18 տարի անց նոր ուրախություն հրազդանցիների համար. տեսանյութ, լուսանկարներ

>

70-80-ական թվականների սերունդները խանդաղատանքով են հիշում Հրազդան քաղաքի իրենց մանկության եւ պատանեկության տարիների քաղաքային զբոսայգին՝ Միկրոշրջանի լողավազանը: Այգին 90-ականների քաղաքի հպարտությունն էր, որտեղ ժամադրվում էին սիրահարները, դպրոցից հետո այնտեղ էին շտապում աշակերտները, հետ չէին մնում նույնիսկ տարեցները: Բայց այդ ամենը միայն մինչև 1995թ-ը, որից հետո այգու տարածքը Հրազդանի քաղաքապետարանի «թեթեւ ձեռքով» սեփականաշնորհվեց: Սեփականատերն էլ զբոսայգին բանկում վարկի դիմաց գրավադրեց եւ անհետացավ: 2000թ-ին բանկը աճուրդի հանեց այգին, որը գնեց հրազդանցի գործարար Ծովինար Մաթևոսյանը:

Նոր սեփականատերը չորս կողմից պարսպապատել էր զբոսայգու տարածքը` ներսում շինություն կառուցելու նպատակով: Շուրջ 18 տարի այգու դռները կողպած մնացին, իսկ գալիք սերունդը զրկվեց զբոսայգի ունենալու հնարավորությունից: Որքան մեծ էր մեծահասակների եւ փոքրիկների ուրախությունը, երբ երեկ՝ օգոստոսի 12-ին, այգու դռները բաց տեսան: Սեփականատերը վերջապես որոշել է այն շահագործել եւ կրկին որպես զբոսայգի ծառայեցնել: Այգին վերանվանվել է «Միասնության զբոսայգի»:

Միայն թե առայժմ նախկին հմայնքը բացակայում է. լողավազանը դատարկ է, նավակների փոխարեն երեխաները հեծանիվ են վարում, մանկական խաղերի նմուշները նույնպես աղքատիկ են: Սեփականատեր Ծովինար Մաթևոսյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում վստահեցրեց. «Որոշել եմ՝ այսքան տարվա դադարից հետո զբոսայգին գործելու է, բայց այս տարի ջուր չկարողացա լցնել, մեծ գումարների հետ է կապված, եկող տարի կլցնեմ, խաղեր կբերենք, տարածքը կզարգացնենք ու կհարստացնենք: Մի քիչ ֆինանսավորում է անհրաժեշտ՝ կամ վարկի տեսքով կամ դրամաշնորհի»,-ասաց նա: Ինչևէ, հրազդանցիները ոգևորված են, հույսը մեծ է, որ նախկին ավանդույթն ի վերջո վերականգնվելու է, քաղաքը զարթոնք է ապրում:

Նշենք, որ այս զբոսայգու տարածքի հետ կապված մի քանի տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ: Զբոսայգու ներսում էր գտնվում Արցախյան պատերազմի հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրին, որը տարածքի հետ դարձել էր սեփականատիրոջ ունեցվածքը: Միայն հրազդանցիների համառ ջանքերի եւ խնդիրն անընդհատ բարձրաձայնելու շնորհիվ քաղաքային իշխանությունը քայլեր ձեռնարկեց, եւ շուրջ 3 տարի է՝ արձանը զբոսայգու տարածքից տեղափոխվել է Հրազդանի զինկոմի բակ:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X