Դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային շենք է, լուրջ նորոգման կարիք ունի. Կապուտանի գյուղապետ

Մոտ 300 տնտեսություն ու 1400 բնակչություն ունեցող Կոտայքի մարզի Կապուտան համայնքի դպրոցը անմխիթար վիճակում է գտնվում։ Գյուղի միջնակարգ դպրոցը բաժանված է երկու մասի՝ դպրոցի աջ կողմ գնալ երեխաներին խստիվ արգելվում է․ վթարային է։ Գյուղացիները մտահոգված են դպրոցի պայմաններից. «Դպրոցի մի հատվածում դաս չեն անում, ասում են 3-րդ կարգի վաթարային ա այդ հատվածը: Այն մասում, որտեղ դասապրոցես է ընթանում, շատ ամխիթար վիճակում է գտնվում: Սանհանգույցներից երեխաներ չեն օգտվում, քանի որ ահավոր վիճակում են, իսկ մի փոքր ցնցման դեպքում դպրոցը հնարավոր է փլվի: Այս պայմաններում շատ լավ երեխաներ են սովորում, միայն դպրոցի լուսավոր կետը լավից-վատից վերանորոգված նախակրթարանն է»,-անհանգստացած ասում են ծնողները։

Դպրոց հաճախում է մոտ 155 երեխա: Կապուտանի վարչական ղեկավար Սերոբ Միքայելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը այս տարի կունենա 17 առաջին դասարանցի, իսկ դպրոցը հիմնանորոգման կարիք իսկապես ունի. «Դպրոցի շենքը 3-րդ կարգի վթարային շենք է, երբ այդ եզրակացությունը տվեցին, մենք դիմեցինք մարզպետարան, կառավարություն: Սոցներդրումներից եկան տեսան, գումարը մեծ էր, ու էդպես ձգձվում է դպրոցի վերանորոգումը: Վթարային մասում դասընթաց չի լինում, երեխաները մի կորպուսում են դասերը անցկացնում: Երկար տարիներ ոչ մի վերանորոգման աշխատանքներ չի կատարվել դպրոցում: Ինչ էլ արվել է, մեր ուժերով ենք արել: Որոշ գումար համայնքի բյուջեից է հատկացվել, որոշակի մասն էլ՝ մարզպետարանի կողմից: Չնայած, երբ իմացանք, որ վթարային շենքը է, լավ կլինի, որ նոր դպրոց կառուցվի 250 աշակերտի համար, քան հինը վերանորոգվի»:

Ըստ գյուղապետի՝ դպրոցը 79թվ.-ի շենք է, եւ 30 տարի դպրոցի կոյուղին չի աշխատել: Վերջին տարիներին այն մաքրել են, եւ դպրոցը ապահովել խմելու ջրով. «Ջուրը մշտական գալիս է սեպտեմբերի 15-ից, իսկ տարաների մեջ, որ ջուր են լցնում, դա հավաքարարների համար է: Իսկ ինչ վերաբերվում է սանհանգույցներին, մոտ օրերս սանհանգույցների վերանորգման աշխատանքները կսկսենք»: Գյուղապետից հետաքրքրվեցինք նաեւ, թե դպրոցն օգտվո՞ւմ է «Տաք սննուդ» ծրագրից, քանի որ Կոտայքի մարզպետը նշել էր, որ մարզի 90 դպրոցներից, 87 դպրոցում կգործի «Տաք սննուդ» ծրագիրը. «Մեր դպրոցում չկան համապատասխան պայմաններ, որ այդ ծրագիրը գործի»,-եղավ գյուղապետի պատասխանը:

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X