Ճամբարի վարպետը 2 երեխայի նկատմամբ անառակաբարո գործողություններ է արել

Մեր տեղեկություններով՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը երկու անչափահաս աշակերտի նկատմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել։ «Իջևան» մասնաճյուղի սարքավորումների և կառույցների սպասարկումն իրականացնող վարպետը, որը միաժամանակ զբաղվել է նաև երեխաների դաստիարակությամբ՝ սովորեցնելով գործնական հմտություններ իր արհեստանոցում, պարապմունքի ժամանակ անառակաբարո գործողություններ է իրականացրել Իջևան քաղաքի երկու անչափահասի նկատմամբ:

Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 142-րդ հոդվածի 3–րդ մասի 1-ին կետով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային վարչությանը:

Հիմնադրամի տնօրեն Սպարտակ Սարգսյանն էլ «Հրապարակ»-ին փոխանցեց, որ հուլիսի 12-ին հիմնադրամի միջազգային գրասենյակ անանուն նամակ են ուղարկել, որտեղ նշել են դրա մասին․ «Միջազգային օֆիս նամակ է գնում, որտեղ նշվել է, որ գյուղի վարպետը մարտ ամսին մի աղջիկ երեխայի մարմնի մասերին է ձեռքով կպել, շոշափել։ Նամակում գրել են, որ այդ մարդը երեխայի շորը բարձրացրել է, կպել մարմնի ինչ-որ մասի։ Միջազգային օֆիսը մեզ է ուղարկել անանուն նամակը, մենք հուլիսի 24-ին արդեն դիմել ենք Իջեւանի ոստիկանության բաժին, մեր ստացած փաստաթղթի հիման վրա, ճիշտ է ՝ անանուն նամակ է եղել, բայց քանի որ մեր երեխայի հետ կապված է եղել, դիմել ենք ոստիկանություն, որպեսզի նրանք այդ հարցերով զբաղվեն»։

Տնօրենի խոսքով՝ նամակում նշված է նաեւ, որ նախկինում նույն անձը մեկ այլ երեխայի ժամանակին եւս «ձեռք է տվել»․ «Ավելացնեմ նաեւ, որ այնտեղ երեխայի ինքնավնասման հետ կապված ինչ-որ բան էր գրված, ասեմ Ձեզ, որ ինքնավնասման հետ կապված լուրերը, իմ կարծիքով, տարածել է հենց այդ նամակ գրողը, քանի որ այդ երեխայի անունը, որը նշվում է, թե ինքնավնասում է արել, հենց այդ օրը ամառային ճամբարի հանգստի վերջին օրը խարույկ է կազմակերպել, ծառի ճյուղից երեխային ձեռքը ուղղակի քերծված է, արյուն էլ չի գնացել։ Դա օգտագործվել է որպես երեխայի ինքնավնասում եւ այլն»։

Անձը, որին մեղադրում են անչափահասների նկատմամբ անառակաբարո գործողություններ անելու մեջ, մարտ ամսին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել եւ անցել կենսաթոշակի․ «Ոստիկանությունը զբաղվում է, ես դիմել եմ եւ հորդորել եմ ոստիկանությանը, որ կատարեն օբյեկտիվ քննություն, պարզեն՝ եթե մեղավորներ կան, բնականաբար պատժվեն, եւ խնդրել եմ՝ պարզեն, թե ով է այդ անանուն նամակը գրել, որովհետեւ մեր անունը ամբողջ Հայաստանով մեկ փորձում են փոշոտել»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X