Փաշինյանին ձերբակալելը իրավական հարց էր, Քոչարյանինը՝ քաղաքակա՞ն

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նորմալ է վերաբերվում նրան, որ ԱԺ 45 պատգամավորներ ստորագրում են Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու որոշման համար։ «Որովհետև չտեսնված բան է, երբ որ նախկին նախագահին կալանավորում են, հրավիրում են որպես վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ Դուք մեղադրյալ եք։ Էդ կես ժամվա ընթացքում ի՞նչ փոխվեց, էդ ի՞նչ նոր հանգամանք առաջացավ, որ չգիտեին կես ժամ առաջ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Hraparak.am-ը նկատեց, որ տարիներ շարունակ մամուլը և ընդդիմությունը հենց իրենց էին մեղադրել քաղաքական հետապնդումներ իրականացնելու մեջ, հիմա իրենք են ասում՝ նոր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ստացվում է՝ պատմությունը հիմա կրկնվո՞ւմ է այն, ինչ իրենք են արել հիմա իրենց դեմ է դուրս գալիս։ Շարմազանովն ասաց, որ ինքը նախկինում արտահայտած որևէ կարծիք չի փոխել ոչ Մարտի մեկի իրադարձությունների, ոչ «քաղբանտարկյալների» մասին։

«Ոչ էլ, այո, այն, որ այսօր տեսանելի է, որ Հայաստանում, ես չեմ ակրող ասել՝ դա Փաշինյանի պատվերն է, միգուցե իրավապահները շտապում են, միգուցե ուզում են դուր գալ նոր իշխանություններին, չեմ կարող ասել։ Բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական և անձնական միտումը․․․ հիմա մեկը կարող է ասել վենդետա, մեկը կարող է ասել վրեժխնդրություն, դա որակումների հարց է, բայց ակնհայտ է սա»։

Այնուհետև Շարմազանովը փառք տվեց Աստծուն, որ մենք դեռ ապրում ենք ժողովրդավարական Հայաստանում, որտեղ դեռ կան պատգամավորներ, դեռ կան գործիչներ, ովքեր հանդգնում են գործող իշխանություններից տարբերվող կարծիք հայտնել։ Մեր հարցին՝ իրենց օրոք չկայի՞ն քաղաքական հետապնդումներ, Շարմազանովը չցանակցավ հետ գնալ և խոսել անցյալի մասին։ Ապա կրկնեց․ «Մարտի մեկի կալանքի համար Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքեր չկան»։ Իսկ Նիկոլ Փաշինյանին կալանավորելու հիմքեր կայի՞ն Մարտի մեկի դեպքերից հետո։ «Չեմ կարող ասել, դա իրավական հարց է եղել»,-ասաց ՀՀԿ-ական փոխնախագահը։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X