Ինձ դատապարտեն էլ՝ չեմ գնա պատգամավոր դառնամ

Դերասան Աշոտ Եդիգարյանը շատ լավ է վերաբերվում դերասան Հայկ Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտնում առաջադրվելու փաստին։ Ասում է՝ ոչ միայն իր լավ բարեկամն է, այլ նաեւ կարգին անձնավորություն․ «Շատ նորմալ տղա է եւ միշտ մասնակցել է ժողովրդի ընդվզման տարբեր բողոքներին, թե ինչպիսի քաղաքապետ կլինի եւ ինչպես կաշխատի, չեմ կարող ասել, բայց որ լավ անձնավորություն է, շնորհալի մարդ, իրոք այդպես է։ Ես իրեն հարգում եմ ու առիթ եմ ունեցել նաեւ նկարահանվելու իր հետ, բայց մյուս կողմից էլ այն աստիճան մտերիմ չեմ, որ իմանամ նրա քաղաքական կամ կառավարչական հմտությունների մասին»։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա ըստ Եդիգարյանի՝ բոլորն էլ կարծես թե դրական մարդիկ են, սրտացավ Երեւանի հանդեպ, ուզում են ինչ-որ բաներ շտկել եւ ավելի լավ հիմքերի վրա դնել Երեւանի զարգացման հարցերը։

Այնուհանդերձ, Հայկ Մարությանին համեմատել Շվարցնեգերի կամ Ռեյգանի հետ այնքան էլ ճիշտ չէ․ «Տարբերություն կա էլի, այնտեղի դերասանը լրիվ ուրիշ կյանքով է ապրում, ուրիշ ֆինանսական միջոցների տեր է, լրիվ այլ կենցաղավարություն է։ Դեռ ոչ մի անգամ չի եղել, որ Հայաստանից դերասան գնա ու նրան դիմավորի ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի նախագահը, բայց ամերիկացի դերասանները գալիս են ու նախագահի մակարդակով ընդունելության են արժանանում մեզ մոտ։ Սրանք տարբեր բաներ են, չի կարելի համեմատել։ Մի ժամանակ ասում էին՝ Սոսը վա՞տ դերասան է, որ դառնա նախագահ, Ռեյգանն էլ չէ՞ դարձավ նախագահ, չի կարելի համեմատել, ես դրան դեմ եմ ու ճիշտ չեմ համարում։ Ինձ համար շատ կարեւոր է մարդկային որակները, որն, օրինակ, Հայկն ունի։ Ցանկությունը մի բան է, կարողանալը՝ այլ բան»։

Իսկ առհասարակ, Աշոտ Եդիգարյանը կարծում է, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի․ «Ինձ, օրինակ, եթե դատապարտեն էլ, իմ գործից բացի, չեմ գնա ադմինիստրատիվ գործ անեմ կամ պատգամավոր դառնամ, անկախ նրանից որքանով եմ տեղյակ, ինչքան տրամաբանություն ունեմ եւ ինչքան խելք»։

Մեկնաբանություն
X