Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ.ՄԻՊ

Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում նրանց մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ, այդ անձանց փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ հասարակական ոչ ճիշտ պատկերացումներ: Այս ամենին նպաստող գործոններից են նաև պաշտոնատար անձանց հայտարարությունները: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարությունում։

«Հանցավորության դեմ պայքարն, իհարկե, պետության կարևորագույն հանձնառություն է: Այն կոչված է ապահովելու մարդու իրավունքներն ու ազատությունները հանցավոր ոտնձգություններից:

Այս հիմնարար խնդիրը, սակայն, նպատակին կարող է ծառայել բացառապես այն դեպքում, երբ պահպանվեն այդ գործընթացի իրավական բոլոր սկզբունքները: Դրանցից շեղումը չի կարող արդարացվել անգամ հանցավորության դեմ պայքարի իրավաչափ նպատակով:

Քրեական գործով ցանկացած ընթացակարգի անկյունաքարային պահանջ է անմեղության կանխավարկածի՝ որպես արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի պահպանումը: Սա ենթադրում է, որ բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ձեռնպահ մնալ անձի մեղավորության մասին կանխակալ ու վաղաժամ գնահատականներից՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության պայմաններում:

Իրենց հայտարարություններում առանձնապես պետք է զգույշ լինեն այն անձինք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոն, ում քաղաքացին ընկալում է պետության, հատկապես՝ հանցավորության դեմ պայքարի ոլորտի ներկայացուցիչ: Ընդ որում, որքան բարձր է անձի պաշտոնն ու ստանձնած պատասխանատվությունը, այնքան ավելի բարձր են պահանջները նրա վարքագծի ու խոսքի նկատմամբ:

Անթույլատրելի են նաև պետական մարմինների կողմից իրավական բովանդակությունից զուրկ և քրեական վարույթին առնչություն չունեցող այնպիսի ձևակերպումներն ու գնահատականները, որոնք կարող են հասարակության մոտ զգայական արձագանքներ առաջացնել կամ անմիջականորեն նպաստել դրանց ձևավորմանը:

Սրանք արդար դատաքննության իրավունքի կարևորագույն բաղադրիչի՝ անմեղության կանխավարկածի պահանջներն են: Դրանց չպահպանումը կարող է արժեզրկել հանցավորության դեմ պայքարի նպատակները և խաթարել արդարադատության ողջ գործընթացը:

Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի հետ կապված ուսումնասիրությունները վկայում են, որ պաշտոնատար անձինք անում են հայտարարություններ ու տալիս գնահատականներ, որոնք ակնհայտորեն առաջացնում են անձի մեղավորության՝ որպես հաստատված փաստի վերաբերյալ հասարակական ընկալումներ այն պայմաններում, երբ առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Արդյունքում, առաջանում է հանրային բարձր ճնշում դատարանի նկատմամբ:

Սա այն գործոններից է, որ նպաստել է նաև փաստաբանների մասնագիտական աշխատանքի վերաբերյալ սխալ ընկալումների ձևավորմանը, սոցիալական մեդիայում փաստաբաններին ուղղված վիրավորական մեկնաբանություններին ու նույնիսկ սպառնալիքներին: Այսպիսի մեկնաբանություններ են արձանագրվել նաև իրավապաշտպան գործունեություն իրականացնող մի շարք անձանց կողմից:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փաստաբանը ներկայացնում ու պաշտպանում է անձի, ում պետությունը կասկածում կամ մեղադրում է կոնկրետ, բայց ենթադրյալ հանցանքի կատարման մեջ։ Փաստաբանի առաքելությունն է այդ անձի համար քրեական վարույթի ընթացքում ապահովել որակյալ իրավաբանական օգնություն, իրավական պատշաճ պաշտպանություն մեղադրանքից։ Սա որևէ կերպ չի նշանակում, թե փաստաբանն արդարացնում է հանցագործությունները կամ ապահովում անպատժելիություն։ Փաստաբանի մասնագիտական գործունեությունն ուղղված է հնարավոր ապօրինի հետապնդումից կամ ապօրինի ազատազրկումից յուրաքանչյուրի պաշտպանությանը։

Դիտարկումը վկայում է, որ առկա են նման ընկալումների խորացման վտանգավոր միտումներ՝ առավել ևս հաշվի առնելով, որ ակնհայտորեն ավելացել է այն անձանց թիվը, ովքեր ընգրկված են սոցիալական ցանցերում քննարկումներին: Ընդ որում, զգալի թիվ են կազմում նաև առերևույթ կեղծ օգտատերերը, ում մեկնաբանություններն առանձնանում են ագրեսիվությամբ: Այս ամենն իր հերթին հանգեցրել է այլակարծության հանդեպ անհանդուրժողականության խորացման:

Միջազգային իրավաբանությունը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեծ պատասխանատվություն է դնում պետությունների վրա նման իրավիճակ թույլ չտալու համար: Անգամ, եթե պետությունն ինքը չի նպաստել հասարակական կանխակալ ընկալումների ձևավորմանը, միևնույնն է՝ այդպիսի իրավիճակի դեպքում պարտավոր է համապատասխան մարմինների միջոցով գործադրել առավելագույն ջանքեր իրավիճակը մեղմելու համար:

Ի վերջո, պետք է հիշել, որ վերը նկարագրվածը կարող է դրվել քրեական գործին ներգրավված անձանց իրավունքների խախտումներ արձանագրելու հիմքում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել նաև քրեական հետապնդման ենթարկվող կամ ենթարկված անձի արդարացման»,– ասվում է հայտարարությունում:

Մեկնաբանություն
X