Հասարակություն

Կույրերի միավորման անդամները հացադուլ և նստացույց են անում՝ պահանջելով նախագահության հրաժարականը

Այսօր առավոտից Հայաստանի Կույրերի Միավորման անդամ 62- ամյա Աղավնի Շաքարյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով ՀԿՄ նախագահության հրաժարականը, և իրավապահ մարմինների ուշադրությունը ՀԿՄ- ում տեղի ունեցող անօրինականություններին:

Աղավնի Շաքարյանը հացադուլ էր անում հենց ՀԿՄ նախագահության դռների մոտ՝ «Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը ՀԿՄ-ում տիրող անօրինությունների եւ թալանի վրա» ցուցանակը գլխավերեւում փակցրած։ Այցելության պահին տիկին Աղանիի ինքնազգացողությունը վատացել էր եւ շտապօգնությունը նոր էր հեռացել։

Աղավնի Շաքարյանն աշխատում է Կիրովականի կույրերի միավորումում 42 տարի, ասում է՝ պայքարի մեջ է արդեն 3 տարի, որն ուղղված է Վանաձորի կույրերի միավորման ձեռնարկությունը փոշիացնելուն եւ հաստոցները վաճառելուն, ինչը շատ ծանր է տանում․ «Եթե չքանդեին Վանաձորի մեր ձեռնարկությունը, ապա այն ի վիճակի էր ապահովել աշխատանք եւ արտադրանք։ Որեւէ մեկի դեմ ոչ մի բան չունեմ, ես մեղադրում եմ ամբողջ վարչությանը, նախագահությանը, որոնց միշտ ահազանգել եմ, որ հիմնարկը քանդում են, տեր կանգնեք, բայց իմ ասածը բանի տեղ չեն դրել։ Այդքան ահազանգել եմ, որ քանդում են հիմնարկները, բայց ոչ մեկը այդ քանդողի ձեռքը չի բռնել»,-ասում է նա ու ընդգծում, որ ունի նաեւ փաստեր հիմնարկը քանդելու մասին, առանց դրա չէր գնա այս քայլին, ուստի ուզում է, որ իրավապահ մարմիններն անպայման լսեն իր եւ իր գործընկերների ձայնը եւ լինեն հետեւողական։

Ի հակառակ այդ ամենի, միավորման փոխնախագահ Մարտին Սարգսյանը դիմել է ոստիկանություն, որ Աղավնի Շաքարյանն իրեն զրպարտում է, ու թեեւ համաձայնել է, որ հիմնարկը քանդված է, բայց ասել է, որ ինքը դրանում մեղավոր չէ․ «Թող ոստիկանություն տա, ես իրեղեն ապացույցներ ունեմ, որ հիմնարկը քանդվել է եւ տերը իրենք են»։

Միավորման անդամներից Պատվական Ռեւազյանն էլ իր խոսքում նշեց, որ իրենց պայքարը նրանում է, որ ներկայիս նախագահող կազմը հրաժարական տա, հեռանա եւ վերջ տրվի կոռուպցիային, թալանին․ «Ցանկանում ենք նոր շունչ, նոր միտք, նոր ուղեղ եւ թարմություն բերել, որովհետեւ ներկայիս նախագահող կազմում կան բավականին չարաշահումներ, կեղծ ընտրություններ, այսինքն 2013թ-ից մինչեւ այսօր չի եղել ոչ մի նախագահական ընտրություն, իրենք իրենց մեջ սարդոստայն հյուսելով հասել են նրան, որ առանց նախագահ ընտրելու նորից նախագահ են վերընտրել եւ վերարտադրվել են իրենց մեջ»։

Թեեւ ՀԿՄ 91- ամյա նախագահը՝ Աբել Հակոբյանը, ճնշման ներքո արդեն իսկ հրաժարական է տվել, բայց միավորման նստացույց եւ հացադուլ անող անդամները պահանջում են, որպեսզի նախագահության կազմն էլ հրաժարական տա․ «Մեր պայքարը չէր գնում միայն նախագահի դեմ, նախագահության կազմը ավելի քան ունակ է քերել «պատերն» ու ուտել վերջին փշրանքները»։

ՀԿՄ տնօրինության տակ է գտնվում Հայաստանի կույրերի միավորման բոլոր մարզային շենքերը, շինությունները, ձեռնարկությունները, հանգստյան տները, բազմաթիվ անշարժ գույք․ «Պայքարը նրանում է, որ մենք կարողանանք այդ ամբողջը հետ բերել, որոնք կծառայեն միայն կույրերի միավորման անդամների համար, որովհետեւ այս պահի դրությամբ գրեթե բոլոր շենքերը տրված են վարձով։ Գրված է շատ չնչին գին, ենթադրենք պայմանագրի մեջ նշված է 200 դրամ, սակայն այդ տարածքը տրամադրվում է 4 հազարից 5 հազար դրամով, այսինքն իրենք հարկային մուտք են անում 200 դրամը, մնացած գումարը գրպանում են։ Քանդել ասելով նկատի ունենք, որ այդ շենքերի․ արտադրամասերի հաստոցները վաճառել են, կամ փչացրել են միտումնավոր՝ վաճառելով առանձին մասեր, այսինքն թալանել են ամբողջը»։

Նախագահության կազմը բաղկացած է 9 հոգուց, որոնց բոլորի հրաժարականն էլ պահանջում են հացադուլ եւ նստացույց անողները։ Միավորումը, ըստ ՀԿՄ-ի ցուցակների, ունի 1800 անդամ, սակայն այդ թիվը կասկածելի է, քանի որ դա վաղուցվա տվայլներ են, բայց ներկաները նշեցին, որ միանշանակ կարող են ասել, որ գերակշիռ մեծամասնությունը կողմ է փոփոխություններին․ «Իհարկե կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնց ղեկավարությունը կարողացել է չնչին ֆինանսական օգնություններով կաշառել, օրինակ 1 կգ- ոսպով կամ 1 շիշ ձեթով։ Հետո իրենք ասել են, որ ամսեկան ստանում են 200 հազար աշխատավարձ, սակայն այդ թիվը խիստ կասկածելի է, քանի որ այլ աղբյուրներից տեղեկացել ենք, որ նախագահող կազմը ստանում է մինչեւ 450 հազար դրամ աշխատավարձ, էլ չեմ ասում կողմնակի եւ վարձակալությունների գումարները։ Այսինքն եթե հաշվենք այդ գումարը 2015թ-ից մինչ այսօր, ապա կտեսնենք, որ նրանք 40 ամիս գրպանել են պետության կողմից կամ միգուցե մեր կույրերին պատկանող փողերը ու եթե բազմապատկում ենք նախագահության իրենց ասած 200 հազար գումարը, ապա ստանում ենք 80 մլն․ դրամ, դրան գումարած նախագահի աշխատավարձը, որ կազմում է 400 հազար դրամ, 16 մլն․ էլ դա, ստացվում է՝ միայն 96 մլն․ դրամ ապօրինի աշխատավարձ են ստացել։ Թող իրավապահները ուշադրություն դարձնեն այս ամենին»,-ասում է Պատվական Ռեւազյանն ու հավելում, որ մի քանի օր առաջ ոստիկան են կանչել, որ իրենց՝ նստացույց անողներին դուրս հանեն, բայց իրենք օրենք չեն խախտել, ավելին՝ ուզում են վերականգնել արդարությունը։ «Մեր նստացույցը շարունակվելու է այնքան ժամանակ, ինչքան որ պետք լինի, մենք պահանջում ենք արտահերթ նախագահական ընտրություններ»։

Սակայն, այստեղ էլ կան մի շարք նուրբ հանգամանքներ, ըստ Պատվականի, նախագահության կազմին ընտրում է վարչության 27 անդամը, իսկ վաչության 27 անդամները նորից իրենց մարդիկ են․ «Այսինքն եթե մենք անգամ առաջադրենք մեր թեկնածուին, ապա շանսերը շատ քիչ են։ Մարտին Սարգսյանը բառացի մեզ ասեց, որ եթե դնենք արտահերթ ընտրություններ, մեր 27 հոգանոց կազմը պարզ չի՞ որ էլի մեզ է ընտրելու, այսինքն կաշառելու է այդ կազմին, որ նորից վերարտադրվեն»։

ՀԿՄ նախագահի առաջին տեղակալ Ֆրանտ Դանիելյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Իրենց իրավունքն է իրենց բողոքն արտահայտել, իսկ եթե թալան է եղել, ինչ որ հափշտակություններ, ապա իրավապահ մարմինները դրա գնահատականը կտան։ Ամեն ինչ պետք է արվի կանոնադրության համաձայն։ Ստիպում են, որ հրաժարական տանք, հրաժարականը ստիպելով չի, ով ուզում է՝ տալիս է, ով գտնում է խոշոր թերացումներ են եղել՝ տալիս է, ով չէ՝ չի տալիս, ես որեւէ մեկին ստիպել չեմ կարող, որ հրաժարական տա»,-ասում է նա ու նշում, որ այսօր աշխատանքի համար բարենպաստ պայմաններ չկան, եթե լիներ Նաիրտը վաղուց կաշխատեր, իրենց միավորումն էլ հնարավորությունների սահմանում ինչքան կարողանում է՝ աշխատում է, ապա օրինակ է բերում Էջմիածնի գործարանը, որն, ըստ նրա, բավականին լուրջ աշխատանք է թողարկում՝ վերելակների մեջ կիրառվող սարքավորումներ է արտադրում։

Թե ինչպիսին է ընթացակարգը նոր ընտրություններ կազմակերպելու հարցում, ապա կանոնադրությամբ նախագահի հրաժարականից հետո նրա լիազորությունները կատարում է առաջին տեղակալը, այսինքն՝ ինքը, հետո՝ 40 օր անց հրավիրվում է նախագահության նիստ, որի ընթացքում կենտրոնական վարչության 24 կազմից պետք է ընտրվի նոր նախագահը, ով էլ 4-5 ամիս հետո կանցկացնի ՀԿՄ նոր համագումարը։

Դանիելյանն ընդգծում է՝ բանակցություններ վարել են թե նստացույց անողների եւ թե հացադուլ անող տիկին Աղավնիի հետ, բայց դեռ արդյունքի չեն հասել, ավելին՝ վերջում հորդորեց մենք էլ մեր հերթին համոզենք, որ Աղավնի Շաքարյանը դադարեցնի հացադուլը․ «Մեկ է այս հարցը իր հացադուլով չի լուծվի»։

Մեկնաբանություն
X