Կիսատկլոր քայլել են, ոռնացել․ Շուռնուխի գյուղապետը նշում է՝ եթե «համասեռամոլները» կրկին գնան գյուղ, կծեծվեն

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը նշում է, որ աղմկահարույց դեպքից հետո խոսել է գյուղացիների հետ, վերջիններս նշել են, որ եթե էլի շարունակվի նման դեպքերը, իրենք կրկին ծեծի կենթարկեն համասեռամոլներին․ «Մարդիկ նույն կարծիքին են, ասում են՝ եթե կգան նորից, նույն կարգավիճակով հանդես կգան մեր գյուղում, մենք նորից կծեծենք։ Իրենք չեն փոշմանել, մի քիչ էլ ավելի կոշտ ասում են՝ եթե մի անգամ էլ փորձեն գան, էլի նույնը կրկնվելուն է»։

Հիշեցնենք, որ օրերս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Հայկ Հ-ն զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997թ. ծնված Հայկ Հ-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ-ին ու նրա ընկերներին:

«Հրապարակ»-ի հետ զրույցում գյուղապետը նաեւ նշեց, որ համասեռամոլներից մեկը՝ իրենց գյուղացի Հայկ Հակոբյանը, իր ընկերների հետ «քվիր-հավաք» է կազմակերպել իր հայրական տանը, վատ վարքագիծ են դրսեւորել, ինչի համար էլ դեպքը տեղի է ունեցել․ «Ես գուգլով եմ իմացել այդ հավաքի մասին, որ պետք է տեղի ունենար Հայաստանի Հանրապետությունում, ընդհանուր լոգարան, ննջարան, ցանկացողները կարող են առանձնանալ, էս տիպի բաներ։ Դե ժողովուրդ են, կարող էին էդքանը անցկացնել, բայց որ իրենք իրենց ճիշտ չդրսեւորեցին, կիսամերկ քայլել են գյուղով, իրենք, օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը ոռնալով գյուղամեջում քայլել են՝ շակալի ձայներ հանելով, հետո եկել են տուն, մոմերը վառել, բալկոնում նստել, գոռգոռոցները քցել»։

Մեր զրուցակցի խոսքով՝ Հայկ Հակոբյանին գյուղում երբեւիցե չեն ճնշել, ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը․ «Մեր գյուղի մշտական բնակիչն է եղել, լրիվ աչք են փակել, անցած տարի 2-3 հոգու բերել էր գյուղ, էլի ոչ մի բան, երեւի էն ժամանակ համեստ են պահել, բայց էս անգամ չափերը որ անցել են, դե կին են, երեխա են, ասում են՝ մեր երեխան ինչ պիտի տեսնի, ինչ սովորի․․․ Ամեն դեպքում, պատերազմ տեսած մարդիկ են, ավանդական ժողովուրդ են, սա դիտմամբ սարքված էր, էդ Հայկն էլ գիտի, որ սյունեցին, շուռնուխեցին չէին ընդունի դա, սա ոնց որ սադրեցին։ Ես միջադեպի վերջում հասել եմ էնտեղ, որ կանխեմ այդ քաշքշուկը, ժողովրդին էլ եմ բացատրել, որ պետք չի, սա լրիվ սարքած գործ է։ Սա իրենց ռեկլամն էր, էլի, որ ձենները կտրած գային, կարող ա աչք փակեին, բայց, որ հասարակության մեջ ոչ ճիշտ են դրսեւորում․․․»։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X