Վիզաների վարչությունը «մտահոգված է». Մեր պատասխանը Մնացական Բիչախչյանին

Երեկ ոստիկանությունը պատասխանել է www.hraparak.am կայքի «Ոստիկանության բաժանմունքներին կից «քսերոքս» ծառայությունները թալանում են քաղաքացիներին» հրապարակմանը: Հոդվածում նշել էինք, որ Անձնագրային և վիզաների վարչության տարբեր գրասենյակներին կից պատճենահանման ծառայությունները 5-ից 20 անգամ ավելի բարձր գներով են աշխատում, քան մյուսները: Նաև նկարագրել էինք, որ Նոր Նորք 1 միկրոշրջանում գտնվող բաժանմունքում քաղաքացիներից մեկը երեկ տհաճ պատմության մեջ է ընկել: Երեխան ձեռքին, երկար հերթ կանգնելուց հետո նա վերջապես մոտեցել է աշխատողին, որ ելքի վիզայի ժամկետը երկարացնի և միայն այնտեղ պարզել է, որ անձնագրի պատճեններն են պետք: Բաժանմունքին կից պատճենահանման կետում էլ, երբ նա փորձել է իր վրդովմունքը հայտնել ծառայության գնի կապակցությամբ, աշխատակիցը պատռել է պատճենները, մանրադրամը նետել է քաղաքացու դեմքին՝ ասելով․ «Գնացեք ուրիշ տեղ»։

Քաղաքացին մտել է պետի աշխատասենյակ և իր դժգոհություններն է ներկայացրել: Նա հարցրել է այնտեղ գտնվող պաշտոնյային, թե ինչու պատերին փակցված չի փաստաթղթերի ցանկը, ինչու գրված չի, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր ելքի վիզան երկարացնելու համար, և վերջապես, ինչու են ոստիկանության այլ բաժանմունքներում պատճենահանումը աշխատողներն անում և նույն գործողության համար չեն պահանջում քաղաքացուց փաստաթղթերի պատճենները: Մեր հրապարակման մեջ գրել էինք, որ պետի սենյակում հենց Նոր Նորքի բաժանմունքի պետ Աննա Պողոսյանն է եղել: Իրականում, սակայն, Աննա Պողոսյանը արձակուրդում է, և այդ աշխատասենյակում այլ պաշտոնյա է եղել, որն էլ լուծել է կոնֆլիկտը։

Ոստիկանությունը, թողնելով մի կողմ նյութի բովանդակությունը, բաժանմունքի փնթի աշխատելաոճը, հերքել է մեր հրապարակման հենց այս մասը: «Կայքի հետաքննությունն այդ մասով… վրիպել է, այսօր ոչ մի քաղաքացի նրան չէր կարող հանդիպել իր աշխատասենյակում, քանի որ հուլիսի 24-ից գտնվում է արձակուրդում», - գրում է ոստիկանությունը:

Բայց հրապարակումն, այնուամենայնիվ, արդյունք ունեցավ: Ոստիկանության լրատվականի մյուս մտահոգությունն այն է, որ պատճենահանման ծառայություններն իրենց հետ «չշփոթենք»: «Եթե մասնավոր կազմակերպությունն իր դիրքով գտնվում է անձնագրային ծառայության հարևանությամբ, դա չի նշանակում, որ այն պատկանում է պետական հիմնարկին: Նման հետաքննություն անցկացնելուց կարելի էր առավել խորությամբ կատարել այն, որի արդյունքում պարզ կլիներ, որ խնդիրն անմիջապես ոստիկանության պետի մտահոգության դաշտում է: Դեռևս մեկ ամիս առաջ նրա հանձնարարությամբ անձնագրային և վիզաների վարչության շենքում՝ անձնագրային, քաղաքացիության և վիզաների բաժիններում տեղեդրվել են պատճենահանման սարքեր, որպեսզի այն դեպքերում, երբ քաղաքացին իր հետ չի ունենա պահանջվող փաստաթղթերի պատճենները, գործողությունը կատարվի տեղում, աշխատակցի կողմից: Մյուս բոլոր ծառայություններում պատճենահանման հարցը նույնպես մտահոգության կենտրոնում է: Բիոմետրիկ համակարգի նոր մրցույթի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել են դրույթներ, համաձայն որի փաստաթղթերի պատճեններ չեն պահանջվի. ինֆորմացիան սկանավորման եղանակով կպահպանվի բազայում, ընդ որում բոլոր անձնագրային ծառայություններում աշխատակիցների համար հասանելիության հնարավորությամբ»:

Պատասխանի այս մասում ուղղակի հաստատվում են մեր կասկածները, որ անձնագրերի և վիզաների վարչության բաժանմունքներում պատճենահանման սարքերը տեղադրված են, բայց աշխատողները քաղաքացիներին շարունակում են ուղարկել հարակից «թանկանոց» պատճենահանման կետը: Ինչո՞ւ։ Հուսանք՝ հարցն այս նույնպես ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի մտահոգությունների տիրույթում է:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X