Ես ազատության մեջ եմ

Արցախցի խորհրդարանականը, որ նաեւ Արցախի հերոս է, համարում է, որ եթե Ռոբերտ Քոչարյանը նստած է, կարծես բոլոր արցախցիներն են նստած: «Չէ՞ որ նա մեր նախագահն է եղել»,- factor.am-ին տված հարցազրույցում ասում է նա: Հասարակությունը, մինչդեռ, խորհրդարանականի զգացողությանն անհաղորդ է: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն Արցախում որեւէ անհանգստության, առավել եւս՝ դժգոհության կամ բողոքի տեղիք չի տվել: Մարդիկ իրենց կալանված չեն զգում: Ոչ էլ համարում, որ Ռոբերտ Քոչարյանն Արցախի պատերազմի խորհրդանիշ է, եւ նրա կալանավորումն ուղղված է «ազգային արժեքների դեմ»:

Քանի որ առիթն եկել է՝ կիսվեմ տասնամյա վաղեմության մի պատմությամբ: 2008թ. փետրվարյան մի օր, երբ Երեւանում Լեւոն Տեր-Պետրոսյանը պերմանենտ հանրահավաքներ էր անցկացնում, Արցախի ԱԺ պատգամավորներից մեկին առաջարկեցի քննարկել Ստեփանակերտից Թատերական հրապարակ մի պատվիրակություն առաքելու հարցը: Նա զարմացավ: Միտքս մանրամասնեցի այն իմաստով, որ Հայաստանի իշխանությունն սպասում է Սումգայիթի ողբերգության քսաներորդ տարելեցին, որից հետո ցուցարարների դեմ բռնություն կկիրառվի, հնարավոր է՝ լինեն մարդկային կորուստներ, ուստի հարկ է Ստեփանակերտից մի խումբ հեղինակավոր մարդկանց, հիմնականում առաջին գումարման ՀՀ ԳԽ պատգամավորների, որոնք անձամբ ճանաչում են Լեւոն Տեր-Պետրոսյանին, գործուղել Երեւան՝ նրանց տալով Տեր-Պետրոսյանի հետ բանակցություններ վարելու մանդատ:

Իմ մոտեցումն այն էր, որ Տեր-Պետրոսյանը կանսա արցախյան պատվիրակության խնդրանքին, տեղի կտա, կցրի շուրջօրյա հանրահավաքը եւ այդպիսով հնարավոր կլինի կանխել արյունահեղությունը: Խոսակիցս մինչեւ վերջ լսեց ինձ եւ միայն մի բան ասաց. «Նրանց հասնում է»: Ես նրա աչքերում վատ թաքցված չարախնդությա՞ն, թե՞ վրիժառության՝ դժվարանում եմ հստակել, կայծեր տեսա եւ սարսռացի: Ինչպե՞ս կարելի էր համոզված լինել, որ իշխանությունը խաղաղ ցուցարարների դեմ բիրտ ուժ է կիրառելու եւ հրճվել՝ պատկերացնելով, թե ինչ աղետ է գալու Տեր-Պետրոսյանի եւ նրա տասնյակ հազարավոր համակիրների գլխին:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով միջնորդությունն ստորագրել է նաեւ տասնամյա վաղեմության զրուցակիցս: Իսկ նրա գործընկերը Քոչարյանի կալանքը համարում է բոլոր արցախցիների ազատազրկումը: Ոչ, տիկնայք եւ պարոնայք, ես ազատության մեջ եմ: Ազատության մեջ է ամբողջ Արցախը: Իսկ ով իրեն կալանավոր է համարում, թող պատրաստվի: Եթե ոչ արդարադատության, ապա պատմության առջեւ նա երբեւէ պատասխան է տալու առնվազն մարտի 1-ի համահայկական ընկալումը խեղաթյուրելու փորձի համար:

Մեկնաբանություն
X