Ընտրություններ առանց ընդդիմության

Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները աչքի կընկնեն մի շատ հետաքրքիր առանձնահատկությամբ` ընդդիմության բացակայությամբ: Մինչև այս պահը իրենց մասին հայտարարած քաղաքական ուժերի մեջ մենք ընդդիմություն, որպես այդպիսին, չենք տեսնում: ՔՊ, Ելք, ԵԾ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, Անդրիաս Ղուկասյանի կին և այլն: Ո՞րն է այստեղ ընդդիմադիր: Մյուս կողմից էլ չկա այն ուժը, որին պետք է ընդդիմանալ: Չկա իշխանականը, չնայած, որ ՀՀ վարչապետը Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՔՊ-ի ընդգծված ներկայացուցիչ է: Այս իրավիճակի պատճառը թերևս այն է, որ Հայաստանում դեռևս ընտրություններով իշխանություն չի ձևավորվել: Կարելի է ասել` գործում է հեղկոմը, բայց ոչ երբեք` իշխանությունը: Հուսամ` հասկանալի եմ արտահայտվում:

Անցումային այս փուլում վերոնշյալ քաղաքական ուժերն ավելի շուտ պայքարելու են նախկին համակարգի դեմ, քան միմյանց: Հազիվ թե նրանցից մեկն իր քարոզարշավը կառուցի մյուսի քննադատության վրա: Բոլորի քննադատության թիրախում նախկիններն են լինելու: Թերևս բացառություն կկազմի սեփական ծրագրերով առաջնորդվող ՀՅԴ-ն, բայց ՀՅԴ-ն էլ, մյուս կողմից, առանձին պատճառ չունի քննադատելու ներկա մրցակիցներ ՔՊ-ին, ԲՀԿ-ին և մյուսներին:

Կարծես հետաքրքիր, ընդհուպ թավշյա մրցակցություն և ընտրություններ են սպասվում: Հնարավոր է մենք նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ չտեսնենք, եթե, իհարկե, ՔՊ-ն չփորձի բոլորից ավելի հեղափոխական երևալ, քան կա իրականում, եթե չփորձի որևէ ուժի հակահեղափոխականության մեջ մեղադրել ու պիտակավորել: Հանրահայտ «Տաքսի-տաքսի» կատակերգության մեջ գլխավոր հերոս Կնյազ Չփլախյանը մի հրաշալի ֆրազ է արտասանում. «Մեր կնոջ անկարգությունը գալիս է ձեր կնոջ անկարգությունից, ընկեր Փիլոյան»: Ուստի, ինչքան էլ ՔՊ-ին չասենք իշխանական ուժ, միևնույն է, այդպիսի ընկալում կա, իսկ բոլոր ընտրություններում, որպես կանոն, հենց իշխանական ուժն է գլխավոր անկարգություններ անողը:

Մեկ-երկու խոսք գործնական քայլերի մասին: Ընտրություններն սկսվում են ընտրացուցակների ստուգումով: Ոստիկանությունն, արդեն ստուգե՞լ է դրանք, ճշտե՞լ է, թե քանի ընտրող ունի Երևանը: Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանում ընտրացուցակները ուռճացված են, դրանցում կան մտացածին հասցեներ և այդ հասցեներում «բնակվող» մեռյալներ: Ո՞ւմ է անցնելու այս «ընտրազանգվածը», եթե Ոստիկանությունը չմաքրի ցուցակները: Առաջարկում եմ` օգնել Ոստիկանությանն այդ գործում, որպեսզի ՔՊ-ն և Նիկոլ Փաշինյանը հանկարծ չգայթակղվեն:

Քիչ չի խոսվել ընտրական տեղամասերում գոյացող կուտակումների մասին: ՀՀԿ-ն, կարծես, չի մասնակցում այս ընտրություններին, և, եթե այս ընտրությունների ժամանակ էլ կուտակումներ առաջանան, հարկ կլինի մեղավորին փնտրել ՔՊ-ից ոչ հեռու: Այս քաղաքական ուժի ընտրողների ոգևորությունը միանգամայն հասկանալի է, բայց նրանց պետք է բացատրել, որ ընտրությունը վիրտուալ գործընթաց չէ, որտեղ կարելի է նաև չտեսնելու տալ ֆեյք արշավանքները: Ուրեմն պետք է թողնել, որ քաղաքացին հանգիստ արթնանա այդ օրը, հագնի ամենօրյա շորից տարբերվող շոր, բռնի թոռնիկի ձեռքը և գնա ընտրության: Այսինքն` ոչ մի «Գազել», ոչ մի ավտոբուս, ոչ մի շեփոր, ուսապարկերով թրաշամանուկների ոչ մի հավաք ընտրատեղամասերում և դրանց շուրջ: Պայմանավորվեցի՞նք:

Տեղամասային ընտրական հանձնաժողով: Ինչպիսի՞ առասպելներ ասես, որ չենք լսել այս հանձնաժողովների կախարդական փայտիկի մասին: Երևանի ավագանու նախկին ընտրություններում «Ելքի» ներկայացուցիչներն ու վստահված անձինք դիտորդների առաջ պարզապես խայտառակեցին թե իրենց, թե հանձնաժողովներին` պատճառ դառնալով որ դատախազությունը հարյուրավոր գործեր բացի տեղի ունեցած ընտրակեղծիքների մասով: Ասեմ, որ ոչ մի մարդ դեռ չի նստել այդ գործերով, իսկ «Ելքը», Երևանի ավագանի անցնելուց հետո ընդունել է ընտրությունների օրինականությունը: Հուսանք` նույն պատկերը չի լինելու այս անգամ, իսկ ՔՊ-ի («Ելքի») հանձնաժողովականներն էլ թույլ չեն տա որ քաղաքական այլ ուժեր բողոքեն իրենց «անկարգություններից»:

Ինչպե՞ս է լուծվելու թաղային հեղինակությունների և Նիկոլ Փաշինյանի կողմն անցած օլիգարխների հարցը, որպեսզի նրանք չազդեն այս ընտրությունների արդյունքների վրա: ՔՊ-ից առայժմ հայտարարություններ կան, թե «հորս արև, թաղային հեղինակությունների գործոնը բացառելու ենք»: Չեղավ, այդպես: Բարի եղեք ասել` ինչպե՞ս եք բացառելու: Իսկ եթե չգիտեք ինչպես, ապա ընդամենը խոստացեք, որ նրանց ծառայություններից չեք օգտվելու, իսկ «բռնվելու» պարագայում հրաժարվելու եք ընտրություններին մասնակցելուց: Ես ավելի շուտ դրան կհավատամ, քան թաղային հեղինակություններին սանձելու ՔՊ-ի խրոխտ հայտարարություններին: Կարո՞ղ ենք վստահ լինել, որ Սամվել Ալեքսանյանը, Միհրան Պողոսյանը և մյուսները չեն ֆինանսավորելու ՔՊ ընտրապայքարը և մարդկանց չեն ուղղորդելու: Տակավին մշուշոտ է նաև հարցը, թե ինչպե՞ս են իրենց պահելու «Արմենիա» հեռուստաընկերությունը և Սերժ Սարգսյանի պատգամին, այն է` «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ենթարկված հանրապետականները: Հավատացնում եմ, սա լուրջ ֆորա է ՔՊ-ի համար, եթե հաշվի առնենք, թե ինչեր կարող են անել «կրիշի» տակ մտած օլիգարխները, հեռուստատեսությունները և երեսափոխ եղած նախկին իշխանավորները: Իսկ դուք ասում եք` թաղային հեղինակություններ:

ԿԸՀ և Տիգրան Մուկուչյան: Թվաբանությունը թվաբանություն է նույնիսկ ԿԸՀ-ում: Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե ի՞նչ է արվել, որպեսզի ընտրություններին մասնակցող ուժերը վերջում չդժգոհեն պարոն Մուկուչյանից: Պարզվում է, որ հեղափոխության բարերար ազդեցությունն էլ բավարար է, որպեսզի Մուկուչյանը ճիշտ գումարի թվերը: Չեք հասցնի, չէ՞, մինչև ընտրություններ դատի տալ Մուկուչյանին և գործից հանել: Հետևաբար մեխանիզմ է պետք մտածել, որպեսզի Մուկուչյանի մտքով չանցնի հին սովորության համաձայն «հաղթեցնել» վարչապետի թիմին:

Եվ մի վերջին նկատառում: Կցանկանայի, որ հենց այսօր հայտարարվեր, որ աշխարհը փուլ չի գա, եթե վարչապետը լինի ՔՊ-ից, իսկ Երևանի քաղաքապետը այլ ուժից: Սա նույնիսկ ցանկալի է, եթե հաշվենք, որ Երևանը հանրապետության կեսն է և ՀՀ վարչապետը լավ հնարավորություն կունենա օգտվելու նաև Երևանի զարգացման ծրագրերից, որոնք էականորեն և շահեկանորեն կտարբերվեն հենց իր տնտեսական ծրագրերից:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X