Ժամանակին դիմեին, կասեինք, որ ձեր թիվը այսքան է, էլ մի ընդունեք

Սեպտեմբերին ընդառաջ մարզային դպրոցների մեծ մասը կանգնել է լիցենզավորման փաստի առաջ, նրանց մի մասը կամ գերբեռնված է, կամ լիցենզիայի հետ կապված խնդիրներ ունի։ Խմբագրություն ահազանգած քաղաքացին նույն պատկերը նկարագրեց նաեւ Աբովյան քաղաքում՝ նշելով, որ օգոստոսի առաջին օրերին երեխայի գործերը մի քանի դպրոց է տարել, որոնցից ամեն մեկը, վերը նշված խնդիրներով պայմանավորված, մերժել է։

Այս խնդրի մասին օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր նաեւ ԿԳ նախարար Հարությունյանը՝ մասնավորապես նշելով․ «Սիրելի ծնողներ, Ձեր երեխաներին առաջին դասարան տանելիս դպրոցի տնօրեններից անպայման հարցրեք, թե արդյոք ունեն արտոնագիր` կրթական գործընթաց կազմակերպելու համար: Ներկայում ստուգվում են արտոնագրերը, ու պարզվում է, որ կան այդպիսիք, որ առանց թույլատրելու աշակերտներ են ընդունում: Անպայման խնդրեք, թող ցույց տան արտոնագիրը, այլապես կարող է փաստի առաջ կանգնեք: Առայժմ այսքանը»։

Կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է դպրոցների լիցենզավորման խնդիրը կարգավորվելու․ «Հիմա քննարկման փուլում է, խնդիրը վերաբերում է տարրական դասարանների ընդունելությանը, ուղղակի կան դպրոցներ, որոնք լիցենզիայով տված սահմանային տեղերի չափն արդեն բավարարել են սահմանված չափով։ Ու որպեսզի նոր ընդունելություն կատարեն, պետք է սահմանային տեղերը փոխեն՝ ավելացնեն, նոր տեղեր տանք, բայց տեղեր տալն էլ կապված է տարածքի հետ։ Որոշ դպրոցներ տարածքում ունեն խնդիրներ, որոշ դպրոցներ թերբեռնված են ուղղակի Աբովյանում»։

Մովսես Մովսիսյանն ընդգծում է՝ հարցը քննարկման փուլում է, մարզպետն ու փոխմարզպետն եկել եւ նախարարի հետ այս հարցը քննարկել են։ Մտածում են ինչպես տեղաբաշխումը կարգավորեն, որից հետո կփորձեն համատեղ լուծում գտնել։

Թե ի՞նչ պահանջներ են դրվում դպրոցների առաջ լիցենզիա ստանալուց առաջ, Մովսիսյանն ասաց, որ հիմնականում տարածքի խնդիրն է, դասասենյակների մակերեսները, որ մեկ աշակերտի հաշվով պետք է բավարարի․ «Երեխաների թիվը 30-33 է յուրաքանչյուր դասարանում, նախկինում դրան ուշադրություն չեն դարձրել եւ ժամանակին նոր ընդունելության համար պարտավոր էին սահմանային տեղերը խախտելու դեպքում դիմել մեզ՝ մենք ավելացնեինք։ Ինքնագլուխ արել են, որպես պետական դպրոց հաշվի չեն առել լիցենզավորման պահանջը, հիմա կուտակվել է, դրա համար այսպիսի խնդրի առաջ ենք կանգնել։ Դա իրենց անփութության, անտարբերության հետեւանքն է»։

Նախարարությունը երկար ժամանակ, ամեն տարի շրջաբերականներ է ուղարկել մարզպետներին եւ քաղաքապետերին, որպեսզի ուշադրություն դարձնեն այդ խնդրին եւ տարին մեկ հաշվետվություն ներկայացնեն․ «Լիզենզավորման հետ կապված ցանկացած փոփոխության դեպքում պարտավոր են տեղեկացնել մեզ։ Չեն արել, հիմա էլ ամեն անգամ նոր աշակերտներ են ընդունել ու ասում են թիվը այսքանի է հասել։ Եթե ճիշտ ժամանակին դիմեին, կասեինք, որ ձեր թիվը այսքան է, էլ մի ընդունեք, կտանեին ուրիշ դպրոցներ։ Հիմա դա պետք է կարգավորել, որը մի օրվա լուծելու խնդիր չի»։

Դպրոցների լիցենզավորման հետ կապված ամենաշատ ահազանգերը ստանում են հենց Աբովյանից, ինչպես նաեւ Արմավիրի մարզից․ «Կամաց-կամաց արդեն հասկանում են թե տնօրենները, թե ծնողները, որ իրենց երեխան չպիտի փոքր աթոռ վերցնի ու գնա սենյակի մի անկյունում նստի, եթե տեղ չկա, ուրեմն՝ չկա, ինչի մասին է խոսքը»։

Թե ինչքան ժամանակ է այս գործընթացը պահանջում մեկ դպրոցի օրինակով, ապա․ «Յուրաքանչյուրին անհատական մոտեցում ենք ցուցաբերում, որովհետեւ ամեն մեկի մոտ խնդիրը տարբեր է, դպրոց կա, որ չունի անգամ անշարժ գույքի կադաստրի վկայական՝ ձեւակերպված դպրոցի անունով, Աբովյանում կան դպրոցներ, որ չեն ձեւակերպել, նույնիսկ դա արված չի, այստեղ ոչ մի լուծում չենք կարող տալ, քանի դեռ վկայականը չի դարձել իրենց անունով։ Կա որ մի երեխան այդ դպրոցում է սովորել, ուզում է մյուսն էլ այդտեղ սովորի, ընդառաջում ենք եւ փորձում ենք ի օգուտ ժողովրդի, աշակերտի լուծում տալ»։

Մեկնաբանություն
X