Փողոցային առևտրի դեմը չեն կարողանում առնել

Մայրաքաղաքի կենտրոնում փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիներին Երեւանի քաղաքապետարանը ոստիկանության հետ ստիպում է հավաքել ապրանքները և այլևս չզբաղվել առևտրով:

Քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հրահանգով և ոստիկանության հետ խորհրդակցությունների արդյունքում որոշվել է մայրաքաղաքի կենտրոնում արգելել փողոցային առևտուրը:

Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչության պետի տեղակալ Արմեն Թովմասյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ քննարկումները շարունակվում են․ «Վերջնական քննարկումներ չկան, մենք պայքարում ենք, ուզում ենք, որ օրենքով սահմանված վայրերում, կոնկրետ հրապարակում արգելվում է բացօթյա առեւտուրը, բայց իրենք պնդում են, որ մենք ապրելու խնդիր ունենք, պետք է աշխատենք, երեխա ենք պահում, բայց օրենքով չի թույլատրվում, որ սահմանված վայրում առեւտուր կատարեն։ Հիմա մենք ամեն օր շուրջօրյա պայքարում ենք, որպեսզի այդ երեւույթը վերացնենք, բայց իրենք համառորեն պայքարում են, որ առեւտուրը իրականացնեն։ Երեկ էլ ենք մենք ոստիկանության հետ միասին եղել հրապարակում, ոչինչ չի ստացվում, մենք խնդրում ենք, հորդորում ենք, որ սպասեք կլինի համապատասխան որոշում, հանձնարարություն, միեւնույն է դա չի ազդում իրենց վրա»։

-Մաշտոցի պողոտայում եւս փողոցային առեւտուրը կատարվում է, դա՞ էլ է արգելված վայր նման առեւտրի համար։

-Այո, նույնը, ամբողջ քաղաքում այդ բացօթյա առեւտրի դեմ պայքարում ենք, որովհետեւ դա խոչընդոտում է մարդկանց քայլը, չեն կարողանում այդ մայթերով քայլեն, անցնեն։ Համենայնդեպս, մեկն ասում է՝ թող մարդիկ վաճառեն, ապրեն, մյուսն ասում է՝ սիրուն չի, մեր քաղաքը կեղտոտում են, աղտոտում են։ Այդ առեւտրի ժամերից հետո, երբ իրենք գնում են տուն, ահավոր վիճակ է տիրում մայթերին, հետո արդեն «Սանիթեքի» աշխատակիցները ստիպված պետք ա լինեն իրենց թողած կեղտը հավաքեն, որովհետեւ ուրիշ տարբերակ չունեն։

-Ի վերջո, ելքը ո՞րն է լինելու, նրանք պատճառաբանում են, որ սոցիալական խնդիրներ են լուծում։

-Մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, բայց օրենքը հիմա ասում է, որ դա արգելված է։ Այդ հարցի լուծումը օրենսդրական փոփոխություններն են։

-Այսինքն՝ թույլատրվի՞ որոշակի վայրերում զբաղվել առեւտրով։

-Ինչ-որ էսքիզային տարբերակներ մշակվի, կառավարություն ներկայցվի, որ սահմանված վայրում թուլատրվի, որ մարդիկ առեւտուրը իրականացնեն։ Բայց դա պետք է լինի օրենսդրական փոփոխությունից հետո։ Էս պահին դա արգելված է։ Հետո այդ հրապարակում վաճառում են տարբեր սննդամթերքներ, գազի բալոններով բամբակ են արտադրում, հենց փողոցում արտադրում են այդ փոշու եւ կեղտի հետ միասին, վաճառում են մալմալադներ, ադիբուդի։

-Առեւտրականները կարծես չեն պատրաստվում զիջել, օրենքով սահմանված կարգով ի՞նչ սանկցիաներ կարող եք կիրառել։

-Օրենքն ասում է՝ եթե իրենք չեն համաձայնվում օրինական պահանջների հետ, պետք է արձանագրվի եւ վարչական տույժի ենթարկվի, բայց մենք այդ քայլին չենք գնում եւ գիտենք, որ լավ վիճակում չեն, բայց մենք էլ կատարում ենք մեր աշխատանքը։ Եթե մարդկանց չհորդորենք, կնշանակի, որ մենք էլ մեր աշխատանքի մեջ ենք թերանում։ Համենայնդեպս, ուզում ենք հասնել մի կետի, որ համ քաղաքացուն լավ լինի, համ էլ մեր աշխատանքը չխոչընդոտվի։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X