Մենք և Քոչարյանը

Արցախի խորհրդարանի տասնհինգ պատգամավոր միջնորդություն է հղել Հայաստանի գլխավոր դատախազին, որպեսզի ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրվի ազատությունից զրկելու հետ կապ չունեցող խափանման միջոց: Պարզ ասած, արցախցի խորհրդարանականները միջնորդել-խնդրել են Ռոբերտ Քոչարյանին ազատել կալանքից: Որոշ լրատվամիջոցներ երեւույթը գնահատել են իբրեւ «միջամտություն Հայաստանի ներքին գործերին», «Հայաստանի արդարադատությանը նետած ձեռնոց»:

Մեկնաբանություններից մեկում կարդում ենք, որ միջազգային պրակտիկայում չկա նախադեպ, երբ այլ երկրի խորհրդարանը միջամտի մյուս, թեկուզեւ բարեկամ երկրի արդարադատությանը: Կարելի է հիշեցնել, որ երբ Ստեփանակերտում կալանավորված էր Սամվել Բաբայանը, Հայաստանի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եռանդուն պայքար էին ծավալել ի պաշտպանություն նրա: Ոչ ոք Արցախում դա չէր համարել Հայաստանի կողմից Ստեփանակերտի ներքին գործերին միջամտելու փորձ:

Ավելին, դատարանում Սամվել Բաբայանի շահերը պաշտպանում էր երեւանցի փաստաբանը: Բայց արցախցի խորհրդարանականների միջնորդությունը հետաքրքրություն է շարժում այլ առումներով: Մասնավորապես՝ ինչու՞ այն հաջորդեց Հայաստանի ԱԺ քառասունվեց պատգամավորների ստորագրությամբ միջնորդությանը: Արցախցի եւ հայաստանցի խորհրդարանականների միջեւ որեւէ պայմանավորվածություն կա՞: Ինչու՞ Արցախի ԱԺ դաշնակցական ոչ մի պատգամավոր չի ստորագրել միջնորդությունը: Եւ դա այն դեպքում, երբ Հայաստանի ԱԺ դաշնակցական երեք պատգամավոր հանդես է եկել ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:

Եւ վերջապես՝ ինչու՞ ԱՀ ԱԺ միայն տասնհինգ պատգամավոր է ստորագրել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված միջնորդությունը: Մյուս տասնութ պատգամավորները չե՞ն միացել գործընկերների նախաձեռնությանը, թե՞ նրանց կարիքը չի զգացվել: Այս հարցը խիստ սկզբունքային կհնչի, եթե հարցը դիտարկվի այն տեսանկյունից, որ եթե միջնորդությունն ստորագրել է տասնհինգ պատգամավոր, ֆորմալ առումով ստացվում է, որ մնացած տասնութը դեմ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը, գտնում է, որ ԱՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա կալանավորված: Այսինքն, Արցախի ԱԺ մեծամասնությունը համաձայն է Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, իսկ փոքրամասնությունը, որի կազմում է նաեւ խորհրդարանի նախագահը, հակառակ կարծիքն ունի եւ գտնում է, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը պետք է փոխվի: Միջնորդության հեղինակներն իրենց մոտեցումը հիմնավորել են ԱՀ եւ ՀՀ պետականաշինությանը Ռոբերտ Քոչարյանի բերած վաստակով: Դա 33 պատգամավոր ունեցող՝ ԱՀ խորհրդարանի 15 պատգամավորի կարծիքն է: Իսկ մյուսներն ի՞նչ են մտածում: Ահա այս տեսակետից, երեւի, խիստ չափազանցված է մամուլի այն անհանգստությունը, թե Արցախի խորհրդարանը «սատարում է Հայաստանի հակահեղափոխությանը»: Արցախի խորհրդարանի մեծամասնությունը, գոնե ֆորմալ առումով, Ռոբերտ Քոչարյանին աջակցություն չի հայտնել:

Մեկնաբանություն
X