Ապրիլյան պատերազմի զոհված հերոսների հայրերը աշխատանք են խնդրել մարզպետից

Օրերս Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն ընդունել է քառօրյա պատերազմում ընկած 3 հերոսների՝ Հրաչ Գալստյանի, Աշոտ Շահբազյանի և Ալեքսան Առաքելյանի ծնողներին, ովքեր մարզպետին են դիմել աշխատանքի հարցով: Ուշագրավը սակայն այն է, որ ըստ մարզպետարանի տարածած հայտարարության, հերոսների ծնողներին աշխատանքի տեղավորելու հարցը միանգամից չէ որ լուծում է ստացել, այլ՝ մարզպետը հանձնարարել է ճշտել թափուր տեղերի մրցույթին մասնակցելու իրավասության, ինչպես նաև այլ թափուր աշխատատեղերում հնարավոր զբաղվածություն ունենալու վերաբերյալ հարցեր:

Այսքանով սահմանափակելով հերոսների հայրերին աշխատանքի տեղավորելու մասին տեղեկությունը, անդրադարձ է արվում մարզպետին դիմած երիտասարդ գործազուրկներին: Նրանց համար նշվում է. «Պարոն մարզպետը տեղեկացրեց, որ առաջիկայում ևս թափուր տեղեր կլինեն և ավելի շատ մրցույթներ կհայտարարվեն, մնում է միայն լավ պատրաստվել մրցույթներին, որ խնդիր չառաջանա մրցույթի որևէ փուլ չհաղթահարելու հարցում, քանզի մրցույթներն ի տարբերություն նախկինում անցկացված մրցույթների լինելու են շատ ավելի թափանցիկ և խիստ վերահսկելի»: Ինչևէ, առաջիկայում փորձ կանենք ճշտելու՝ անցել են աշխատանքի հերոսների հայրերը եւ ինչ մրցույթների մասին է խոսքը, որոնք վերաբերում են աշխատանքի ընդունվելուն: Հիշեցնենք, որ գյումրեցի 34-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանը զոհվել էր Ջեբրայիլի բարձունքի համար մղված թեժ մարտերի ժամանակ:

Հայրը՝ Գևորգ Առաքելյանը, նույնպես զինվորական է եղել: Ալեքսանը կնոջ եւ ծնողների խնամքին է թողել 2 անչափահաս երեխաներին: Գևորգ Առաքելյանը մեզ հետ հետ զրույցում բազմիցս դժգոհել է՝ նեղսրտելով, որ պետությունն ըստ արժանվույն չի գնահատում իր հերոսներին, անգամ որդու գերեզմանն իր ուժերով է սարքել, իսկ Ալիկի երկու երեխաներից ոչ մեկին անգամ դպրոց գնալիս պատկան մարմինները չեն հիշել. «Մի գրիչ տված չկան…»,-նշել է նա: Թալիշում նահատակված գյումրեցի ավագ լեյտենանտ 25-ամյա Հրաչ Գալստյանի ծնողների հետ են ապրում Հրաչի ընտանիքը՝ կինն ու 2-ամյա դուստրը՝Անահիտը, որը նրանց խնամքին է: Փոքրիկը ծնվեց հոր մահից մեկ ամիս անց: Կինը՝ Անուշը, որ Արցախից էր, տեղափոխվեց Գյումրի, եւ հիմա սովորում է Շիրակի պետական համալսարանում։ Ախուրյանցի 22-ամյա ավագ լեյտենանտ (հետմահու կապիտան) Աշոտ Շահբազյանի հայրը ազատամարտիկ է եղել:

Աշոտ Շահբազյանը կրում էր հոր՝ Կարապետ Շահբազյանի հորեղբոր որդու անունը, ով 90-ականներին կրկին Արցախյան մարտերի զոհ է եղել: Շահբազյանները պատմում են, որ Աշոտի հայրը եւ հորեղբայրները վեց հոգով 90-ականներին մասնակցել են Արցախի ազատագրական մարտերին, բոլորը զոհվել են: Ողջ է մնացել միայն Աշոտի հայրը, վերջինս էլ իր որդիներին կոչել է Շահբազյան տոհմի հերոսների անուններով: Հ. Գ. Հերոսների հերոս հայրերը գործազուրկ են, աշխատանք են խնդրում մարզպետից:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X