Պաշտոնի բարձրացո՞ւմ, թե՞ իջեցում

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի 02.08.2018թ. թիվ 2510-Ա հրամանով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ է նշանակվել ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ Նա այդ պաշտոնում փոխարինել է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանին։ Մուշեղ Բաբայանը, մինչ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնում նշանակվելը, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ էր։ Ոստիկանությունից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել ժամանակին «ցույց ցրողի» համբավ ունեցող Հովհաննես Վարյանը, պարզվում է նա նոր պաշտոն է ստացել․

«Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով ազատվել է ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնից և նշանակվել ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալի պաշտոնին։ Ճիշտն ասած՝ ես չեմ կարող ասել, թե պաշտոնների հերարխիկ համակարգը ինչպես է, որն է ավելի բարձր, որը՝ ցածր, բայց կրթահամալիրը գլխավոր վարչության կարգավիճակ ունեցող ստորաբաժանում է ոստիկանությունում, իսկ թե բյուրոյի տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակելը բարձրացո՞ւմ է, թե իջեցո՞ւմ, չգիտեմ, բայց որ պատասխանատու պաշտոն է, միանշանակ է» ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի ավագ տեսուչ Մարտուն Սիմոնյանը։

Ի դեպ՝ Օսիպյանի կողմից ոստիկանության կրթահամալիրի նոր պետի ներկայացման արարողության ժամանակ արված լուսանկարներում չի երևում Հովհաննես Վարյանը։ Մարտուն Սիմոնյանին հարցրինք, թե որն է պատճառը, որ նախկին պետը ներկա չէր միջոցառմանը, պատասխանեց, որ պատճառը միայն աշխատանքային կարող է լինել, անձնական որևէ խնդիր չկա։

Մեկնաբանություն
X