Քաղաքականություն

Մարզպետի խոսքը գո՞րծ է. ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ամենասեղմ ժամկետներում մարզում կլուծվի մի շարք խնդիրներ, մասնավորապես՝ Պտղնի և Վերին Պտղնի, Արագյուղ, Ակունք, Գեղադիր, Ողջաբերդ և Հացավան համայնքներում շուտով գործեն վերանորոգված և կահավորված մանկապարտեզներ և մշակույթի տներ: Գողթում, Ջրաբերում, Գետարգելում, Արագյուղում լուծման փուլում են նախակրթարանի և դպրոցների խոհանոցի հարցը, Գեղարդում՝ տրանսպորտի խնդիրը։ Հրազդանում՝ «Եղևնիների պուրակը» շուտով կվերադարձվի քաղաքացուն: Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում հիմնանորոգվեն և վերանորոգվեն ճանապարհներ, որոնց վրա աշխատանքներ չեն իրականացվել տասնամյակներով:

Լեռնանիստում շուտով կմեկնարկի էկոտուրիզմի կենտրոնի նախագիծը: Մարզային ենթակայության 90 դպրոցներից 87-ում սեպտեմբերից ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրով տարրական դասարանների աշակերտների համար կգործի «Տաք սնունդ» ծրագիրը:

Ի դեպ նշենք, որ Հրազդանի քաղաքային զբոսայգին՝ «Եղևնիների պուրակը», տարիներ շարունակ ոչ միայն անտեսվել էր նախկին քաղաքային իշխանությունների օրոք, այլ զբոսայգու որոշակի հատված հյուրանոցի հետ միասին վաճառվել է: Թե ի՞նչ ճանապարհով կլուծվեն այս խնդիրը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:

-Պարո´ն Պետրոսյան, Դուք գրել եք, որ «Եղեւնիների այգին» կվերադառնա հրազդանցիներին, իսկ ի՞նչ ճակատագիր է սպասվում հյուրանոցին, եւ այգու այն հատվածին, որ վաճառվել է:

-Վստահորեն նշում եմ՝ «եղևնիների այգին» կվերադառնա հրազդանցուն, իսկ հյուրանոցի կիսակառույցի ճակատագիրը կքննարկենք դրա սեփականատիրոջ հետ։ Այգու տարածքում օտարված որոշ հատվածներ կան, իսկ այգին առհասարակ վարձակալած կամ ենթավարձակալության հանձնած հատվածներ չունի, համենայն դեպս այդ են վկայում մեր հարցումները համապատասխան ինստանցիաներից։ Այժմ սպասում են պաշտոնական հարցման պատասխանին Կադաստրի Պետական Կոմիտեից։

-Մարզի ո՞ր 3 դպրոցներն են, որ չեն ընդգրկվել «Տաք սնունդ» ծրագրում, եւ ինչո՞ւ:

-3 դպրոցներ, որոնց շենքային և տարածքային պայմանները բացարձակապես ոչ մի հնարավորություն չտվեցին որևէ կերպ ծրագիրը ներդնելու, քանի որ ծրագրի իրականացումը ենթադրում է խոհանոցային մինիմալ անկյունի կահավորում, ճաշասրահ և փոքրիկ պահեստային մաս։

-Մարզում քանի՞ դպրոցներում չկա խմելու ջուր եւ սանհանգույց:

-Խմելու ջուր և սանհանգույց, որպես այդպիսիք կան բոլոր դպրոցներում, սակայն հարցը նրանումն է, թե ինչ վիճակում է այդ սանհանգույցը կամ ջրի ծորակն ու հորդող ջրի որակն ու մատակարարման պարբերականությունը։ Կարող եմ ասել, որ այս պահին շուրջ մեկ տասնյակ դպրոցներում «Տաք սննդի» ծրագրի մեկնարկով պայմանավորված հիմնանորոգվում են ճաշարանային այդ հատվածները՚ զուգահեռաբար բարելավելով ջրամատակարարման համակարգի այդ մասը, ինչպես նաև մի քանի դպրոցներում սեփական խնայողությունների հաշվին հիմնանորոգվում են սանհանգույցները կամ նորն են կառուցվում: Գյուղական 1 դպրոց է, որի սանհանգույցը դրսում էր, այժմ հարմարեցվում է շենքից մուտք գործելուն։

-Մարզպետարանի կողմից ֆինանսական աջակցություն կլինի՞ Նոր Երզնկա, Սարալանջ, Բուժական համայնքներում ճանապարհների վերանորոգման համար, թե համայնքը պետք է լուծի այդ խնդիրը լուծի իր միջոցներով:

-Բոլոր նշված համայնքներում ճանապարհի հիմնանորոգումն իրականացվելու է կարճաժամկետ պլանում, ՏԻՄ միջոցներով, որոնց մի մասն ինքը ՏԻՄ-ն է կատարում սեփական խնայողություններով, մյուսի մասով էլ մենք համայնքի ղեկավարի հետ համապատասխան մասնագիտական հսկողության շրջանակներում կատարել ենք առաջնահերթությունների վերաբաշխում։ Արդյունքում կարող եմ փաստել, միջոցներն ու դրանց աղբյուրներն այս պահին նշմարված են։

-Ստուգումների հետ կապված կարո՞ղ եք ներկայացնել այն խախտումները, որոնք հայտնաբերվել մարզպետարանի կողմից:

-Խախտումների մասով խնդրում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի ինստիտուտը։

-Մինչ օրս մարզում քանի՞ քաղաքացիներ են եկել ընդունելիության, եւ ինչպիսի՞ խնդիրներով:

-Վերջին 2 ամիսներին ինձ մոտ ընդունելության են եկել ավելի քան 600 քաղաքացիներ, որոնց գերակշիռ մասը ֆինանսական օգնության նպատակով, ցավով եմ փաստում դա։ Մի ստվար զանգված էլ եկել է վերջին տարիներին (նույնիսկ որոշ դեպքերում տասնամյակի վաղեմության) բողոքի ձայնը բարձրացնելու և վերականգնելու իր ոտնահարված իրավունքները տարբեր պետական ու կառույցների ու տեղական ինքնակառավարման մանր ու միջին օղակների նկատմամբ։ Որպես կանոն, չենք թողնում ոչ մի բարձրացված հարց, եթե իրավական դաշտում ոչինչ չենք կարող ձեռնարկել, ի զորու չենք լինում, ապա առնվազն խորհրդատվություն կատարում ենք քաղաքացու հետագա քայլերի մասով։ Մեր քաղաքացիների համար միշտ հասանելի ենք և ականջալուր ցանկացած բարձրացված հարցին։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X