Երբ գալիս է օգոստոսը

Տասը տարի առաջ բռնկվեց ռուս-վրացական պատերազմը: Ռուսաստանը ծանր հարվածներ հասցրեց Վրաստանին: Արդյունքում Մոսկվան պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Տասը տարի անց Ռուսաստանի վարչապետ Մեդվեդեւը սպառնում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կհանգեցնի սոսկալի հակամարտության: Վրաստանը շարունակում է հուսալ, որ միջազգային հանրության աջակցությամբ կվերահաստատի իր ինքնիշխանությունը Ցխինվալիի ու Սուխումիի նկատմամբ:

Հարավային Կովկասում անհանգիստ է: Արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը կարծում է, որ օգոստոս-սեպտեմբերին Ադրբեջանը կանցնի նախահարձակման: Ստեփանակերտում ամենաբարձր մակարդակով են անդրադարձել ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի մամուլի ասուլիսին, որտեղ Արցախի որոշ տարածքներ Ադրբեջանին վերադարձնելու եւ այդ ձեւով խաղաղություն հաստատելու գաղափարն է շրջանառվել: Սոցիալական ցանցերում արշավ է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Որոշ օգտատերեր նրան նույնացնում են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ֆեյսբուքում ոչ ի թիզ հող չվերադարձնելու ոգով գրառումներ են կատարել Արցախի հերոսներ Արթուր Աղաբեկյանը եւ Արշավիր Ղարամյանը: Ազատ հայրենիք կուսակցությունը նույն ոգով հանրահավաք է անցկացրել Բերձորում: Մթնոլորն էլեկտրականացած է: Ռուսական մամուլն արդեն անթաքույց է քննադատում Հայաստանի նոր իշխանություններին, գրեթե բոլոր մեկնաբանները համակարծիք են, որ Փաշինյանի կառավարությունը նյարդայնացնում է Կրեմլին, եւ «շուտով ականատես կլինենք հակադարձումների»:

Մոսկվայում երկրորդ նախագահ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցումն ընկալում են որպես Հայաստանի քաղաքական էլիտայի ռուսամետ հատվածի դեմ գրոհ: Ի՞նչ հակադարձումներ է անելու Կրեմլը: Իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբաններից մեկը բաց տեքստով հայտարարել է, որ եթե Հայաստանում քաղաքական իրավիճակ չփոխվի, ապա Հարավային Կովկասում Ռուսաստանի մերձավոր դաշնակից կդառնա Ադրբեջանը: Տասը տարի առաջ Ռուսաստանը շատ դաժանորեն պատժեց Վրաստանին: Որոշ ռուս մեկնաբաններ վարչապետ Փաշինյանին համեմատում են Սաակաշվիլիի հետ: Ենթատեքստը չարուգուշակ է....

Մեկնաբանություն
X