Ծառուկյանին թույլ չեն տվել օդորակիչներ մտցնել կալանավայր

Ինչպես հայտնի է, ավելի քան մեկ ամիս է՝ ձերբակալված է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը։ Պատճառը Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու հանգամանքն է, որի մասին ցուցմունք էր տվել տուժողը՝ Հարությունովը, բայց հետո փաշմանել ու հետ էր վերցրել ցուցմունքը։ Էդուարդ Բաբայանն այժմ պահվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Փաստաբաններն ու ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները տևական ժամանակ է՝ պայքարում են Բաբայանի ազատ արձակման, կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու ուղղությամբ, բայց ապարդյուն։ Բաբայանը ոչ մի կերպ չի խոստովանում այն, ինչի մեջ մեղադրվում է, քննիչներն էլ ապացույցներ ունեն հակառակի մասին, բացի այդ, ասում են, որ «Օլիմպավանում», որտեղ տեղի է ունեցել դեպքը, տեսախցիկներ են եղել, սակայն պաշտպանական կողմը դեպքից հետո վերացրել է այդ տեսախցիկների տեսագրությունը, այսինքն՝ ոչնչացրել է ապացույցները։

Մենք տեղեկացանք, որ Բաբայանի կալանավորումից հետո Գագիկ Ծառուկյանն իր միջոցներով օդորակիչներ է փորձել ուղարկել «Վարդաշեն» ՔԿՀ, որպեսզի դրանք տեղադրվեն թե՛ Էդուարդ Բաբայանի, թե՛ մյուս կալանավորների խցերում, քանի որ ամռան այս տապին կալանավայրում շոգն ուղղակի անտանելի է։ Ճիշտ է, օդորակիչներ ուղարկելու առիթը Բաբայանի՝ այնտեղ գտնվելն էր, և Ծառուկյանը ցանկացել է իր թիկնազորի պետի համար քիչ թե շատ տանելի պայման ապահովել բանտում, բայց որպեսզի չստացվի՝ միայն Բաբայանի համար է նման «արտոնյալ» պայման ապահովվում, Ծառուկյանը որոշել է մյուս խցերը ևս օդորակիչով համալրել։ Ընդ որում, խոսքը ոչ թե պատի մեջ ամրացվող օդորակիչների մասին է, այլ գետնին տեղադրվող և ջրով հովացվող, այսինքն՝ պատ ծակելու և լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք չի պահանջվում։

Բայց ՔԿՀ ղեկավարությունը թույլ չի տվել։ Ծառուկյանն այս հարցով դիմել է արդարադատության նախարարին, սակայն նախարար Արտակ Զեյնալյանը ևս մերժել է նրան, ասել է՝ թող բավարարվեն այն պայմաններով, որն ապահովում է քրեակատարողական հիմնարկը կալանավորների համար։ Իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ն, բնականաբար, կալանավորների համար օդափոխման բավարար պայմաններ չի ապահովում, և խցերում ուղղակի անտանելի տոթ է և շոգ։ Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը Hraparak.am-ի հետ զրույցում օդորակիչների մասով նախ ասաց․ «Ես չեմ տիրապետում նման ինֆորմացիայի»։ Ապա ավելացրեց․ «Բայց էդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում, ասենք՝ ի՞նչ վատ բան է, եթե մարդու մտքով անցել է օգնի, որ մարդիկ էս շոգի պայմաններում մի քիչ ավելի լավ զգան իրենց»։

Ինչ վերաբերում է ապացույցները ոչնչացնելուն, Մելքոնյանն ասաց․ «Դա իրականության հետ որևէ աղերս չունի, դեռևս դեպքից մեկուկես ամիս առաջ էդ տեսագրող սարքավորումները հանվել են, որովհետև չեն աշխատել, և դա ոստիկաններն են պարզել։ Զովունիում ինչ-որ դեպք է եղել, ոստիկանները եկել խնդրել են, որ էդ տեսաձայնագրությունները նայեն, բացել տեսել են, որ չեն աշխատում, և ոստիկանության համապատասխան աշխատակիցներ կան, որոնք դրանց ականատես են։ Դրանից հետո «Օլիմպավանի» տնօրինությունը հանել է, որ փոխարինի դրանք նորով, բայց դեռևս փոխարինած չի եղել։ Դա եղել է դեպքից մեկուկես ամիս առաջ։ Մենք շատ կուզենայինք, որ էդ տեսագրությունները իրականում եղած լինեին, որ էդ ամեն ինչին վերջ կդրվեր, գոնե էդ պարագայում արդեն կիմանայինք ճշմարտությունը։ Բայց հիմա ի՞նչ անենք, որ էդպես է եղել»։ Ի դեպ, Բաբայանի փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալին վերջապես հարցաքննել են։ «Էդուարդ Բաբայանի ծննդյան օրը՝ օգոստոսի 9-ին, եկել և հարցաքննել են»,-ասաց նա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X