Ռեստորաններում գների բարձրացում է նկատվում

Հայաստանում այս ամիսներին, որոնք համընկան հետհեղափոխական շրջանի հետ, տարբեր պատճառներով էժանացան որոշ ապրանքներ, մասնավորապես՝ բանանն ու շաքարավազը։ Սրանք այն ապրանքներն են, որոնք գտնվում են մենաշնորհային դաշտում։ Բայց ապրանքներ էլ կան, որոնք այդ նույն ընթացքում թանկացան, օրինակ՝ ծխախոտը, տարբեր պարենային ապրանքներ, նաև գյուղմթերքը։ Սրանցից զատ՝ թանակցումներ են սկսվել և դեռ սպասվում են ռեստորաններում։ Մենք գրել էինք, որ ռեստորանատերերը դժգոհում են ՊԵԿ-ի հարկային քաղաքականություինից և որդեգրած մոտեցումներից, քանզի հարկայինը զբաղված է միայն տնտեսվարողներին տուգանելով, խաղի անհասկանալի և բարդ կանոններ պարտադրելով, ստուգում-շոուներ կազմակերպելով։

Եթե կարճ ձևակերպենք խնդիրը, ապա հարկային նոր օրենսգրքի և ՊԵԿ-ի թելադրած խաղի նոր կանոնների արդյունքում ռեստորանային բիզնեսում կտրուկ ավելացել են հարկային պարտավորությունները, նաև հարկային վարչարարոսւթյանը զուգահեռ՝ խստացվել են տույժ ու տուգանքները։

Արդյունքում, կարելի է ասել, հարկայինն առիթից օգտվում և մասսայաբար տուգանում է։ Մինչդեռ, փոքր ու միջին ձեռնարկատերերը դեմ չեն աշխատել նոր պայմաններով և լրիվ օրինական դաշտում, միայն թե գան կոմպրոմիսի և ժամանակ ունենան փոփոխություններին։ Բայց կարծես թե ՊԵԿ-ը շարունակում է նույն ոճով։ Արդյունքում արդեն մի շարք ռեստորաններում այս օրերին նկատելի են գների փոփոխություններ՝ ի վնաս սպառողի։ Ռեստորանատերերը փոխում են իրենց գնացուցակն ու թանկացնում մենյուն, քանի որ հարկային պարտավորությունների կտրուկ ավելացումն ու ավելացման հետագա միտումը՝ մինչև տասը տոկոս, թույլ չի տալիս ապահովել իրենց նվազագույն շահույթը ցածր գներով։ Սրան գումարվում է նաև գնաճը գյուղմթերքի և պարենային ապրանքների ոլորտում, ինչը ևս նպաստում է ռեստորաններում գների բարձրացմանը։ Սրանից զատ՝ արդեն կամուկացի մեջ են հայտնվել տեղական և օտարերկրյա այն ներդրողները, որոնք մտադրություն ունեին իշխանափոխությունից հետո ներդրում կատարել փոքր ու միջին բիզնեսում, այդ թվում՝ ռեստորանային։ Սպասում են՝ հարկային քաղաքականության, ինչպես նաև հարկային օրենսգրքի փոփոխությանն ու կոմպրոմիսային լուծումներին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X