Եվս մեկ նոր կուսակցություն կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

Օրերս ևս մեկ կուսակցություն համալրեց հայաստանյան քաղաքական դաշտը։ Կուսակցությունը կոչվում է «Երրորդ սերունդ»։ Կուսակցության հիմնադիր և նախագահ Պերճ Մեսրոպյանի խոսքով՝ իրենք աջակողմյան պահպանողական կուսակցություն են։ Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններին չեն մասնակցելու՝ տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ որևէ ուժի սատարելու մասին նույնպես դեռ հստակ դիրքորոշում չունեն․ կան հարցեր, որոնք հետաքրքրում են իրենց կուսակցությանը, սակայն դրա վերաբերյալ այլ քաղաքական ուժերի դիրքորոշմանը ծանոթ չեն․

«Ավագանու ընտրություններին չենք հասցնի մասնակցել՝ զուտ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ելնելով, մեզ ժամանակ է հարկավոր մինչև պետական գրանցում և այլն։ Սատարելու մասին հիմա ոչ մի բան չեմ կարող ասել ինչ-որ քաղաքական ուժի սատարելու մասին։ Ուղղակի մեր դիրքորոշումը այն է, որ թե՛ ՏԻՄ ընտրությունների հետ կապված, թե՛ կառավարությանը ընդդիմություն լինելու կամ սատարելու հետ կապված, քանի որ ներկա պահին որևէ մեկը հստակ ծրագիր չի ներկայացրել, ու կան շատ կորդինատային հարցեր, որոնք մեզ հետաքրքրում են իրենց կարծիքներն ու դիրքորոշումները, դեռևս չենք կարող ասել։ Մենք աջակողմյան պահպանողական կուսակցություն ենք, մեր նպատակն է պատմական արժեքները պահպանել, փոխանցել հաջորդ սերունդներին, և քանի որ մենք որևէ մեկի դիրքորոշումը այս առումով չգիտենք, օրինակ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ կապված, սեռական փոքրամասնությունների՝ ԼԳԲՏ համահնքի հետ կապված, աղանդավորական կազմակերպությունների և նմանատիպ հասարակական կազմակերպությունների հետ կապված, դրա համար մենք հիմա չենք կարող հստակ դիրքորոշում հայտնել»։

- Խոսեցիք սեռական փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների մասին։ Թեման այսօր չափազանց արդիական է, և որոշ քաղաքական գործիչներ անդրադարձներ են անում։ Դուք ի՞նչ դիրքորոշում ունեք։

-Մենք պահպանողական կուսակցություն ենք, օրենքի ուժին համապատասխան, Սահմանադրությունն ու մարդու իրավունքները չոտնահարելով հանդերձ, ունենք մեր դիրքորոշումը։ Բոլոր Մարդիկ օրենքի առաջ հավասար են, բայց մեր կարծիքը զուտ հայկական է, օտարամոլ կուլտուրաններին հիմնականում դեմ ենք։ Այս ինֆորմացիոն դարաշրջանում մենք հնարավորություն էլ չունենք այնպես անելու, որ երեխաները զանազանեն հայկականը օտարից, իսկ մենք ունենք 1700 տարվա քրիստոնեություն, մենք տարբեր ազգերից հավաքված պետություն չենք, մեր ավանդույթը, սերնդեսերունդ անցած փորձը շատ կարևոր է։ Մենք զուտ հայամետ գործիչներ ենք, մեզ համար կարևոր է մեր էությունը, մշակույթը։ Մեր գործունեության մեջ մենք չենք տեսնում կարճաժամկետ շահ, ֆինանսավորումներ և այլն։ Մենք ծայրահեղական չենք, որևէ մեկի իրավունքի ու կամարտահայտության խնդիր չունենք։

- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք։

-Միանշանակ, մասնակցելու ենք։ Եթե կուսակցությունը ձևավորվում է, անիմաստ կլինի, որ նա չձգտի իշխանության։

- Իշխանության ձգտելու 2 տարբերակ կա՝ կա՛մ իշխող կուսակցության հետ կոալիցիա եք կազմում, կա՛մ ընդդիմադիր ուժ եք դառնալու, որի՞ն եք ավելի շատ հակված։

-Տեսեք՝ կառավարական մակարդակում, ինչով, որ պետական կառավարման ապարատն է զբաղվում, ես խնդիր չեմ տեսնում։ Այն, որ երկիրը պառակտող, քանդող երևույթների դեմ պայքար է գնում, միանշանակ է։

- Իսկ տնտեսական զարգացման, ղարաբաղյան հիմնախնդրի, արտաքին քաղաքականության հետ կապված ձեր մոտեցումներն ունե՞ք։

-Ես ծրագրային չեմ ցանկանում ներկայացնել, դա կներկայացնենք արդեն ընտրությունների ժամանակ, ես մի փոքր գլոբալ փորձեմ ասել, արտաքին քաղաքականության հետ կապված առաջինը Հայաստան-Սփյուռք կապն է, հետո արդեն դիվանագիտական կապերը մյուս երկրների հետ, այստեղ մեր դիրքորոշումը հստակ է՝ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի։ Ինչ վերաբերում է սփյուռքի մեր հայրենակիցներին, մենք ասում ենք՝ տուն վերադարձնենք նրանց, ստեղծենք աշխատատեղեր։

- Բայց դա բոլորն էլ ասում են։

-Բոլորն էլ ասում են, բայց Դուք տեսեք էստեղ ինչ մարտավարություն կա։ Մենք, ավելի գլոբալ ուսումնասիրելով, հասկանում ենք, որ երբ մարդկանց Հայաստան ենք կանչում, կանչում ենք Երևան, Հայաստանում մեծ չափի բևեռացում է։ Մեզ մոտ պետք է լինի մի հատ հյուսիսային մայրաքաղաք, մի հատ հարավային մայրաքաղաք։ Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որ մեր բիզնեսմենները իրենց բիզնեսները տեղափոխեն ասենք Կապան, Գյումրի և այլն, որպեսզի եկողները հնարավորություն ունենան Հայաստանի մեջ համաչափ տեղավորվել։ Պատկերացրեք 1 միլիոն մարդ է եկել, էդ 1 միլիոնն էլ Երևանում։ Մենք պետք է սկսենք ներսից, մենք պետք է բևեռացման խնդիր լուծենք, մենք պետք է տնտեսությունը զարգացնենք։

Մեկնաբանություն
X