Գյումրիում «տնակամանիա» է սկսվել

«Մենք ջանք ու եռանդ չենք խնայում քաղաքը տնակներից մաքրելու համար, մինչդեռ կառավարության որոշումն այլ բանի է տանում»,-hraparak.am-ի հետ զրույցում դժգոհեց «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը: Բանն այն է, որ կառավարության հրահանգով Գյումրիում կրկին սկսել են հաշվառել տնակները, ինչը, ըստ մեր զրուցակցի, անիմաստ ու վտանգավոր հետևանքներով գործընթաց է: «Գյումրիում տնակամանիա է սկսվել, հիմա ով քնից ելնում, վազում դոմիկ է ճարում, լուսանկարում ու դիմում է քաղաքապետարան՝ հաշվառվելու: Էլ դոմիկ էլ չեն քանդում, մտածում են, որ հաշվառում են, ուրեմն բնակարան են տալու: Մոռանալով, որ 30 տարի է՝ հարյուրավոր անօթևան ընտանիքների բնակարան չեն տրամադրել, էլ ուր մնաց հիմա….,բայց նման հիմար գործողություն, առանց հանրությանը բացատրելու, որ պարզապես ուզում են դոմիկների թիվը իմանալ, չի կարելի: Ի դեպ, ստացել են այն թիվը, որը 5 տարի է ասում եմ: Հիմա իշխանության նման քայլով դոմիկներն ու դոմիկում բնակվելը կարևորվեց, այս չմտածված հաշվառում կոչվածով դոմիկը պահելը շատերի համար դարձել է կյանքի նպատակ... Չգիտեմ իշխանություններին ոնց բացատրեմ, որ անօթևան ընտանիքների շրջանում ծավալուն որևէ գործ սկսելուց առաջ մի հատ ծանր ու թեթև անեն»,-նշում է Վահան Թումասյանը:

«Ես ինքս տարիներ շարունակ առաջարկել եմ անօթևան ընտանիքներին հաշվառել, որպեսզի տեսնենք, թե երկրաշարժի հետևանքով քանի ընտանիք է տնակում բնակվող: Բայց պետությունը ոչ թե անօթևաններին, այլ տնակներն է հաշվառում, որովհետև այլ բան է, եթե անօթևաններին է հաշվառում, նշանակում է պարտավորություն է իր վրա վերցնում, իսկ տնակները հաշվառելը դա ընդամենը գույքագրում է՝ առանց հաշվի առնելու շահառուի կողմը: Եթե հիմա սա արվում է, պետք է հաշվի առնեն նաև այն ընտանիքներին, որոնք վաղուց լուծել են բնակարանի խնդիրը, սակայն տնակները պահել են սոցիալական նպաստ ստանալու կամ այլ պատճառներով: Իսկ ընտանիքներին հաշվառելու դեպքում բոլորովին այլ թիվ էր լինելու, հստակություն կմտցվի, թե քանի անօթևան է, որ արդեն բնակարան ունի, եւ տնակների թիվը բնականաբար կկրճատվեր: Հիմա փաստորեն իշխանության այս գործընթացը ստիպում է, որ մարդիկ կրկին վազեն տնակներին եւ նույնիսկ մեզ հետ վիճում են, թե ինչու մեր տնակը քանդեցիք՝ դժգոհելով, թե հիմա հաշվառում են, մենք տնակ չունենք: Բայց ի վերջո, տնակում ապրելը չի նշանակում անօթևան լինել: »,-իր մտահոգությունը հայտնեց կենտրոնի նախագահը:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X