Իմ կողմից որևէ քաղաքական գնահատական չի լինելու․ Սամվել Ֆարմանյանը՝ քրոջը կալանավորելու որոշման մասին

Մենք օրերս գրել էինք, որ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Այսօր արդեն հայտնի դարձավ, որ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ Սրան անդրադարձել է ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը։

ՀՀԿ-ական պատգամավորը մասնավորապես նշել է.

  1. «Փաստաբանների կողմից հրապարակման մեջ բերված տեղեկությունները պաշտոնական ճշտման փուլում են։ Մինչեւ լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որեւէ արձագանք եւ քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաեւ քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու։
  2. Ես գտնվում եմ պաշտոնական արձակուրդում։ Եթե մինչ արձակուրդիս ավարտը՝ օգոստոսի 13-ը, ինձ եւս մեղադրանք չառաջադրվի եւ ԱԺ-ն շրջանցելով չկալանավորվեմ (օրինակ, 1926թ. ընդունված ՍՍՀՄ Քրեական օրենսգրքի 58.1 հոդվածով՝ հակահեղափոխական գործունեություն ծավալելու համար), ապա կհանդիպենք մամուլի ասուլիսում։

Հ. Գ. Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կկպնեն այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանուններին, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը»:

Նշենք, որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում որոշում է կայացվել Սամվել Ֆարմանյանի քրոջը մեղադրանք առաջադրել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Մեկնաբանություն
X