Ինձ սարքին տուժող, պարոն Ծառուկյանին կամ Էդիկին էլ սարքին մեղադրյալ

«Ընդհանրապես նման հայտարություններ իմ կողմից չեն եղել, որ Գագիկ Ծառուկյանը, Էդուարդը ինձ ծեծել են, խփել են։ Դա իմ հայտարարությունները չի։ Երկրորդը ասեմ, որ միջադեպ եղել է, ես ցուցմունք եմ տվել, որ ես ընկել եմ, 8։30 ես ընդունվել եմ հիվանդանոց ու մինչեւ 12։30 ոչ մի հայտարարություն չի եղել։ 12։30 ինչ-որ մեկը գալիս ա, բաներ ա պատմում, վերջում ասում են՝ ստեղ պետք ա ստորագրես ու գնում են։ Մեկ էլ գալիս են գիշերը 04։30, էդ ի՞նչ հրատապություն էր, որ ես դեղորայքի տակ, դիմիդրոլ, դրամատոլ, ինձ քնից հանում են»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովը։

Նրա խոսքով՝ ինքն արդն առավոտյան խնդրել է կնոջը լրագրողներին պատմել իրականությունը, ասել, որ իրեն ոչ ոք ծեծի չի ենթարկել, այնուհետեւ գնալ Գագիկ Ծառուկյանի տուն․ «Առավոտ կնոջս են թողնում մոտս, ամենաառաջինը ասել եմ, որ դուրս գա եւ լրագրողներին պատմի, որ դա տենց չի եւ երկրորդը, որ անպայման գնա պարոն Ծառուկյանենց տուն։ Ես էն մարդը չեմ էլի, որ ինձ ծեծեն, ես իմ կնոջը առավոտ ուղարկեմ ինձ ծեծողի մոտ։ Ես տենց էլ չհասկացա, թե ոնց դարձա տուժող, ես իմ կյանքի մեջ ոչ մի անգամ ոչ տուժող եմ եղել, ոչ մեղադրյալ։ Էսօրվա դրությամբ ինձ սարքին տուժող, պարոն Ծառուկյանին կամ Էդիկին էլ սարքին մեղադրյալ, թե էդ խեղճ տղեն ի՞նչ կապ ունի։ Իբր ինքը ինձ ծեծել ա, հո հավի ճուտ չե՞նք»։

Հարությունովը խնդրանքով դիմեց նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ այս գործին վարչապետը ուշադրություն դարձնի․ «Իմ խնդրանքով ուզում եմ դիմել նաեւ մեր պարոն Փաշինյանին էլ, պարոն Փաշինյան ջան, ես էլ էս հեղափոխության պարագլուխներից եմ, ես եմ Աջափնյակում Աշտարակի շոշը փակել, ես եմ Ձեր կողքին եղել միշտ։ Խնդրում եմ էս հարցին ուշադրություն դարձրեք, էն խեղճ տղուն էլ թողեք, թող գնա իր տուն։ Ժողովուրդ ջան, տենց բան չի եղել, ոչ պարոն Ծառուկյանը, ոչ Էդիկը իմ վրա մատ չի բարձրացրել»։

Հիշեցնենք՝ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Վերջինս օլիմպավանում դժգոհել է, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին չեն ազատում բանակից։ Վեճ է ծագել, որի արդյունքում Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ բացատրելով, որ սայթաքել ընկել է եւ դեղերի ազդեցության սխալ ցուցմունք է տվել։

Աննա Պապիկյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանություն
X