Որ մարզպետ ես, ուրեմն սահմաններ պետք է բացե՞ս

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը շուրջ երկու ամիս է, ինչ պաշտոնավարում է: Նորանշանակ մարզպետն ակտիվ հանդիպումներ է ունենում մարզային կառույցների, գործարարների հետ, իսկ մարզպետարանում շարքային քաղաքացիները հոսքը չի դադարում, ովքեր շտապում են հերթագրվել՝ հանդիպելու մարզպետին, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները: Ու չնայած այս ամենին՝ գյումրեցիները շարունակում են դժգոհել. քաղաքում, առավել ևս իրենց կյանքում, զգալի փոփոխություններ չկան: Մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ hraparak.am-ի հետ զրույցում նշում է, որ երկու ամսում չեն կարող անօթևանության եւ գործազրկության հարցերը լուծել:

-Պարո՛ն մարզպետ, որքա՞ն քաղաքացի է Ձեզ դիմել, ի՞նչ խնդիրներով, եւ ի՞նչ եք արել։

-Մեկ ամսում ինձ դիմել է 600-ից ավել քաղաքացի, իսկ այս երկու ամսվա ընթացքում ընդունել եմ 2300 քաղաքացու: Հիմնական խնդիրները աշխատանքն ու անօթևանությունն է, ֆինանսական աջակցություն նույնպես խնդրել են: Մարզում 4000-ից ավել անօթևան ունենք, իսկ գործազրկության մակարդակը մեզ մոտ բարձր է: Աշխատում ենք այդ ուղղությամբ:

-Նախորդ շաբաթվա աշխատանքներից ո՞րը կկարևորեք:

-Բնապահպանության փոխնախարարի հետ եղանք Արփի լճում: Արտենիսի ջրամբարի հետ կապված խնդիրներ կային: Խոզաբուծարան կա այնտեղ, ֆերմայի աղբը լցվում է ջրամբարի մեջ՝ աղտոտելով լիճը: Այդ հարցերով արդեն զբաղվում ենք: 100 ֆրանսիացի տուրիստներ էին այցելել Արփի լիճ, հանդիպեցինք իրենց, պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ մյուս տարի ավելի շատ են լինելու, իսկ անցյալ տարի 40 հոգով էին այցելել: Աշխատանքը ահավոր ծանրաբեռնված է:

-Լուրեր տարածվեցին, որ գրավոր դիմել եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն հայ-թուրքական, մասնավորապես՝ Գյումրի-Կարս երկաթգիծը վերաբացելու ուղղությամբ, որը փակվել է 1993-ին՝ ղարաբաղյան հակամարտության հետևանքով:

-Ես նման բան չեմ արել, դա իմ լիազորությունների մեջ չի:Այդ տեղեկությունը երևի ինչ-որ անձանց էր ձեռնտու՝ տարածելու համար: Նախ դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, դա ազգային անվտանգության հարցն է…, եւ հետո, որ մարզպետ ես, ուրեմն սահմաններ պետք է բացե՞ս:

-Չե՞ք պատրաստվում ամռան ընթացքում ընտանիքի հետ որևէ տեղ հանգստի մեկնել:

-Ինձ 6 ամիս դեռ արձակուրդ չի հասնում, կարող եմ իմ հաշվից վերցնել, բայց չեմ պատրաստվում: Գործն այնքան շատ է, որ չենք կարող հանգստի մեկնել:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X