Նախ` ամորձատում են, հետո` որոշում…

Արջը տեսնում է` նապաստակը գլխապատառ վազում է անտառով: Որ հասնում է իրեն, առաջը կտրում է.

-Էս ո՞ւր շլդիկ, ի՞նչ է պատահել:

Նապաստակը, շունչը տեղը բերելով, ասում է.

-Սուս, արջ ախպեր, բնապահպաններ են մտել անտառ, ինչքան գայլ են բռնում` ամորձատում են:

-Ասում ես` գա՞յլ:

-Հա:

-Բա դո՞ւ ինչու ես փախչում:

-Դու էլ փախիր, որովհետև նախ ամորձատում են, հետո են որոշում, գա՞յլ ես, թե՞ գայլ չես…

-Հա՛ա՛ա՛…

Բնության մեջ ուսուցողական դեպքեր շատ են պատահում: Այս դեպքը ես պատմեցի հատկապես թաղային հեղինակությունների համար, որովհետև նրանց գլխին սև ամպեր են կուտակվում: Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ոստիկաններն ինչքան ընտրակեղծարար բռնեն` «ամորձատելու» են, այլ խոսքով` պատժելու են: Լուրջ եմ ասում, անձամբ ՀՀ ոստիկանապետ Օսիպյանն է այդպես կարգադրել: Ավելին ասեմ` նույնիսկ ընտրակեղծարարի ձեռքը չբռնող ոստիկաններին են ամոր… ներողություն, պատժելու:

Այսօր առավոտյան իմ հարևան Շմավոնը «Ժողովուրդ» թերթը ձեռքին ընկավ մեր տուն, թե հայ բուդուր, բաններս բուրդ ա: Մատով կտկտացրեց առաջին էջում Օսիպյանի մեծադիր լուսանկարին ու թերթը նետեց սեղանին` կադա: Կարդացի. «Թաղային հեղինակու­թյունները ոչ մի կերպ չպետք է ազդեն ընտրությունների արդյունքների վրա: Եվ այս առումով ոստիկանները պետք է գործեն վստահ ու համարձակ...»:

-Հա, ի՞նչ, Շմավոն, սա քեզ հետ ի՞նչ կապ ունի: Նրանք թաղային հեղինակություններին են պատրաստվում բռնել: Օսիպյանն էլ, ահա, դուխ է տվել իր ենթականերին: Նորմալ է:

-Ի՞նչն է նորմալ: Ո՞նց են որոշելու` ես թաղային հեղինակություն եմ, թե թաղային հեղինակություն չեմ:

Շմավոնի հարցից մի պահ շփոթվեցի, իսկապես, ինչպե՞ս են որոշելու:

-Չէ, Շմավոն, իմ կարծիքով` նրանք լավ էլ ճանաչում են թաղային հեղինակություններին, ընդհուպ դեմքով: Քեզնից ի՞նչ թաղային հեղինակություն, որ մի հատ էլ բռնեն…

-Էդ խելքին ե՞ս, հետո էլ գլուխ ես գովում` լրագրող ե՛մ, քաղաքականությունից բան եմ հասկանո՛ւմ:

-Բա որ չեմ հասկանում, ինչո՞ւ ես ամեն անգամ ինձ մոտ վազում խորհուրդ հարցնելու:

-Էս անգամ եկել եմ խորհուրդ տալու:

-Ի՞նձ:

-Այստեղ ուրիշ մարդ կա՞:

-Չէ:

-Դե ուրեմն լսիր: Դու շատ լավ գիտես, որ ես ընտրությունների ժամանակ ակտիվ աշխատում եմ: Կապ չունի, թե ում շտաբում կլինեմ: Դրա համար ինձ վարձատրում են: Ես տնետուն եմ ընկնում, խոսում մարդկանց հետ, քարոզում, մեծահասակներին էլ խոստանում, որ ընտրության օրը մեքենայով կտանեմ ընտրության, հետ կբերեմ: Բեսեդկում եմ շատ նստում, խոսում մարդկանց հետ, համոզում, փոքրիկ հյուրասիրություններ կազմակերպում: Ես քարոզիչ եմ, հասկանո՞ւմ ես:

-Հա:

-Հա ու ջան, բա որ մի գործ տվող դանոս գրի ու ինձ բռնեն, ես ինչպե՞ս ապացուցեմ, որ ես «ուղտ» չեմ, քարոզիչ եմ:

-Շմավոն, հենց սպառնաս մարդկանց, վախեցնես, փորձես ընտրակաշառք տալ, կբռնեն: Այլապես ինչո՞ւ պետք է բռնեն:

Ինձ խոսակցություններ էին հասել, որ Շմավոնը մեկ-մեկ էլ խեղճերին «նայում է», գազի, լույսի փող է տալիս, երեխաներին տետրակ բան է առնում, անձնագրեր հավաքում, տվյալներ լրացնում: Բայց երբեք չէի լսել, որ նա մեկին սպառնացած լիներ, ահ տված, զոռով ընտրության տարած: Չասեմ` աղքատ ինտելիգենցիայի ներկայացուցիչ է Շմավոնը, կրպակ ունի, բայց էն հաբռգածներից էլ չէ:

-Ախպեր, էդ շտաբ ասածում ինձնից վերև մարդիկ էլ կան, իրենք են ասում` էս փողը կտանես, կտաս ֆլանին, 5 անձ են, տես, հա, 5 ձայն պիտի ապահովեն: Ես հիմա քանի՞ գլուխ ունեմ, որ համ աշխատավարձ ստանամ, համ նրանց ասածը չանեմ: Անգործ կմնամ, չէ՞: Մարդ կուղարկեն` բուդկես կփակեն: Ի՞նչ եմ անելու:

-Այդ ժամանակներն անցել են, Շմավոն:

-Ինչի՞ց որոշեցիր:

-Ես չեմ որոշել, նոր իշխանությունն է ասում:

-Հին իշխանությունն էլ էր ասում: Ամեն ընտրությունից հետո հարյուրներով մարդկանց էին բռնում, գործ հարուցում:

-Շմավոն, մարդուն, եթե օրենք չխախտի, չեն բռնի:

-Վստա՞հ ես:

-Ուզում եմ վստահ լինել, որ այսուհետ այդպես է լինելու:

-Ի՞նչ է նշանակում` ուզում եմ վստահ լինել:

-Դա նշանակում է, որ իշխանությունները, որոնց համար դու միշտ քարոզչություն ես արել, այլևս քեզ փող չեն տա դրա համար…

-Բա կարող ա՞ իմ գրպանից եմ դնելու:

-Չէ, Շմավոն, պարզապես, եթե գաղափարներ ունես, դրանք պետք է փոխանցես մարդկանց, քո ճիշտը առաջ տանես: Դու ո՞ր կուսակցությունից ես:

-Ես տարբեր շտաբներում եմ աշխատել` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ… Որոշել եմ էս անգամ…

-Կարող ես չասել, Շմավոն: Դա քո գործն է, բայց իմացիր, որ փող չեն տալու, իսկ թաղային հեղինակություններին էլ չեզոքացնելու են:

-Էհ, եթե փող չեն տալու, թաղային հեղինակություններն էլ չեն աշխատի, հո գիժ չե՞ն, որ մի հատ էլ ոստիկանություն ընկնեն:

-Լիովին համաձայն եմ քեզ հետ, Շմավոն: Օսիպյանը ձիուն գավակի կողմից է մոտենում: Կուսակցություններին թողած` թաղային հեղինակություններին է հաթաթա տալիս: Այդ մարդիկ հո կրակը չե՞ն ընկել, որ իրենց թաղում հեղինակություն են վայելում: Թող քաղաքական ուժերը վայելեն այդ հեղինակությունը, ո՞վ է նրանց ձեռքը բռնել: Հիմա նորից կուսակցությունները գալու են, թե` Ձերդ թաղային հեղինակություն, մեզ համար ձայն հավաքիր: Մյուս կողմից էլ` Օսիպյանը երևի գիտի, որ հատկապես իշխանություններն են նրանց օգնությանը դիմում: Այսինքն, մնում է, որ իշխանությունը չբզբզի թաղային հեղինակություններին, չվճարի նրանց, և ամեն ինչ նորմալ կլինի: Հա, մեկ էլ մնում է, որ ոստիկանությունը չստիպի թաղային հեղինակություններին աշխատել իշխանությունների համար: Նրանք, ինչքան էլ չլինի, այստեղ-այնտեղ մի պոչ ունեն, մի բռնելու տեղ:

-Յա՛ա՛ա՛…

-Ջա՛ա՛ա՛ն, լսե՞լ ես, ԱԱԾ-ն մտել է Հովիկ Աբրահամյանի տուն:

-Դե դա սովորական բան է մեր օրերում:

-Ասում ես` սովորակա՞ն: Իսկ ո՞վ էր Հովիկ Աբրահամյանը, հիշո՞ւմ ես:

-Հա, նախկին վարչապետ…

-Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ շտաբի բոլոր ժամանակների պետն է եղել, Շմավոն, նա ոչ թե թաղային, այլ հանրապետական նշանակության հեղինակություն է, նա մեծ ազդեցություն ունի ընտրողների վրա:

-Ու…

-Ու այն, որ ես հիմա չգիտեմ, թե ԱԱԾ-ն ինչու է մտել Մխչյան:

-Դե կբռնեն, կերևա:

-Չի ասվի: Կբռնե՞ն, կարծում ես: Իսկ եթե իշխանություններին ձա՞յն է պետք… Շմավոն, ես նույնիսկ մտածում եմ` Հովիկ Աբրահամյանի տուն մտնելը պատահաբար չէ, որ համընկել է թաղային հեղինակությունների վրա Օսիպյանի գրոհի հետ: Ի՞նչ կասես…

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X