Սա Երևանի ընտրությունն է, ոչ թե էշի հարսանիք

Հեղափոխությամբ ապրողներից ներողություն խնդրելով՝ կցանկանայի երկու խոսք ասել Երևանի ավագանու ընտրությունները «կրած-պրծած» ՔՊ-ին ու նրա ղեկավարությանը: Մի փոքր համեստությունը ձեզ չէր խանգարի, տղաներ և աղջիկներ, տիկնայք և պարոնայք: Թե ինչու եմ սա ասում, կարծում եմ, հասկացաք բոլորդ: Դուք արդեն կտրել եք ձեր կապը և քարոզարշավ սկսել այն ժամանակ, երբ նույնիսկ հայտնի չէ ավագանու ընտրության օրը: Բայց դա դեռ ոչինչ: Հասկանալի է, Փաշինյանի հաղթական վարչապետացումը անհամբեր է դարձրել ձեզ, բայց, կրկնեմ, մի փոքր համեստությունն իսկապես չէր խանգարի:

Չեմ վիճում, իրավիճակն այնպիսին է, որ թվում է՝ Փաշինյանն ում էլ (ինչ էլ) առաջադրի քաղաքապետի պաշտոնում, ընտրվելու է: Բայց ասեմ, որ դա խաբուսիկ զգացողություն է: Երևանցին ունի ինքնասիրություն, որը դուք հաշվի չեք առնում: Երևանցին շուռնուխցի չէ, որ վերցնի ու հարցերը գյուղական կարգով լուծի: Այստեղ մեծամիտների և ինքնահավանների հարցերը քաղաքավարի են լուծում և կլուծեն: Սա ես կարող եմ երաշխավորել:

Կհաջողվի՞ Նիկոլ Փաշինյանին քաղաքապետի պաշտոնում ընտրել տալ Հայկ Մարությանին ճիշտ նույն ձեռագրով, որով Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրել էր տալիս, օրինակ, Վանո Սիրադեղյանին: Եթե երևանցին հանդուրժի սա, ապա կարող է այլևս չխոսել այն մասին, թե առաջնորդվել է իր քաղաքի շահերով: Նա այս դեպքում առաջնորդվում է Նիկոլ Փաշինյանի ցուցամատով, ինչը, մեղմ ասած, բոլորովին այլ պատկերացում է տալիս երևանցիների մասին՝ որպես մայրաքաղաքային հավաքականության:

Քաղաքականությունը դնենք մի կողմ: Ասացեք, խնդրեմ, ճի՞շտ է, որ ծնունդով իջևանցի վարչապետը քաղաքապետ պարտադրի երևանցիներին: Այս ընտրությունները ունեն այդ սպեցիֆիկան և դրանից չես փախչի: Ես վանաձորցի եմ և ինձ վիրավորված կզգամ, որ մեզնից ոչ շատ հեռու Իջևան համայնքից մեկը գա ու կարգադրի, թե ում ընտրեմ Վանաձորի քաղաքապետ: Դա, եթե չասեմ մահու չափ վիրավորական, ապա առնվազն անհարգալից վերաբերմունք կլինի հանրապետության 3-րդ քաղաքի յուրաքանչյուր հպարտ բնակչի հասցեին: Այս դեպքում խոսքը Երևանի, ասել է՝ մայրաքաղաքի, միլիոնանոց քաղաքի բնակիչների մասին է, մի մոռացեք: «Ֆեյսբուքի» նիկոլապաշտ ակտիվը մի հանգի պնդում է, որ Հայկ Մարությանն այլևս քաղաքապետ է: Նայում ես աղմկողների ծագումները՝ մեծ մասը ծնվել է այս ու այն գյուղում, մեծացել մայրաքաղաքի մատույցներում և վերջապես «երևանցի» դարձել Փաշինյանի հեղափոխությունից հետո: Եվ այս մասսան մայրաքաղաքի ընտրողներին էս գլխից «վստահեցնում է», որ Հայկ Մարությանին այլընտրանք չկա: Այ քեզ հաջողություն: Հարցնում ես՝ խի՞, արա, պատասխանում է՝ Նիկոլն է այդպես ուզում:

ՔՊ-ն, որպես քաղաքական ուժ, այս քննարկումներից բացակայում է, եթե չհաշվենք իր թեկնածուին եթերից մի քանի վայրկյանով անգամ չիջեցնելը: Բայց այդ «լռությունը» վկայում է նաև ֆեյսբուքյան հիշյալ մասսայի հետ ՔՊ-ի լուռ համաձայնության մասին: Եթե սխալվում եմ՝ կարող եք ուղղել, կարող եք ասել, որ ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր քաղաքական ուժերի հետ հավասար ստարտային պայմաններով մտնի քարոզարշավի մեջ:

Կարո՞ղ ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն արդեն իսկ ընտրակեղծիք են թույլ տալիս: Իսկ նրանց թեկնածու Հայկ Մարությա՞նը: Նրան է՞լ խնդրենք մի քիչ համեստ լինել: «Արմենիայի» եթերում մի «Հայկո-Մկոն» վերջանում, մյուսն է սկսվում, սա էլ վերջանում՝ «Ազիզյաններն» է սկսվում: Գուցե արժե՞ մի քիչ հարգել երևանցուն, մանավանդ որ «սիրտդ քաղաքապետ է ուզում»: Արժե՞ հիշեցնել պարոն Մարությանին, որ մեր լավագույն արվեստագետների կարիերան կործանվել է այս ու այն կուսակցությանը անդամակցելու ցցուն դիմումներ գրելուց հետո: ՔՊ-ն, ինչպես ցույց են տալիս առաջին 100 օրերը, վաղվա ՀՀԿ-ն է, ի՞նչ տարբերություն: Կուսակցակա՞ն եք ուզում դառնալ, հրաշալի է, սկսեք քաղաքական դերեր խաղալ և ոչ թե Գառնիկի կերպարով ամեն օր մտնել մարդկանց տներ: Դուք, կարծեմ, ընտրություն եք կատարել, պարոն Մարության:

Քիչ առաջ մի քաղաքագետ հարցազրույց էր տվել, թե ՔՊ-ն բացառելու է թաղային հեղինակությունների դերակատարությունն այս ընտրություններում: Սկզբում հուզվեցի, բայց հետո փորձեցի հասկանալ, թե ի՞նչ ուժերով է ՔՊ-ն բացառելու այդ երևույթը: Շատ մտածեցի, շատ ու եկա այն եզրակացության, որ դա կարելի է անել (և երևի կանեն) ԱԱԾ-ով, Ոստիկանությունով, բանակով, ԱԻՆ-ով, էլ ո՞վ կա այնտեղ, ՊԵԿ-ով, մաքսայինով… Այլապես թաղային հեղինակությունները հո հավ չե՞ն, որ մի քաղաքագետ օդեղեն հայտարարություն անի, իրենք էլ «պախկվեն» ընտրությունների օրը: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե հայտարարեին, որ ՔՊ-ն հրաժարվելու է թաղային հեղինակությունների ծառայություններից: Այ սա արդեն ռեալ կլիներ՝ ՔՊ-ի հնարավորություններին մոտ: Բացի այդ, սիրուն էլ չէ, երբ իշխող քաղաքական ուժը ընտրություններից առաջ ԱԱԾ-ով, բանով, արդեն իսկ ահուսարսափ է գցում հանրության մեջ: Ընտրությունները պետք է անցնեն խաղաղ, առանց բռնությունների ու ճնշումների, մինչդեռ ՔՊ-ն արդեն հավարը գցել է ուժայիններին: Թե ինչպես են աշխատում ուժայինները ընտրությունների ժամանակ, բոլորս գիտենք, նաև բոլորս գիտենք, թե ընտրապայքարի ինչպիսի զինանոցի է տիրապետում Նիկոլ Փաշինյանը: Թվե՞նք թե քանի մարդու վրա է «միլիցա» բերել նա անցյալ ընտրություններում: Կարծում եմ՝ կարիք չկա:

Կարիք չկա, իսկապես, վնասել «հեղափոխությանը»: Լավ, թե վատ՝ բան է փոխվել Հայաստանում: Պետք է ամեն ինչ անել, որպեսզի լավը շատ լինի, լավը արմատներ գցի, քանզի մենք միայն այդպես կուժեղանանք: Բայց հարկ է, որ սա հասկանան նաև «հեղափոխությամբ ծնվածները» և առնվազն իրենք տուրք չտան մրցակցությունը մերժելու այս խայտառակ ընթացքին: Այն ամենը, ինչը հաճելի չէ Նիկոլ Փաշինյանին, այսօր որակվում է «հակահեղափոխություն»: Այլ կարծիք չպետք է լինի, այլ քաղաքական ուժ չպետք է հավակնի Երևանի քաղաքապետի պաշտոնին, ոչ ոք իրավունք չունի փաշինյանական նախարարին կամ այլասերված խոսնակին կարգի հրավիրել, ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, որ չի մասնակցելու օգոստոսի 17-ի, ներողություն, հանրահավաքին, որովհետև այլևս չի ուզում լսել վարչապետի միատոն ելույթը՝ համեմված ավտոմեքենաների սիգնալ-զռռոցներով: Կարծիք կա, որ Փաշինյանն այդ հանրահավաքով տալու է Մարությանի քարոզարշավի մեկնարկը: Դա էլ՝ ու պըրծ: Ես հիմա «հաստատ» կգնամ այդ հանրահավաքին: Իսկ ինչի՞ համար են հեռուստատեսություններն ու մամուլի ասուլիսները, որ վարչապետն անպայման ուզում է հրապարակ փակել: Իսկ հրապարակ փակելը, հասկանալի է, լրացուցիչ անհարմարություն է ՀՀ մայրաքաղաքի մնացած բնակիչների համար, որոնց մասին այդպես էլ չհիշեց Փաշինյանն այս 100 օրերին:

Հ.Գ. Բոլշևիկներն իրենց ավանտյուրայից հետո այնպես արեցին, որ հավերժ բոլշևիկ մնան: Ինչ քայլի ասես՝ չդիմեցին, ում ասես՝ իրենց ճանապարհից չհեռացրին, որ մենակ մնան քաղաքական դաշտում: Բոլորը, որոնց նրանք հեռացնում էին, գնում էին նույն դրոշմով՝ «հակահեղափոխական» կամ «հեղափոխության թշնամի»: Ճիշտ նույն ձեռագիրն ուներ ՀՀՇ-ն: Նիկոլ փաշինյանի ձեռագիրը, որքան տեսնում ենք, առանձնապես չի տարբերվում նրանց ձեռագրից: Բայց սա Երևանի ընտրությունն է, պարոն Փաշինյան, և ոչ թե էշի հարսանիք, որ, երևանցու ասած, հընթացս «կոխեք, էթա»: Արժե ասվածը նաև ՔՊ նախագահին փոխանցել: Հրազդանով թող բավարարվի:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X