ լինեն, իսկ դա մենք կարող ենք ունենալ միայն սահմանադրական փոփոխությունների առկայության դեպքում, երբ որ նոր դատական համակարգ ձեւավորվի»։

Քաղաքական ուժերից Հայաստանում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն էին կողմ, որ Քոչարյանն ազատ արձակվի, եւ կարծում էին, որ Քոչարյանի նկատմամբ այսօր քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այդ 45 ստորագրությունից 41-ը ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական պատգամավորներինն էին, իսկ մեկ հոգի էլ ստորագրել էր «Ծառուկյան դաշինքից»՝ Իշխան Զաքարյանը։ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն այս առնչությամբ հիշեցրեց, որ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ իրենք իրենց մտահոգությունները հնչեցնելու առիթ ունեցել են։ «Եվ կարծում եմ՝ այսօրվա վճիռը եկավ փաստելու, որ այդ մտահոգություններն արտահայտելու համար հիմքեր ունեինք հենց այն նկատառումով, որ արդարադատության որեւէ օղակի վերաբերյալ կասկածներ չպիտի լինեն։ Եվ եթե ներկայացվում է նման լուրջ մեղադրանք, դրանք պիտի լինեն համոզիչ, փաստարկված եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտան»։ Հիմա դատարանի այս որոշմամբ իրենց այդ մտահոգություններն ու կասկածները փարատվեցի՞ն։ Պարոն Համբարձումյանն ասաց․ «Չէի ասի, որ… մենք ընդհանուր երեւույթի մասին ենք խոսել, մենք ասում ենք, որ նախկին սխալները թույլ չպետք է տալ, եւ ցանկացած իրավական գործընթաց, որ սկսվում է, այդ գործընթացները պետք է լինեն բավարար, փաստարկված, համոզիչ եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտան։ Կոնկրետ չի վերաբերում միայն Ռոբերտ Քոչարյանի խնդրին։ Մտահոգություն ենք հայտնել առ այն, որ նոր Հայաստանում արդարադատությունը պիտի կասկածների տեղիք չտա»։

Քոչարյանի դեմ դաժան պայքարի ելած նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ դատարանի այս որոշման վերաբերյալ երեկ այսպես արտահայտվեց․ «Այս հարցով մենք հայտարարություն ենք նախապատրաստում, որ այս մեղադրանքով բավարարվելը ճիշտ չէ եւ արդար չէ, քանի որ իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից պարոն Ռոբերտ Քոչարյանը խախտել է օրենքի առջեւ բոլորի հավասարության իրավունքի սկզբունքը, եւ դրանով է ինքը նաեւ սկսել իր պաշտոնավարումը։ Եթե հիշում եք, մենք մի քանի օր առաջ այստեղ «պրիվետ, Ռոբ» էինք ասում, այդ «պրիվետ, Ռոբ» հասկացությունը տեւեց շուրջ 10 տարի։ Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռոբերտ Քոչարյանի նման անձանց հիշեցնում էին իրենց շարքային լինելը, կամ իրենց ոչ գերագույն աստված ընդունելը պատժվում էր ոչ թե խոսքի կամ առարկության տեսքով, այլ՝ մահով։ Նրա պաշտոնավարման ժամանակ ոտնահարվել է խոսքի ազատությունը, մենք տեսանք, թե ինչպես «Ա1+»-ը 2003 թվականին՝ հենց ընտրությունների նախաշեմին, ուղղակի դուրս մղվեց եթերից, եւ նրա տեղը եկավ «Շարմ» ընկերությունը։ Սա մենք նույնպես շատ լավ հիշում ենք, սա նույնպես հանցագործություն է, պաշտոնական դիրքի չարաշահում»։

Մեկնաբանություն
X