Իրավունք

Կասեցրել են Փաշինյանի փաստաբան-խորհրդականի արտոնագիրը

Փաստաբանների պալատը որոշել է կասեցնել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագիրը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Բաղդասարյանը նշեց, որ ինքը որոշումը չի ստացել, բայց դրա մասին լսել է․ «Ես Փաստաբանների պալատին ներկայացրեցի, որ չեմ համարվում պետական ծառայող, այսինքն՝ չեմ հանդիսանում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ։ Նման որոշում կայացնելը վտանգավոր է ոչ թե միայն նրա համար, որ իմ անձի հետ է կապված, այլ ընդհանրապես, որովհետեւ ինչ է ստացվում, երբ դու հասարակական հիմունքներով ինչ-որ մի տեղ գործունեություն ես իրականացնում, դա նշանակում է, որ վճարովի չի այդ ծառայությունը։ Ճիշտ է՝ վերջին շրջանում ես ակտիվ չեմ զբաղվում փաստաբանությամբ, բայց կայացրած որոշումը, հիմնավորումը, որն իրենք ներկայացրել են, որ որոշ հոդվածների համաձայն հանդիսանում է հանրային ծառայող, հակառակը՝ ես ներկայացնում եմ կոնկրետ հոդվածներ, որ ես պաշտոնատար անձ չեմ, չեմ կարող հանդիսանալ որպես հանրային ծառայող, իրենք որեւէ հոդված, օրենքի պահանջ չներկայացնելով կամայականորեն, հավաքվելով էն անձինք, որոնք հետս անձնական խնդիրներ ունեն, որոշում են կայացնում իմ արտոնագիրը կասեցնելու։ Սա՞ է Փաստաբանական պալատի նախագահի, խորհրդի անդամների էն մոտեցումը, որն իրենք ուզում են իբր փաստաբանների շահերը պաշտպանել։ Իրենք չեն ուզում փաստաբանների շահերը պաշտպանել, իրենք ուզում են իրենց անձնական շահը առաջ տանել»։

Բաղդասարյանի խոսքով՝ ենթադրում է, որ պալատի նախագահը դիմել է խորհրդին՝ նման որոշում կայացնելու, իրեն ուղարկել են պալատի աշխատակազմի ղեկավարի անունով մի գրություն, որով տեղեկացրել են, որ արտոնագիրը պետք է կասեցնեն․ «Իրենք իրենցով որոշել են, որ ես հանդիսանում եմ պետական ծառայող։ Սա ընդամենը անձնական, չկամության խնդիր է։ Ցավում եմ, որ իրենք չհասկացան, որ սա պետական մտածելակերպ ունենալու խնդիր է։ Իրենք պետք է փաստաբանական պալատի շահը ավելի վեր դասեին, քան իրենց անձնական շահը»։

Փաստաբանը այս հարցով պատրաստվում է նաեւ դատարան դիմել․ «Պարտադիր դիմելու եմ, էդտեղ խնդիր չկա։ Չեմ հասկանում՝ ինչի են էդ որոշումը կայացրել, որովհետեւ ես ներկայացրել եմ պետական մարմինների կողմից տրված թուղթ, որ ես չեմ հանդիսանում պետական աշխատող»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X