Չպետք է գնանք այն ճանապարհով, որով անցել է ՀՀԿ-ն

Հանրապետական կուսակցության մենաշնորհից ազատված քաղաքական ուժերից ոմանք արդեն կողմնորոշվել են եւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել, ոմանք էլ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչպես կոնսոլիդացնեն իրենց՝ առանց էլ ցաքուցրիվ եղած ռեսուրսները, մասնակցե՞ն, թե՞ չմասնակցեն։

ՀՀՇ կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորում է «Հայոց համազգային շարժում» կուսակցության ցուցակը։

Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ։

-Պարոն Զուրաբյան, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելը Դուք դիտարկո՞ւմ եք որպես ուժերը փորձարկելու հնարավորություն՝ ԱԺ ապագա ընտրություններին մասնակցելու համար։

-Ես մասնակցում եմ ընտրություններին միայն հաղթելու նպատակով։ Այլ՝ երկրորդ նպատակ գոյություն չունի։ Բացի իմ կուսակիցներից, համախոհներից, իմ թեկնածությունը կպաշտպանեն բազմաթիվ երեւանցիներ, որովհետեւ ես շատ երկար ժամանակ աշխատել եմ Երեւանի քաղաքային համակարգում, ունեմ բազմաթիվ ընկերներ, որոնք պատրաստ են իրենց ձայնը տալ ինձ։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր հաղթելու շանսերը, երբ իշխող կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հանրային լուրջ աջակցություն եւ վստահություն է վայելում։

-Ընտրողը հասարակությունն է, եւ նա իր ընտրությամբ ցույց կտա, թե ում է նախընտրում։ Իշխող քաղաքական այն երկար ճանապարհը չի անցել։ Երեւանի ընտրությունները տարբերվում են նրանով, որ երեւանցիներն ընտրում են քաղաքապետ, ոչ թե քաղաքական ուժի։ Ցանկացած պարագայում երեւանցիներն ընտրում են քաղաքապետ, եւ կարծում եմ, որ իրենք կկատարեն իրենց ճիշտ ընտրությունը։

-Ո՞րն եք համարում Երեւանի ամենաէական խնդիրը, որը կփորձեք լուծել ընտրվելու դեպքում։

-Պետք է մոռանալ այն մոտեցումը, թե որն է մայրաքաղաքի առաջին խնդիրը։ Քաղաքապետը, իշխանության ներկայացուցիչը երբ սկսում է կառավարման գործընթացը, անդրադառնում է բոլոր խնդիրներին, որոնք ունեն լուծման կարիք։ Չի կարող ղեկավարն անդրադառնալ մեկ խնդրի, իսկ մյուսները ստորադասի։ Խնդիրներ կան թե՛ նախադպրոցական համակարգում, թե՛ սանմաքրման եւ աղբահանության համակարգում, թե՛ բազմաբնակարան շենքերում, թե՛ փողոցների բարեկարգման եւ կանաչապատման հարցերում։ Իսկ աշխատանքային փորձը եւ անցած ճանապարհը հնարավորություն են տալիս, որպեսզի խնդիրների նկատմամբ ցուցաբերես համալիր մոտեցում։ Հակառակ պարագայում՝ մոտեցումը կլինի շատ դիլետանտ, քանի որ քաղաքապետն իրավունք չունի ասելու, թե ես միայն սրանով եմ զբաղվելու։

-Եթե Երեւանի քաղաքապետն ընտրվի ոչ այսօրվա իշխող կուսակցությունից, ապա նա կարո՞ղ է լուրջ հակակշիռ դառնալ գործող իշխանությանը։

-Ես չեմ ուզում նման մոտեցում ցուցաբերել։ Այստեղ չկա իշխանության հակակշիռ, հակադրվելու խնդիր։ Երեւանը մեր մայրաքաղաքն է, յուրաքանչյուր ոք պատկերացնում է իրեն Երեւանի համար ինչ-որ բան անելիս։ Ես չեմ պատկերացնում, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը պետք է աղբահանությունն ավելի ջանադիր կկատարի, քան ոչ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, ապա յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ծրագրերը, եւ այդտեղ հնարավոր են որոշակի տարաձայնություններ։ Եվ ես կարծում եմ, եթե մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, ապա չպետք է գնանք այն ճանապարհով, որով անցել է ՀՀԿ-ն՝ ամբողջությամբ վերցնել իշխանությունը։ Դա հատուկ է եղել բոլշեւիկներին։ Կարծում եմ, որ բոլորը պետք է գիտակցեն, որ նման երեւույթները բացասական են, քանի որ մենք ապրում ենք բազմակուսակցական երկրում։

Մեկնաբանություն
X