Իրավունք

Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման

Խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց նախագահող դատավոր Վաչե Մարգարյանը՝ հրապարակելով դատարանի որոշումը։ Դատարանը Իշխան Բարսեղյանին մեղավոր ճանաչեց 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով։ Կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանը տուգանվեց 120 հազար դրամով:

Նշենք, որ մեղադրողը ապացուցված էր համարել Բարսեղյանին առաջադրված մեղադրանքը եւ պահանջել նրան դատապարտել 8 տարվա ազատազրկման։ Իսկ գործով մյուս ամբաստանյալ Էլզա Զաքարյանի համար միջնորդել էր քրեական հետապնդումը վերացնել, քանի որ, ըստ դատախազի, փաստաբանը ընդունել է իր մեղքը եւ օգնել գործի բացահայտմանը։

Ըստ մեղադրական եզրակացության, Իշխան Բարսեղյանը, 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող եւ մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել եւ անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Գումարը կազմում է 1000 ԱՄՆ դոլար։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X