Մամուլի տեսություն

«Փաստ». Սպանդանոցները դարձել են թուղթ վաճառողներ, ո՞րն է գյուղմթերքի թանկացման պատճառը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը միանշանակ պնդում է, որ գյուղմթերքի կտրուկ թանկացման պատճառը գյուղատնտեսության նախարարության չմտածված հայտարարություններն են եղել:

«Դրա համար հարկավոր է պարոն նախարարին հարցնել, թե ինչո՞ւ էր հայտարարում, որ գործարանները պատրաստ են լոլիկ գնել: Մենք այդտեղ ստվերային գործոն ենք տեսնում, քանի որ վերջին 5–6 տարին Հայաստանում լոլիկի աճեցման գործընթացը նահանջել է»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

Նրա տեղեկացմամբ, օգոստոսին հիվանդություն է տարածվում, որի դեմ գյուղացին միայնակ չի կարողանում պայքարել: Հարկավոր է մասսայական, ավիացիոն սրսկումների միջոց կիրառել, որը պետք է նախարարությունը կազմակերպի, ինչը չի անում: Այդ է պատճառը, որ ամառվա վերջին ամսին գյուղմթերքի գինը բարձրանում է, ինչը լոլիկի քիչ ցանքատարածություններով է պայմանավորված:

Հ. Բերբերյանը չի կարողանում հասկանալ, թե շուկայական տնտեսության պայմաններում գյուղատնտեսության նախարարությունն ընդհանրապես ինչ գործ ունի արտահանումների հետ, քանի որ դրանով պետք է զբաղվեն մասնավոր ընկերությունները:

«Մեկ այլ նախարար էլ գնում, կարտոֆիլի ցանքատարածությունների ֆոնին նկարվում էր, որ ցույց տա, թե իբր գործ է անում: Հերիք չի գործից չեն հասկանում, մի բան էլ բերում նշանակում են նախարար: Ֆիզիկոսն ի՞նչ կապ ունի գյուղատնտեսության հետ, ես չեմ հասկանում: Արդեն մի քանի տարի է ասում եմ, որ բարեփոխումների պետք է գնանք, բայց նախարարությունն այդպես էլ որեւէ ծրագիր չի իրականացնում: Դրանք պետք է շեշտակի լինեն, որպեսզի հաջորդ տարի ցանքատարածություններն ավելանան: Գիտելիք է հարկավոր ունենալ, եւ եթե նախարարը մասնագիտությամբ ֆիզիկոս է, ի՞նչ գիտելիք պետք է ունենա գյուղատնտեսության մասին»,– ասաց Հ. Բերբերյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ դաշտում աճած լոլիկի գինը մի քանի անգամ էժան է լինում, քան ջերմոցում աճածինը: Խոսելով գործարանների հայտարարած 30–40 դրամով լոլիկի ներմուծման գնի մասին, նա նշեց, որ նման հայտարարությունները ստվերային տնտեսությունների համար են արվում:

«Որպեսզի կարողանան նախարարության միջոցով գյուղատնտեսական 5%–անոց վարկերին ձեռ գցել, հետո էլ գնան Իրանից տոմատի մածուկ ներմուծեն, տեղում փաթեթավորեն, անունն էլ դնեն, թե այստեղ են արտադրում: Նախարարության այդ արածները վաղուց գիտենք: Նրանց գործելաոճում ընդհանրապես ոչինչ չի փոխվել, որովհետեւ նույն կուսակցությունն ամեն անգամ ձեռքը գցում է այդ նախարարությանը եւ ոլորտը խորտակում: Ընդհանրապես, մեզ մոտ պաշտոնի պայքարը միայն մի նպատակ ունի՝ որ իրենց անձնական հարցերը լուծեն: Եվ եթե այսօրվա իշխանությունները թքած ունեն գյուղացու խնդիրների վրա, ապա գյուղացին էլ ստիպված անում է այն, ինչ կարողանում է: Բայց գյուղնախարարությունն առաջվա նման զբաղված է նկարչությամբ: Եվ եթե պետք է դրանով զբաղվեն, թող զբաղվեն, ի՞նչ ասեմ »,– ասաց Հ. Բերբերյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X