Շշի Մելոյի քրոջ որդին խաթարել է աբովյանցիների անդորրը․ լուսանկարներ

Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի քրոջ որդին խաթարել է Աբովյան քաղաքի Սարալանջ 17 շենքի բնակիչների անդորրը: Պատգամավորի զարմիկը նշված հասցեում «երկսենյականոց» ավտոտնակ է սարքում ու անխնա հատում դիմացի այգու հաստաբուն ծառերը. «Մեկ օրում 10 հաստաբուն ծառ հատեց,արմատախիլ արեց, տարիներով մեծացրած ծառերը ոչնչացրեց մեկ գիշերվա ընթացքում»,-պատմում է շենքի բնակիչներից Շիրակացու անվան ճեմարանի նախկին ուսուցչուհի Արմինե Պետրոսյանը, նա ահազանգել է մեր խմբագրություն, խնդրում-հորդորում է պատկան մարմինների ուշադրությունը իրենց խնդրին:

Քաղաքացու կարծիքով, պատգամավորի բարեկամին շինթույլտվություն են տվել քաղաքաշինության բոլոր նորմերին հակառակ. «Չի կարելի բնակելի շենքի դիմացը այգին ոչնչացնելով հսկա ավտոտնակ սարքել, այն պարագայում, երբ շենքի ետնամասում ավտոտնակների պակաս չի զգացվում: Բայց քանի որ իրենք քաղաքապետի հետ մտերիմն են, մի շինթույլտվություն տալը բարդ գործ չէ» ասում է նա շարունակելով. «Սկզբում ասում էին, թե երկհարկանի շենք է կառուցում, երբ բնակիչներս բողոքեցինք, հավանաբար մտքափոխվեց, մեկ հարկանի հսկա ավտոտնակ է կառուցում , գազ քաշում, ջուր, լույս»:

Տիկին Արմենուհին կասկածներ ունի, որ ծառահատումը շարունակվելու է, իրենք դիմել են մարզպետին, բնապահպանության տեսչություն, սակայն ապարդյուն. «Վերջերս դիմեցինք նորանշանակ մարզպետին՝ շինաշխատանքները երեք օրով դադարեցվեցին, ասացին հանրային լսումներ կկազմակերպենք: Հետո, չգիտես ինչպես, հաջորդ օրը այդ լսումները առանց մեզ տեղեկացնելու անցկացրեցին, շենքից մի տասը բնակիչ տվել է համաձայնություն կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու վերաբերյալ, սակայն, ստացվում է, որ մյուս կեսը դեմ է: Սակայն շինաշխատանքները նորից վերսկսվել են, ու հիմա մենք չգիտենք էլ ում դիմենք»:

Կոտայքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ պատասխանեցին, որ քաղաքացիների դիմումի հիման վրա մարզպետի կարգադրությամբ աշխատանքային խումբ է մեկնել, տեղում զբաղվել խնդրով, քաղաքային իշխանությունից ստացել են համապատասխան փաստաթղթեր, որ շինաշխատանքներն ընթանում են օրինականության դաշտում, կա համապատասխան շինթույլտվություն: Մարզպետի մամուլի խոսնակը ասաց նաեւ, թե տվյալ վայրում ծառահատում չի իրականացվում:

Մեկնաբանություն
X