Ժողովուրդը չէր ների Նիկոլին, եթե Քոչարյանն այդքան չարագործություններով հանդերձ շարունակեր ազատ ֆռֆռալ

Ինչի՞ համար է մշակույթի նախարարությունը

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը դժգոհ է մշակույթի դաշտում իշխանության վարած քաղաքականությունից, սկսած մշակույթի նախարարի ընտրությունից, վերջացրած մնացյալ բաներով․ «Միշտ մտածում եմ Հայստանում կգա՞ մի իշխանություն, որին ես յուրային կհամարեմ, ցավոք Նիկոլի իշխանության թերություններն էլ կամաց- կամաց աչքս տեսնում է։ Եթե մենք խոսում ենք բարձր արժեքներից, ապա առաջինը պետք է բարձրացվեր մտավորականության դերը, ունենայինք ժամանակակից կամ գոնե դասական գրողների գործերի հիման վրա նկարահանվող ֆիլմեր, նաեւ հաղորդումներ։ Պետք է բոլոր հեռուստաընկերություններին պարտադրվեր, որ օրվա մեջ գոնե մի ժամ հատկացվեր ազգային մշակույթին, պատմությանը, գրականությանը։ Իմ կյանքում ոչինչ չի փոխվել եւ չեմ էլ ակնկալում, որ կփոխվի։ Եթե օրինակ Հասմիկ Պողոսյանն ինձ անձամբ գիտեր, Արմեն Ամիրյանն ուղղակի գիտեր, որ նման գրող կա, ապա մեր նոր նախարարը չգիտի՝ ով կա, ով չկա։ Ես մի քանի հարցազրույց եմ նայել հեռուստատեսությամբ իր մասնակցությամբ եւ անկեղծ ասած ինքն ինձ հիշեցնում է դպրոցական տարիների այն աշակերտին, ով երբ դասը լավ չէր սովորում նույն նախադասությունը մեկ վերջից էր ասում, մեկ՝ սկզբից, որպեսզի ժամանակը լրանա։ Ինքն անընդհատ խոսում է, որ օրենք պետք է փոխենք, է փոխեք, ո՞վ է ձեզ խանգարում։ Այնպես որ չեմ կարող ասել, որ գոնե գրողների կյանքը կթեթեւանա նոր նախարարի օրոք, հատկապես որ խոսք չի գնում պետ պատվերը, պետ աջակցությունը վերականգնելու մասին եւ ինչպես Արմեն Ամիրյանի օրոք էր, հիմա էլ ինչ կատարվում է նախարարությունում՝ կատարվում է հրատարակչության աշխատողների ուժերով, նրանց նախաձեռնությամբ։ Եվ ուրեմն ինչի՞ համար է այդ ամբողջ նախարարությունը։ Կամ, եթե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ, ինչո՞ւ ենք հրատարակչին բերում դնում նախարարության հանձնաժողովում։ Շատ հարցեր կան, որ, ես որպես գրող, դժգոհ եմ»։

Քոչարյանի ձերբակալությունը պարտադիր էր

Արձակագրի կարծիքով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը շատ տեղին էր ու ճիշտ․ «Ես երբեք չեմ համակրել 3 նախագահներից եւ ոչ մեկին ու իմ չհամակրանքը, արհամարհանքը միշտ ցույց եմ տվել, ես չեմ գտնում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ Սերժ Սարգսյանը արժանի են ձերբակալման, բայց Ռոբերտ Քոչարյանի դեպքում դա պարտադիր էր։ Ժողովուրդը չէր ների ոչ Նիկոլին, ոչ որեւէ մեկին, եթե Քոչարյանն այդքան չարագործություններով հանդերձ շարունակեր ազատ ֆռֆռար, ինչ է թե դա Ռուսաստանի կամ ինչ- որ մեկի սրտով չի։ Այնպես որ դա լուրջ եւ ճիշտ քայլ էր։ Օրինակ Մանվել Գրիգորյանի ձերբակալության ժամանակ ես մտածում էի, որ սկսեցին այնպիսի մեկից, որն ինտելեկտ չունի եւ ինքն իրեն նույնիսկ չի կարող պաշտպանել ու Նիկոլի ուժը պատում է Լֆիկի կամ Մանվելի վրա, բայց երբ ձերբակալվեց Ռ․ Քոչարյանը, մտածեցի, որ ես էլ այդպես կվարվեի եւ նույնիսկ ավելի շուտ կձերբակալեի, քան դա եղավ»։

Նաիրա Զոհրաբյանն ավելի լավ տարբերակ է

Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնորդներից, ըստ Սուսաննա Հարությունյանի, ԲՀԿ-ի թեկնածուն՝ Նաիրա Զոհրաբյանը ավելի լավ տարբերակ է, քան ՔՊ-ի թեկնածուն՝ ի դեմս Հայկ Մարությանի․ «Նաիրա Զոհրաբյանը գոնե քաղաքականության մեջ թրծված է, գրագետ կին է, փայլուն գրականություն է հասկանում եւ միայն այն, որ պայմաններ ստեղծեց, որպեսզի Սամվել Մկրտչյանը թարգմանի «Ուլիսեսը», արդեն արժանի է հարգանքի։ Չեմ կարծում, որ եթե Նառան ընտրվի՝ վատ քաղաքապետ կլինի։ Հայկ Մարությանի դեպքում ուրախ եմ, որ եթե գնա քաղաքականություն, այդ խայտառակությունը, անճաշակությունը, գռեհկությունը էկրաններից կվերանա, չի անի այդ ծամածռությունները եւ խայտառակի դերասանի անունը, բայց մյուս կողմից էլ խիստ կասկածում եմ, որվհետեւ լավ, ազնիվ, հայրենասեր մարդ լինելը դեռ քիչ է քաղաքապետ լինելու համար։ Ամեն դեպքում, եթե ես ընտրելու լինեի, ապա երկուսի միջից կընտրեի Նաիրա Զոհրաբյանին»։

Մեկնաբանություն
X