Իրավունք

Բաբայանի գործով նիստի օրը դեռ հայտնի չէ․ Վճռաբեկը ընդգծումներ է արել

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով նիստի օրը դեռեւս հայտնի չէ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը՝ նշելով, որ դեռ որոշումը չի ստացել։

Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանն ազատ արձակեց առաջին ատյանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Բաբայանին: Միաժամանակ դատարանը բեկանեց առաջին ատյանի վճիռն ու գործն ուղարկեց վերաքննության:

Պաշտպանի խոսքով՝ ինքը այս ընթացքում չի հանդիպել իր պաշտպանյալին, իրենցից յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով, սակայն 2 անգամ հեռախոսազրույց են ունեցել։

Քալաշյանը նաեւ նշեց՝ կարծում է, որ ամեն ինչ պետք է նորմալ լինի․ «Կարծում եմ, որ նորմալ պետք է լինի ամեն ինչ, որովհետեւ Վճռաբեկ դատարանը, որ բեկանել է, նոր քննության սահմաններ է ընդգծել, մասնավորապես՝ գաղտնալսումների թույլատվության եւ կեղտոտ փողերի, հանցակազմի հաստատված լինելու հանգամանքի հետ կապված»։

Հիշեցնենք, որ Առաջին ատյանի դատարանի վճռով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ մի խումբ անձանց դրդելու ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ մեղադրանքով: Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի որոշումը թողել էր անփոփոխ։

Նշենք նաեւ, որ Սամվել Բաբայանը ձերբակալվել էր 2017 թվականի մարտի 22-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին, երբ սատարում էր ՕՐՕ դաշինքին։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X