Օպտիմալացման անհրաժեշտություն կա ոչ միայն մասնավոր, այլեւ պետական բուհերի դեպքում

Օրեր առաջ կառավարության նիստի ավարտին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ մասնավոր բուհերի ոլորտում պետք է գնան շատ լուրջ, կտրուկ քայլերի՝ փակման կամ օպտիմալացման։

Հարությունյանը նշել էր, որ մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է. «Մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կամ նրանց խոշորացման խնդիրը, կամ կտրուկ քայլեր կարվեն»,-ասել էր նախարարը:

Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը ներկա է եղել հանդիպմանը․ «Բոլոր դեպքերում օպտիմալացման, բարեփոխումների տեղ կա, բայց մասնավոր բուհերին այսօր ավելի շատ խանգարում է հակաօրինական գործառույթները, մի կողմից օրենքում գրված է բուհերի ինքնավարություն, ակադեմիական ազատություններ, մյուս կողմից ընդունելության քննությունը միասնական է կազմակերպում, կառավարությունը մի շարք բուհերի հիմնադիր է, մրցակից բուհերի մի մասի հիմնադիրը մյուսի ընդունելության հարցն էլ է լուծում, որը օրենքում ամրագրված չէ։ Մինչդեռ օրենքում գրված է, որ ընդունելության կարգը հաստատում է բուհի հիմնադիրը»։

Մակիչյանը բոլոր մասնավոր բուհերի ղեկավարներին առաջարկել է մինչեւ նախարարի հետ մյուս հանդիպումը, առանձին հավաքվել եւ քննարկել մասնավոր բուհերի օպտիմալաման հարցերը, որի արդյունքում կունենան ընդհանուր, բոլորի միասնական օբյեկտիվ կարծիքը, որը միտված կլինի բարձրագույն կրթության զարգացմանը։

«Իհարկե, բուհերի բարեփոխումները, օպտիմալացումը, խոշորացումը, գիտական հիմնարկներին, բուհերին միացումը էապես կնպաստի արդյունավետության բարձրացմանը, բայց առաջին հերթին օրենքի կատարված խախտումները, կամայակությունները պետք է հրապարակվի, հասարակությանը տեղյակ պահվի։ Մասնավոր բուհերն այսօր դիմորդների թվաքանակի պակասով ավելի են տուժում, բայց դա ոչ թե նրանց կրթական որակի պատճառով է, այլ արտաքին, ապօրինի, աշոտյանական ճնշումների»։

Մակիչյանն ընդգծում է՝ համաձայն է նախարարի հետ, որ կա օպտիմալացման անհրաժեշտություն, բայց ոչ միայն մասնավոր բուհերի դեպքում, այլ նաեւ պետականների․ «Խոշորացման ժամանակ ամբիոնները, լաբորատորիաները ավելի արդյունավետ են օգտագործվում։ Ես չեմ ասում, որ պետական բուհերը լավագույն ավանդույթներ չեն ունեցել, բայց ամեն մի ղեկավար մի բուհի կառավարման խորհրդի նախագահ էր դարձել եւ այդ «տանիքի» պատճառով օրենքը կոպիտ խախտվում էր պետական, մասնավոր բուհերում»։

Մեկնաբանություն
X