«Ստեղ սաղս մեր գլխի տերն ենք»

Օգոստոսի 7-ին Երևանի քաղաքապետարանը կտրուկ քայլերի էր անցել։ Մենք գրել էինք, որ քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները Հանրապետության հրապարակում խաղալիքներ, փուչիկներ և քաղցր բամբակ վաճառողներին ստիպել էին իրենց ապրանքները հավաքել, ինչից հետո վիճաբանություն էր սկսվել աշխատակիցների, ոստիկանների և ՏԻՄ ներկայացուցիչների միջև։ Հենց տեղում զրուցել էինք Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյնաի հետ։ Նրա խոսքով՝ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը խորհրդակցություն է հրավիրել, որի նպատակն է եղել գործողություններ ձեռնարկել մայրաքաղաքում ապօրինի բացօթյա առևտրի կանխարգելման ուղղությամբ: Խորհրդակցությանը ներկա են եղել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արտակ Պողոսյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի աշխատակազմի վարչության պետեր, համապատասխան բաժինների աշխատակիցներ, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերի տեղակալներ:

Քաղցր բամբակների վաճառակետերի մասով Թովմասյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դրանք չեն համապատասխանում սանիտարահիգիենիկ և անվտանգության նորմերին, սարքերը աշխատում են անհայտ պարունակությամբ գազի բալոններով, որոնք անվտանգ չեն և կարող են պայթել։ Նույնիսկ զբոսաշրջիկներից բողոքներ են ստացել, որ դրանցից օգտվելուց հետո իրենց առողջական վիճակը վատթարացել է։ Հարցրել էինք, թե այդ դեպքում խաղալիքները ինչու են ստիպում հավաքել, Թովմասյանը պատասխանեց, որ օրենքով փողոցում թույլատրվում է վաճառել միայն ծաղիկներ, զովացուցիչ ըմպելիքներ և պաղպաղակ՝ այն էլ հատուկ սառնարաններում։

Վիճաբանությունից հետո փողոցային առևտրականները նորից դասավորել էին իրենց ապրանքները հրապարակում և շարունակել վաճառքը։ Երեկ կրկին զրույց ունեցաք Հանրապետության հրապարակում տարբեր ապրանքներ վաճառող քաղաքացիների հետ։ Նրանց խոսքով քաղաքապետարանի աշխատակիցներն ու ոստիկանները իրենց հանգիստ չեն տալիս, պարբերաբար ստիպում են ապրանքները հավաքել։ Նրանցից յուրաքանչյուրը փողոցային առևտրով զբաղվելու, և ինչպես քաղաքապերանաի աշխատակիցներն էին ասում , գործող օրենքը խախտելու իրենց պատճառաբանությունները բերեցին։ Բանն այն է, որ նրանցից շատերի պնդմամբ դա իրենց ապրուստ վաստակելու միակ միջոցն է․

«Ես 17 տարի աշխատել եմ ոստիկանության համակարգում, 1993 թվականին Ղարաբաղում մասնակցել եմ մարտական գործողությունների, ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ծանր աշխատանք չեմ կարողանում անել, 2-րդ կարգի հաշմանդամ եմ(իմիջիայլոց ցույց տվեց դրանք հավաստող փաստաթղթերն ու զինվորական գրքույկը)։ Մեծ աղջիկս սովորում է համալսարանում՝ վճարովի։ Ո՞վ չէր ուզի, որ մի լավ աշխատանք լիներ, գնար, աշխատեր, բայց իմ աղողջական վիճակով ես միայն սա եմ կարողանում անել»,- ասաց խաղալիքներ վաճառող քաղաքացիներից մեկը։

Մյուս առևտրականն էլ պատմեց, թե ինչպես է այդ խնդրով մտել քաղաքապետարան և ապշեցուցիչ պատասխան ստացել համապատասխան պաշտոնյայից․

«Ցավդ տանեմ, ես սովորելու հետ միշտ էլ սեր չեմ ունեցել, իմը աշխատելն ա ՝ ստեղ առնել, էնտեղ՝ ծախել։ Լավից- վատից ապրում եմ, փառք Աստծո՝ երեխիս փորը կուշտ, տակը՝ չոր։ Էս ա, էս փուչիկները «Փեթակից» առնում, բերում ծախում եմ։ Մի անգամ էս խնդրով մտա քաղաքապետարան, ասի՝ ո՞նց էս խնդիրը լուծենք, ընձի ասեց՝ գնա գողություն արա, ապրի»։

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաև տարածքը հսկող ոստիկաններից մեկի հետ։ Նրա խոսքով տարածքի առևտրականների մեծ մասը կոնկրետ «գործատու» ունի․

«Տես՝ իրանք ասում են ապրուստի միակ միջոցն ա, համաձայն եմ, կարող ա՝ կան մարդիկ, որոնք իրոք իրանց համար են աշխատում, բայց ես գիտեմ, որ ստեղի առևտուրը մի հոգու ա պատկանում, օրվա վերջում տանում, իրենց աշխատած գումարը տակլիս են մի հոգու։ Դրա վերաբերյալ ահագին աշխատանքներ են արվել, բայց ապացույցներ չկան»,- ասաց ոստիկանը։

Ի դեպ, առևտրականներից մի քանիսին հարցրինք, թե ո՞ւմ համար են իրենք աշխատում, բոլորը միաբերան պնդեցին՝ «ստեղ սաղս մեր գլխի տերն ենք»։

Մեկնաբանություն
X