Քոչարյանի կալանքի հարցը որոշվելու է վաղը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ոչ միանշանակ արձագանքների արժանացավ, եթե հանրության մի մեծ հատված ողջունեց այն, ապա մի որոշակի հատված էլ իր վերապահումները հայտնեց, այդ թվում՝ 45 պատգամավոր խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ։ Այդ միջնորդությունը եւ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ կալանքը որպես խափանման միջոց վերանայելու մասին պետք է քննարկվի վաղը՝ օգոստոսի 9-ին, վերաքննիչ դատարանում։

Սակայն կանխելով դատարանի որոշումը, նախ Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը հեռուստատեսությամբ հանդես եկավ եւ խոսեց այն մասին, որ դատարանը կալանքը չի փոխի։ Իսկ այսօր դատախազությունը, դատարանից «մի ոտ առաջ» հայտարարություն տարածեց, թե ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտարարեց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով, նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ ՀՔԾ-ի եւ դատախազության «շտապողականությունը» կարելի էր դատարանի նկատմամբ ճնշումներ որակել, սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ այլեւս դատավորներին Բաղրամյան 23-ից «զանգեր չեն արվում», բոլորը ելնում են նրանից, որ բարձրաստիճան իրավապահների այս հայտարարությունները ճնշումներ չեն։

Գլխավոր դատախազության որոշման մասին մենք մեկնաբանություն խնդրեցինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանից, նա նշեց, որ սպասում է դատախազության որոշմանը որևէ մեկնաբանություն անելու համար․ «Ըստ էության, մամուլի խոսնակի ասածից եմ լսել, որևէ բան չեմ կարող այս ընթացքում մեկնաբանել, որովհետև որոշման տեքստը չունեմ, այսինքն՝ հիմնավորումները շատ ընդհանրական են այնքանով, ինչքանով մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը նշել էր։ Քանի դեռ որոշումը չունեմ, որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»։

Օրբելյանին հարցրինք, թե որքանո՞վ են միմյանց հետ կապված վերաքննիչ բողոքն ու դատախազություն ներկայացված միջնորդությունը․ «Ինքը 2 գործընթաց է, մեկը մյուսին չի փոխարինում, կա վերաքննիչ բողոք՝ կալանքի որոշման դեմ, որը քննվելու է վաղը, կա նաև դիմում դատախազին՝ ստորագրություններ, անձնական երաշխավորությամբ փոխարինելու խափանման միջոցը, որը մերժվել է, ըստ տվյալների։ Որպեսզի ես կարողանամ որևէ բան ասել, պետք է որոշումը ունենամ, վաղը մենք ունենք վերաքննիչ նիստ, մենք պատրաստվում ենք դրան, իսկ որպեսզի ես կարողանամ մեկնաբանել դատախազության որոշումը իրավական տեսակետից, պետք է տեքստ ունենամ։ 45 պատգամավորների ստորագրությունները նույնպես ներկայացվելու է վերաքննիչ դատարան, ճիշտ է՝ բողոքի հիմքը դա չէ, այսինքն՝ բողոքի հիմքում կալանքի որոշման հիմնավորությունների օրինականությունն է, բայց դա նույնպես ներկայացրել ենք որպես ի գիտություն, որպես լրացուցիչ հանգամանք»։

Նման պայմաններում, անշուշտ, քիչ հավանական է, որ Վերաքննիչ դատարանն այնքան անկախ եւ այնքան համարձակ կգտնվի, որ կփոխի Քոչարյանի խափանման միջոցը, մանավանդ որ հասարակական պատվերը ճիշտ հակառակն է։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X