Տասնյակ գյուղապետներ ազատվել են իրենց կամքով. Կոտայքի մարզպետ

Արդեն տեւական ժամանակ է մամուլում գրվում է, որ Կոտայքի նորանշանակ մարզպետի ճնշումների ներքո համայնքի ղեկավարները ազատվում են աշխատանքից: Նշենք, որ Կոտայքի մարզպետի նշանակումից հետո 10 համայնքի ղեկավարներ ազատվել են աշատանքից: Այս թեման նաեւ ակտիվ քննարկվում է Ֆեյսբուքում: Վարդան Թամրազյան օգտատերը այս առնչությամբ գրում է. «Կոտայքի մարզում խուլ դժոհություն է հասունանում նոր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործունեության նկատմամբ: Այդ դժգոհությունը ունի լուրջ հիմքեր, քանի որ նոր մարզպետը, ինչպես նշում են լավատեղյակ աղբյուրները, ամենևին չի պատկերացնում իր գործը և իր գործառույթները: Մասնավորապես՝ փոխանակ զբաղվի մարզի խնդիրներով, փոխանակ ընդունի մարզի բնակիչներին և ականջալուր լինի նրանց հարցերին, լծվել է Կոտայքի մարզի գյուղապետերին ահաբեկելու գործին: Ըստ աղբյուրների, նա իր մոտ է կանչում գյուղապետերին և ստիպում նրանց հրաժարական տալ գյուղապետի պաշտոնից, հակառակ պարագայում սպառնալով դատախազությամբ և անվտանգությամբ, այն դեպքում, երբ գյուղապետի պաշտոնը ընտրովի պաշտոն է, այլ ոչ թե նշանակովի, և մարզպետը գյուղապետի վրա փաստացի որևէ իշխանություն չունի, իսկ գյուղապետի հրաժարական կարող են պահանջել միայն գյուղացիները:

Իսկ դատախազությամբ ու անվտանգությամբ ահաբեկելը բացահայտ սպառնալիք և շանտաժ է գյուղապետերի դեմ, որոնք ուղղակի իրենց գործն են անում գյուղերում: Այո, գյուղերում խնդիրները շատ են, բայց Հայաստանում այսօր չկա մի գյուղ, որ խնդիր չունենա: Փաստորեն փոխանակ ականջալուր լինի այդ խնդիրներին և դրանց լուծման ուղիներ մտածի, որը իր հիմնական գործառույթն է, Կոտայքի մարզպետը լծվել է նրանց ահաբեկելու գործին՝ հրաժարական կորզելու մարմաջով: Այս ամենը արդեն վաղուց դուրս է եկել մարզպետարանի պատերից և տարածվել ամբողջ մարզով՝ հարուցելով մարզի բնակիչների դժգոհությունն ու զայրույթը: Մարզում անթաքույց ձևով հասունանում են բողոքի տրամադրություններ և դժգոհություն, որոնք մի օր պայթելու են, և այդ օրը հեռու չէ, քանի որ մարզպետը շարունակում է նույն գործելաոճը նշանակվելուց ի վեր և դրան վերջ տալու որևէ նշան ցույց չի տալիս: Իսկ այդ ընթացքում չլուծված են մնում մարզի բազմաթիվ խնդիրներ, ինչը լուծելը նրա հիմնական պարտականությունն է: Թե երբ մարզպետը կթողնի գյուղապետերին ահաբեկելու գործը և կանցնի իր բուն պարտականություններին, հայտնի չէ: Թերևս մարզի բնակիչների բացահայտ բողոքն ու զայրույթը նորանշանակ մարզպետին ստիպեն սթափվել և տարբերել մարզպետի աշխատանքը բացահայտ ահաբեկումից և շանտաժից: Հ.Գ.Ի դեպ մարզում տեղեկություններ են պտտվում նաև այն մասին,որ մարզպետի ընտանիքը աղանդավորական կրոնական կազմակերպության անդամ է»:

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով մեզ հավաստիացրեց, որ գյուղապետները իրենց կամքով են հրաժարական տալիս, որեւէ պարտադրանք չի եղել:

-Պարո´ն Պետրոսյան, մամուլում շրջանառվում է նաեւ, որ Ձեր ընտանիքը աղանդավորական կազմակերպության անդամ է, ի՞նչ կասեք այս մասին:

-Սուտ է, նման բան չկա:

-Մարզպետարանի կողմից Հրազդանի քաղաքապետարանում ստուգումները ավարտվեցին, խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ:

-Ստուգումները ավարտվել են, վերջնական քննարկումների փուլում ենք, առաջիկա շաբաթ ակտը կփոխանցենք ՏԿԶՆ և իրավապահ մարմիններին, առերևույթ խախտումների փաստերով:

-Կոտայքի մարզում քանի՞ համայնք չունի մշակույթի տուն եւ մանկապարտեզ:

-Եղել եմ համայնքների շուրջ 70 տոկոսում, եղած համայնքների ճնշող մեծամասնությունը չունի մանկապարտեզ և մշակույթի տուն, իսկ կան այնպիսիները, որոնք ղեկավարում են 20-25 տարվա գյուղապետներ և վարչական ղեկավարներ, և գյուղն ունի թշվառագույն «դիմագիծ» ։ Ասեմ նաև, որ մինչև հոկտեմբեր մարզում արդեն նախատեսում են 2 խոշոր մանկապարտեզի և 5 արվեստի դպրոցների բացում։

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X