Ով որ քաղաքական տերմինը կիրառում է, դա մեյմունություն է, ծաղր է Մարտի մեկի զոհերի նկատմամբ

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն, այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով մարտի մեկի գործով վերջին զարգացումների մասին, նախ հիշեցրեց, որ իրենք տասը տարի նյութեր են հավաքել, գրքեր են տպել, ֆիլմեր են նկարահանել, դիմել են եվրոպական և միջազգային կառույցներին, կազմել են բոլոր հնարավոր հանցագործների ցուցակը։ Ըստ Մանուկյանի՝ իրենք ունեն այս պահին բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տվել, որոնցից մեկի ցուցմունքի վրա 2-3 հոգի ձերբակալվել են։

«Մենք ունենք բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել, ունենք բոլոր դատավորների անունները, որոնք թխել են վճիռներ և մարդկանց ճակատագրերն են խեղել»,-ասաց Արամ մանուկյանը՝ նշելով, որ այս ամենի մասին իրենք վերջերս գիրք են տպագրել, որից երկուական օրինակ տրամադրել են նաև ՀՔԾ-ին և դատախազությանը։

Նրա խոսքով՝ իրենց ձեռքի տակ եղած նյութերն այնքան շատ են և հիմնավոր, որ դրանք ամբողջապես ապացուցում են Մարտի մեկի ոճրագործության՝ նախապես համակարգված և կազմակերպված լինելը։ Անդրադառնալով նրան, թե Քոչարյանի ձերբակալության տակ ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, Մանուկյանն ասաց․ «Ուրեմն բոլոր նրանք, որոնք քաղաքական տերմինն էստեղ կիրառում են, մի բառով ասեմ՝ դա մեյմունություն է, ծաղր է էս ժողովրդի նկատմամբ, ծաղր է Մարտի մեկի զոհերի նկատմամբ»։

Hraparak.am-ը նկատեց, թե բանակի ներգրավման հարցում Քոչարյանի կողմնակիցներն էլ մեղադրում են Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նա էր իր ելույթներում հայտարարում, որ այն ժամանակվա պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի հետ է հանդիպել, որ վերջինս իր ԵԿՄ-ով միանալու է իրենց և այլն, նաև պնդում են, որ այս գործով առնվազն որպես վկա պետք է անցնի նաև Լևոն տեր-Պետրոսյանը, ինչո՞ւ ոչ, նաև Նիկոլ Փաշինյանը։

Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց․ «Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել, ես կարծում եմ՝ ուրախ պետք է լինել ներկայանալու, տեղեկացնելու, նյութեր տալու, աջակցելու ինչով որ կարող է։ Համոզված եղեք, Մարտի մեկի բացման համար ամենաշահագրգիռ անձը Լևոն Տեր-Պետրոսյանն է»։ Նա նաև ասաց, որ բոլոր նրանք, որոնք Մարտի մեկին ծեծվել են և մեղադրյալի կարգավիճակում են եղել այդ ժամանակ, այսօր կանչվում են ՀՔԾ և ցուցմունք են տալիս ու արդեն նաև տուժողի կարգավիճակ ստանում։ Ինչ վերաբերում է բանակի ներգրավման փորձին Տեր-Պետրոսյանի կողմից, Մանուկյանն այսպես արձագանքեց․ «Եթե հիշում եք, էդ օրերին շատ քաղաքական գործիչներ արդեն անցնում էին շարժման կողմը, ու նաև դա էր Քոչարյանի համար առիթ, որ ուժ կիրառի»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X