Երիտասարդ ու չամուսնացած լինելը քաղաքապետ դառնալու նախապայման է

Հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հրազդանցիները քաղաքապետ են ընտրելու։ 16-ամյա կառավարումից հետո նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի հրաժարականից հետո համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի մտերիմ ընկերոջ դուստրը՝ Լիլիթ Ստեփանյանը։

Վերջինս, մեր տեղեկություններով, ընտրություններն չի մասնակցի, փոխարենը քաղաքապետի իրական թեկնածուն Սասուն Միքայելյանի որդին է՝ ՔՊ անդամ Սևակ Միքայելյանը։ Հրազդանում MYcorner հակասրճարանի հիմնադիր, 24-ամյա Լևոն Ստեփանյանը հաստատապես որոշել է՝ ընտրություններին մասնակցելու է՝ քաղաքապետի թեկնածու առաջադրելով իրեն։

Մեր զրուցակիցը Հրազդանի քաղաքապետի թեկնածու Լևոն Ստեփանյանն Է։

-Ո՞ր քաղաքական ուժն է սատարում ձեզ։

-Ես անկուսակցական եմ։ Երբ նախկին քաղաքապետը հրաժարական տվեց, ընկերներս ֆլեշմոբ սկսեցին Ֆեյսբուքում, որ Հրազդանի քաղաքապետի թեկնածուն Լևոն Ստեփանյանն է, ինչը բավականին մեծ տարածում գտավ, ինչպես նաև ինձ ճանաչողները, ովքեր գիտեն իմ սերը քաղաքիս հանդեպ, իմ հեղինակությունը, հորդորեցին եւ ստիպեցին ինձ, որ առաջադրվեմ։

-Որպես կանոն թեկնածուները հեղինակություն են վայելում, հրազդանցիները ձեզ բավարար ճանաչո՞ւմ են։

-Հրազդանում MYcorner հակասրճարանի հիմնադիրն եմ, որը շուրջ 13 ամիս է՝ գործում է։ Ժամանցի կենտրոն հակասրճարան է, Հրազդանում նոր մշակույթ է ձևավորվել. թեյ, սուրճ ըմբոշխնելուց զատ այցելուները խաղեր, կինոդիտում եւ քննարկումներ են կազմակերպում , մեզ մոտ կա նաև գրադարան։ Սկզբնական շրջանում հաճախորդների հետ կապված բարդ էր, բայց հիմա քաղաքում երիտասարդների մի լավ կորիզ է ձևավորվել, ովքեր հաճախ են այցելում։

-Կարելի՞ է ասել, որ ձեր հիմնական ընտրազանգվածը երիտասարդներն են լինելու, իսկ ավելի տարեցների եւ այլ նախասիրություններ ունեցողների հետ ինչպե՞ս եք վարվելու։

-Այո, հիմնականում երիտասարդներն են, բայց քարոզարաշավի ընթացքում ես նախատեսել եմ հանդիպել Հրազդանի գոնե 70 տոկոս բնակչության հետ, շփվել նրանց հետ, որպեսզի մարդիկ հասկանան, որ թեկնածուն իրենց ծոցից է դուրս եկել։ Քանի որ շատ երիտասարդ եմ, եւ բազմաթիվ խնդիրներ կան, որոնց մասին լավատեղյակ չեմ, ֆեյսբուքյան հարցումների միջոցով փորձում եմ հիմնախնդիրներին ծանոթանալ, առանձնացնում եմ ու կարևորում առաջնայինները, որի հիման վրա էլ գրելու եմ իմ նախընտրական ծրագիրը։

-Ասացիք, որ շատ երիտասարդ եք, քաղաքապետ լինելու համար արդյոք կայացած տարի՞ք է 24-ը։

-Գուցե ավելի մեծ լինեի՝ չառաջադրվեի, որովհետև հիմա եռանդը, ակտիվությունն ու պատրաստակամությունն ավելի շատ է։ Ես վստահ եմ իմ ուժերին, երիտասարդությունը միայն օգնում է ինձ։ Մի հանգամանք ևս․ կարծում եմ ընտրողը պետք է հաշվի առնի։ Ես ամուսնացած չեմ, եւ այս պահին իմ քաղաքը ինձ համար իմ ընտանիքն է, իմ երեխան։

-Այսինքն ամուսնացած չլինելը քաղաքապետ դառնալու նախապայմա՞ն է։

-Իհարկե, ես ավանդական հայկական ընտանիքի արժեքները կրող երիտասարդ եմ, եւ մեր բոլորի պարտքն է որպես քաղաքացի նաև ընտանիք կազմել, բայց առայժմ երիտասարդ, չամուսնացած լինելը կօգնի, որ անմնացորդ նվիրվեմ քաղաքիս։ 2 տարին բավական է, որ քաղաքը ոտքի կանգնի, դրվի զարգացման ֆունդամենտը։

-Նախկին իշխանությունների օրոք կառաջադրվեի՞ք։

-Չէի առաջադրվի, որովհետև կլանների անդամ չէի ուզի դառնալ։ Հաստատ չէի կարող քաղաքիս բյուջեից գումար գողանալ եւ պլաններ վճարել։

-Բայց ձեր բիզնես գործունեությունը նախկինների օրոք եք սկսել։

-Մեզ չեն նեղացրել, որովհետև մենք արդար ենք աշխատել, ժամանակին հարկերը վճարել ենք, նույնն էլ հիմա ենք անում, բայց մինուսով ենք աշխատել։ Այս տարի առաջին անգամ հուլիսին մեր շահույթը 0+1 է եղել , ինչը պայմանավորված է մի քիչ այցելուների թվի ավելացմամբ եւ այն, որ ես էլ հիմա շատ ժամանակ եմ հատկացնում հակասրճարանին, իսկ եթե ես քաղաքապետ ընտրվեմ, MYcorner -ը կգործի անվճար, հասարակական հիմունքներով, այն վերածվելու է Հրազդանի մշակույթային կենտրոններից մեկի։

-Գրեթե վստահ ենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն իր թեկնածուին առաջադրելու է եւ գիտենք, թե ով է նա, մտավախություն չունե՞ք։

-ՔՊ անդամ շատ ընկերներ ունեմ։ Խնդիր չեմ տեսնում, ընտրությունը կատարելու է ժողովուրդը, եւ, ի տարբերություն Երևանի, ընտրությունը կատարվում է կոնկրետ անձի շուրջ, մեծ հաշվով կուսակցությունը դեր կատարում է, բայց ի վերջո անձին են ընտրում։ Հավատում եմ՝ արդար ընտրություններ են լինելու, հրազդանցին իր ձայնը տալու է առանց հաշվի առնելու՝ ում որդին է, ինչ հեղինակություն ունի։ Ի դեպ, ասեմ, որ Կոտայքի նորանշանակ մարզպետը մարզպետարանի 2-րդ հարկում հանրային գրադարան է հիմնում, այդ գրադարանի գրքահավաքի նախաձեռնությունը մենք ենք իրականցնում, ինչպես նաև ստեղծելու ենք մի միջավայր, որ հրազդանցին գա այդտեղ, գիրք կարդա, թեյ, սուրճ խմի եւ մարզպետի ու քաղաքապետի հետ անմիջապես շփվելու հնարավորություն ունենա։ Մարզպետին տեղեկացրել եմ իմ առաջադրվելու մասին։ Փորձեմ հիշել իր խոսքերը՝ ասաց, որ լրիվ առողջ եմ համարում։

-Ըստ ձեզ, որո՞նք են Հրազդանի հիմնախնդիրները։

-Մեր քաղաքի ամենամեծ խնդիրը գործազրկություն է։ Մենք ինչքան էլ խոսում ենք քաղաքի խնդիրներից, անտեսում ենք քաղաքացու խնդիրը, քաղաքացին նախաձեռնող է։ Մարդ պետք է իր առօրյա մինիմալ ծախսերը հոգա։ Իմ առաջին քայլը քաղաքին ներդրումներ բերելն է լինելու։ Քաղաքի գլխավոր դեմքն ու հավատ ներշնչողը քաղաքապետն է, եթե նա անկաշառ է, այդ պարագայում ցանկացած գործարար ապահովագրված է, կգա եւ ներդրում կանի, կան շատ գործարարներ, միլիոնատերեր, ովքեր չգիտեն, թե Հայաստանում որտեղ ներդրում անեն։

Նշենք, որ Լևոն Ստեփանյանը Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասից է։ Ավարտել է Հայաստանի տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ բաժինը։

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X