ԲՀԿ-ի շանսերը շատ բարձր եմ գնահատում․ Արման Աբովյան

Արդեն հայտնի է Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը, որը գլխավորելու է ԱԺ պատագամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ցուցակի երկրորդ տեղում է Պետրոս Ղազարյանը, որին հաջորդում է Արման Աբովյանը: Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ ԲՀԿ-ի շանսերը շատ բարձր եմ գնահատում․ «Գիտեք, հիմա քաղաքական դաշտը առհասարակ ունիկալ իրավիճակում է գտնվում, մենք նման բան չենք ունեցել երբեւէ, բացի քաղաքապետի ընտրություններից չենք ունեցել նման իրավիճակ, երբ այլ միջոցներ, որոնք նախկինում ազդում էին ընտրությունների վրա, իրենք փաստացի չկան։ Իսկ եթե չկան, մենք լրիվ հասկանում ենք, որ ընտրողները 2 հիմնական մարդիկ են․ այն մարդիկ, որոնք ընտրում են համակրանքով, եւ այն մարդիկ, որոնք ընտրում են պրագմատիկ, զանազան խնդիրների շուրջ։ Ես կարծում եմ, որ այն ուժը, կուսակցությունը, թեկնածուն, որը կկարողանա մի կողմից սիրտը գրավի ընտրողի, իսկ մյուս կողմից պրագմատիկ ծրագրեր ներկայացնի, նա էլ կհաղթի։ Կարծում եմ, որ մենք երկու գրավականն էլ ունենք, խոսքը բնավ իմ մասին չէ, այլ առհասարակ թիմի մասին»։

-ՔՊ-ի շանսերը այժմ ավելի մե՞ծ չեն՝ հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն է, նրա հեղինակությունն էլ այժմ բավականին բարձր է։

-Ես չեմ կարծում, որ կարելի է այսօր արդեն իսկ եզրակացություններ անել, մի պարզ պատճառով, որովհետեւ առայժմ այդ նախընտրական քարոզարշավը չի սկսվել, առայժմ ծրագրերը ներկայացված չեն։ Ես ուզում եմ ընդգծել, որ չափազանց մեծ հարգանքով եմ վերաբերվում բոլոր թեկնածուներին՝ Հայկին, Զառային, Արտակին, Զուրաբյան Արարատին, եւ ես ուղղակի ակնկալում եմ իսկականից շատ բարի մթնոլորտ ընտրությունների ժամանակ։

-Հայկ Մարությանի թեկնածության վերաբերյալ ի՞ նչ կասեք, ոմանք դա ընդունեցին, մյուսները հակառակ կարծիքը ունեին։

-Դա մի քիչ բարդ պահ է, ես ոչ մի բան չեմ մեկնաբանի, որովհետեւ դա իմ կողմից կոռեկտ չի լինի ոչ մի պարագայում։ Եւս մեկ անգամ կրկնում եմ՝ ես Հայկ Մարությանին շատ-շատ հարգում եմ։

-Նաիրա Զոհրաբյանը գլխավորում է ԲՀԿ-ի ցուցակը, եւ հենց այդ թիմից Գեւորգ Պետրոսյանը դեմ էր արտահայտվել նրա թեկնածությանը։

-Ես Ձեզ ասեմ մի բան, որ շատ կարեւոր նյուանս գոյություն ունի, որը ճիշտն ասած ցույց է տալիս, որ իրավիճակը առողջ է հասարակության եւ ԲՀԿ-ի մեջ։ Ամենակարեւորը նա է, որ գոյություն ունի այլակարծություն, եւ մարդիկ իրավունք ունեն ունենալու իրենց մտքերը, իրենց կարծիքները արտահայտել։ Կարող եմ ասել մի բան, որ ԲՀԿ-ում բոլոր որոշումները կոլեգիալ որոշումներ են, եւ տիկին Զոհրաբյանի առաջին հորիզոնականում հայտնվելը դա եւս կուսակցության ընդհանուր որոշումն է։ Մեկանաբանելու բան չկա, ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու։ Դա ցույց է տալիս՝ որքանով առողջ է իրավիճակը։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X