Այս ավազակապետության հիմքերը դրել է հենց ինքը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը

Հարցազրույց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանի հետ

-Պարոն Չաուշյան, Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիայի դեմ պայքարին՝ գեներալ Մանվել Գրիգորյանից սկսած մինչեւ Սերժ Սարգսյանի եղբայրը։ Ինչպե՞ս եք այս ամենը գնահատում։

-Շատ բարձր եմ գնահատում կոռուպցիայի եւ գողության դեմ վարվող սկզբունքային պայքարը, բայց ուզում եմ հիշեցնել, որ կաշառակերությունը եւ կոռուպցիան գենետիկ հիմքեր չունեցող ախտ են։ Այս հիվանդությունը զարգանում է միայն համապատասխան միջավայրի դեպքում, այսինքն՝ կառավարման մեխանիզմները պիտի փոխվեն, պետք է ստեղծվի մթնոլորտ, որի մեջ նույնիսկ «ամենատաղանդավոր» կաշառակերը չկարողանա ոչ մի բան անել։ Կոռուպցիան դա համակարգված մեխանիզմ է, որտեղ ամեն մեկը գիտի ումից ինչ կարող է վերցնել եւ ում տալ, մեր երկրում դա հասել էր բավականին կատարելագործված վիճակի։ Կարելի է ասել, որ ՀՀ գործունեության մեխանիզմը ամբողջությամբ կառուցված էր կոռուպցիայի վրա, եւ դրա ապացույցները մենք հիմա տեսնում ենք։ Հիմա դեռ ինչ-որ օդիոզ ֆիգուրների մասին է խոսքը գնում, բայց կան էլի մարդիկ, ովքեր այդքան հիմար չեն Մանվելի պես, որ նման բաներ անեն, ավելի խելամիտ են, բայց ոչ պակաս մասնակից այդ գործընթացին։

Այսինքն՝ չպետք է հույսը դրվի միայն կառավարող անձերի մաքրության եւ ազնվության վրա, որը իր հերթին շատ կարեւոր է։ Անպայման պետք է օրինակ վերցվի առաջադեմ ժողովրդավար երկրների մոդելներից եւ կառուցվածքից։ Օրինակ, ինձ համար անհասկանալի է, թե ինչու Շվեյցարիայի պես երկրում գործում է ընդամենը 7 նախարարություն, իսկ մեզ մոտ համարյա 3 անգամ ավել, այն էլ ուռճացված կազմերով։ Գաղնիք չէ, որ մեզ մոտ նույնիսկ ստեղծվում էին նախարարություններ այս կամ այն անձին պաշտոնով ապահովելու համար։ Եկել է ժամանակը այս ամենը վերանայելու եւ վերաիմաստավորելու։ Ընդհանրապես, շատ կարեւոր է վերանայել մեր արժեքների համակարգը, որը բավականին խեղաթյուրվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Սա իսկապես անհրաժեշտ է եւ կարեւոր մեր ապագայի համար։

Մենք հիմա ինքնամաքրման ճանապարհին ենք, եթե այդ ինքնամաքրումը չկայանա, ոչ մի օգուտ չենք ունենա այս հեղափոխությունից։ ժամանակին Մովսեսը հրեաներին 40 տարի անցկացրեց տափաստաններով, որ այդ ժողովուրդը ինքնամաքրվի, մենք ոչ տափաստան ունենք, ոչ էլ այդքան ժամանակ։ Ես, ինչ խոսք, անվերապահորեն վստահում եմ Նիկոլ Փաշինյանի իմաստուն, նվիրյալ ղեկավար լինելուն եւ նրա գործնեությանը, բայց միաժամանակ համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, պարտավոր ենք պայքարել բոլոր նեգատիվ երեւույթների դեմ, ամեն մեկս մեր ասպարեզում, մեր աշխատանքային ընտանիքում, քանի որ հեղափոխությունը դեռ շարունակվում է եւ դատապարտված է հաղթանակի։

-Այս օրերին տեսանք նաեւ, որ 2 ամսով կալանավորվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով, սակայն, համարեց դա կեղծ մեղադրանք իր դեմ։ Ինչպե՞ս եք այս գործընթացը գնահատում։

-Կարծում եմ շատ տարօրինակ կլիներ, եթե ասեր, որ այո, ես մեղավոր եմ ու արժանի եմ շատ ծանր պատժի։ Դա մարդու ինքնապաշտպանական բնազդն է, նույնիսկ սյուրռեալիզմ բառը օգտագործեց այդ հարզազրույցի ժամանակ, բայց ավելի շուտ իր կառավարումն էր սյուրռեալիզմ։ Այն հակափաստարկները, որոնք նա բերում էր շատ թույլ տպավորություն էր թողնում, հատկապես այն թեզը, որ իրենից վախենում են, քանի որ կարող է նորից մտնել քաղաքականություն։ Չեմ կարծում, թե այնքան միամիտ է, որ չիմանա ազգն ինչքան է ատում իրեն, իհարկե գիտի դրա մասին։ Բայց մարդը շատ թույլ էակ է եւ չի անցնում փողով ստուգումները, չի դիմանում փողի գայթակղությանը։ Ինքը Ղարաբաղում ապրած տարիներին բավականին համեստ կյանք է վարել եւ հանկարծ պարզվում է, որ 10 տարի երկիրը ղեկավարելուց հետո ունի մոտ 4-5 մլրդ․։ Ինչպես ասում են՝ ձուկը գլխից է հոտած, եւ բոլորը պետք է իմանան, որ անձեռնմխելի մարդիկ Հայաստանում այլեւս չկան եւ չեն լինի, օրենքը բոլորի համար հավասար է։ Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ իր նկատմամբ կան, դա ուղղակի հայրենիքի դավաճանություն եմ համարում, ինքը փաստորեն հրաման է տվել կրակել մարդկանց վրա եւ պաշտպանել է ոչ թե Հայաստանի Հանրապետությունը, այլ՝ իր ունեցվածքը, մյուսը նույն բանն է արել, 3-րդ նախագահը, բարեբախտաբար, այդ կոշտությունը չուներ, բայց նպատակները էլի նույնն էին, այնպես որ ոչ մի փափկացնող հանգամանքներ ես չեմ տեսնում։

Հանրապետության առաջին նախագահը սիրում էր Ռ․ Քոչարյանի եւ Ս․ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանը անվանել ավազակապետություն․ իսկապես դիպուկ է։ Ցավոք, կա՛մ ինքն է մոռացել, կա՛մ հույս ունի ժողովուրդն է մոռացել, որ այս ավազակապետության հիմքերը դրել է հենց ինքը՝ Լեւոն Տեր- Պետրոսյանը։ Կեղծեց ընտրությունները, զենք կիրառեց ժողովրդի դեմ, էլ չասեմ մի շարք քաղաքական սպանությունների մասին։ Այնպես որ, մեր ժողովրդի բախտը ցավոք չբերեց անկախության շրջանի առաջին 3 նախագահների դեպքում, նրանք չծառայեցին մեր երկրին ու ժողովրդին, այլ՝ ճիշտ հակառակը։

-Շատերի կարծիքով Քոչարյանի կալանավորումը էլ ավելի բարձրացրեց ներկայիս իշխանությունների հեղինակությունը։ Համամի՞տ եք։

-Ինչ խոսք, դա դեմոկրատայի ամենակարեւոր հատկանիշներից մեկն է՝ հավասարություն բոլորի համար անկախ նրանց ծառայություններից ու պաշտոններից։ Մենք դեպքեր գիտենք, որ վարչապետ Բեռլուսկոնին նստեց 2 տարի իր վարչապետությունից հետո, չնայած որ նրա հանցագործությունները այնպիսին չէին, ինչպիսին որ Քոչարյանինն է։ Իսկ իր պաշտպանների դերը շատ խղճուկ տպավորություն թողեց։ Իհարկե, պաշտպանը նույնիսկ մարդասպանին պետք է պաշտպանի, բայց նրա պաշտպանները դիմացիններին մի քիչ դնում էին միամիտ մարդկանց տեղ եւ իրենց թեզն էին ուզում առաջ տանել։ Մի ամբողջ ժողովրդի դեմ զենք ես հանել ու հանկարծ այդ գործը պետք է մերժվե՞ր։ Դա շատ տխուր տպավորություն է թողնում։ Հուսով եմ՝ ճշմարտությունը կհաղթի, եթե դա չլինի, մենք կհայտնվենք ավելի վատ վիճակում, քան վերջին 27 տարում էինք։ Իսկ, լիարժեք հաղթանակ կարող է լինել միայն Ազգային ժողովի եւ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններից հետո եւ ինչքան շուտ՝ այնքան լավ։ Ժամանակը չի սպասում։ Ասպարեզը պետք է մաքրվի կեղտից։

-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի առաջիկա ընտրություններում առաջադրեց դերասան Հայկ Մարությանի թեկնածությունը, ի պաշտպանություն նրա՝ շատերն օրինակ են բերում նախագահ Ռեյգանի եւ նախանգապետ Շվարցնեգերի օրինակները։

-Բայց երեւի կան շատ այլ օրինակներ, որ նմանատիպ մարդիկ եղան եւ տապալվեցին, դա էլ է եղել, բայց դրա մասին չեն հիշում։ Ես չեմ կարող ասել, որ Հայկ Մարությանը մեծ դերասան է, որովհետեւ մի կերպար է ընդամենը ստեղծում, բայց նա լավ տպավորություն է ինձ վրա թողել, թե ինչպիսի քաղաքագլուխ կլինի, դժվարանում եմ ասեմ։ Կարծում եմ՝ քաղաքապետը առաջին հերթին տնտեսագետ պետք է լինի, որպեսզի շատ ճիշտ կարողանա կառավարել այդ ամբողջ տնտեսությունը, որովհետեւ Երեւանը պետություն է պետության մեջ։ Միաժամանակ ոչ մի հիմք չունեմ ասելու, որ նա վատ քաղաքապետ կլինի, ժամանակը ցույց կտա։ Իսկ եթե անկեղծ, ես ավելի կողմնակից կլինեի Զարուհի Փոստանջյանին, որը վաղուց իր պայքարը վարում է, շատ սկզբունքային կին է, գուցե բարդ բնավորությամբ, բայց երբեք չդավաճանեց իր սկզբունքներին։

-Ի տարբերություն մյուս նախարարների, ովքեր հաճախակի «լայվ» են մտնում, մշակույթի նախարարը փակ է այդ առումով։ Ի՞նչ տպավորություն ունեք նորանշանակ նախարարից։

-Ես մի քիչ հեռվից եմ ուզում սկսել, այս 27 տարիների ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիվ մշակույթի նախարարներ, որոնցից ոչ մեկը հետք չի թողել իր արած լավ ու հիշվող գործերով։ Ընդհանրապես այդ նախարարության դերը մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ։ Մի կողմից պարզ է, որ ֆինանսավորում են տարբեր ծրագրեր, միջոցառումներ, բայց դրա համար այդքան հսկայական կոլեկտիվ պահելու իմաստ չկա, կարելի է մի կորդինացիոն կենտրոն պահել 15-20 հոգով եւ բոլոր ֆունկցիաները կատարել։ Աշխարհում կան բավականին զարգացած երկրներ, բարձր մշակույթով, որոնք չունեն մշակույթի նախարարություն, միգուցե ճիշտ կլինի այդ փորձը ընդօրինակել։ Ինչ վերաբերում է Լիլիթ Մակունցին, բնականաբար, նա չէր կարող տեղյակ լինել մշակույթ կոչվող ամբողջ այդ աշխարհին, որովհետեւ այլ ասպարեզից է, բայց այս դեպքում նա շատ մեծ շփումների պահանջ պետք է ունենար՝ նկարիչների, գրողների, երաժիշտների հետ, այդ շփումները կամ չկան, կամ ինչքան տեսնում եմ սարսափելի քիչ են։ Այնպես որ նորից գալիս եմ այն եզրահանգման, որ առանց այդ նախարարության էլ կարելի է մշակույթը շատ լավ զարգացնել։

-Առիթ ունեցե՞լ եք անձնապես հանդիպելու նախարարին։

-Ես աշխատում եմ Կոնսերվատորիայում, կոմպոզիտորների միության խորհրդի անդամ եմ, Հայկական երաժշտական համաժողովի նախագահն են, բայց ոչ մեկի շրջանակներում առիթ չեմ ունեցել հանդիպելու նրան, ոչ էլ նա է այցելել այդ կառույցներից որեւի մեկը։ Ապրիլին՝ առաջին անգամ իր պատմության մեջ, նախկին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այցելեց կոմպոզիտորների միություն, մինչեւ այդ ոչ ոք չէր եկել։ Նորանշանակ նախարարի կողմից այցելություն չի եղել միություն, կարծում եմ՝ եթե գնա, ապա բոլոր միությունները պետք է գնա։ Ինչ վերաբերում է Կոնսերվատորիային, ապա դասավանդում եմ այնտեղ 72թ-ից եւ պետք է ասեմ, որ 70-80-ականներին Երեւանի Կոնսերվատորիան իր տեսակարար կշռով 3-րդ տեղն էր գրավում Սովետական միությունում։ Այսօր այդ ամենը չկա, մենք շատ հետընթաց ենք ապրել, ինչպես բոլորը եւ այն նեգատիվ երեւույթները, որ եղան Հայաստանում չէին կարող շրջանցել նաեւ Կոնսերվատորիան։ Ուսանողությունը չափից ավելի է Կոնսերվատորիայում, մենք փոքր հանրապետություն ենք եւ այնքան ավարտողներ պետք է ունենանք, ինչքանին կարող ենք աշխատանքով ապահովել։ Իսկ Կոնսերվատորիայի պրոֆեսորի աշխատավարձն այսօր կազմում է 70-90 հազար դրամ։ Խնդիրները շատ են, բայց մենք միշտ պիտի հիշենք, որ մշակույթը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ ամենամեծ կամուրջն է, որ միացնում է մեզ զարգացած երկրների հետ՝ թույլ տալով լինել հավասարը հավասարի մակարդակում։

Սոնա Ադամյան

Մեկնաբանություն
X