Լավրովի անզգույշ հայտարարությունը կարող է մեկնաբանվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու փորձ

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը մարտի 1-ի գործի շրջանակներում մեծ ռեզոնանս է առաջացրել թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում, եւ արդեն իսկ լսելի են այդ հետապնդման վերաբերյալ դրսից լսվող արձագանքները։ Մասնավորապես․ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են այդ երկրի նոր ղեկավարության հայտարարություններին առ այն, որ իրենց նախորդներին քաղաքական հալածանքների չեն ենթարկելու»։

Բուռն հակազդեցություն առաջացրած այս հայտարարությունը ՀՀ փորձագիտական որոշ շրջանակներ որակում են որպես ՀՀ ներքին գործերին միջամտելու կոպիտ փորձ, ոմանց գնահատականով էլ այսպիսի հայտարարություն կարող էր անել նա, ով շահագրգռված է մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործություների պարտակման գործում: Ոուս բարձրաստիճան պաշտոնյանի վերոհիշյալ հայտարարությունը քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը որակում է անզգույշ, բաց հայտարարություն, որն, ըստ նրա, սխալ տեղ կարղ է տանել հայ-ռուսական հարաբերությունները։

«Եւ այդ սխալ տեղ տանելը կարող է լինել ոչ թե ՀՀ իշխանությունների քմահաճության պատճառով, այլ Ռուսաստանի․ Ռուսաստանը պիտի գիտակցի, որ նախկին խոսելաոճը, հարաբերությունների նախկին ֆորմատը ուղղակի կործանարար է հենց իր՝ Ռուսաստանի համար։ Եւ այս կտրվածքով, եթե Լավրովը հայտարարեր, որ իրենք ակնկալում են, որ քննությունը կընթանա անաչառության, օբյեկտիվության եւ համակողմանիության սկզբունքներին համահունչ, մենք սա չէինք համարի ՀՀ ներքին գործերին միջամտություն (ինչպես որ միջազգային կառույցներն են շատ հաճախ արել՝ հարգելով ՀՀ-ի ինքնիշխանությունը), մյուս կողմից էլ հուշում անելով, որ ինքը ճիշտ չի հասկանա, եթե դա կրի քաղաքական հետապնդան բնույթ»։

Մինչդեռ Լավրովի հայտարարությունը, ըստ Սաֆարյանի, բացարձակապես այդ դաշտում չի, նա ուղղակի ասում է, որ․ «Քանի որ չենք ուզում դուք հետապնդեք այս մարդուն, ավելի ստույգ՝ Յուրի Խաչատուրովին, հետեւաբար պետք չի նրան հետապնդել, առավել եւս՝ նրան հետ կանչել ՀԱՊԿ-ից։ Սա ոչ քաղաքական, ոչ էլ իրավական դիրքորոշում է, ավելին՝ այն իսկապես կարող է մեկնաբանվել ՀՀ-ի՝ թե՛ ներքին, եւ թե՛ մասնավորապես արդարադատությանը միջամտելու շահագրգռություն։ Լավրովը չի էլ ակնարկել, որ, դիցուք, իրենց տրամադրության տակ կան փաստեր, որոնք իրենց թույլ են տալիս ենթադրել իրականացվող քաղաքական հետապնդման մասին։ Նա ուղղակի հղում է կատարում ինչ որ անհասկանալի կոմպրոմիսի վրա։ Բայց կներեք, կոմպրոմիս չի կարող լինել հանցագործություններ չբացահայտելու շուրջ։ Այսպիսի համաձայնություն, ես կասկածում եմ, որ նոր իշխանություններն ունեցել են նախկին իշխանությունների հետ։ Ռուսաստանը կարող է ազատ հայտարարել, թե վստահում է, կամ չի վստահում, սիրում է, կամ չի սիրում ՀՀ նոր իշխանություններին եւ այլն, սակայն տվյալ պարագայում խոսք չի կարող լինել այն մասին, որ ՀՀ-ն որեւէ կերպ խախտել է որեւէ պարտավորություն, այդ թվում եւ իշխանության խաղաղ փոխանցման ժամանակ»,-նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետը նկատեց նաեւ, որ Լավրովը հավանաբար զարմացել է այն բանից, թե ինչու իրենց ակնարկը, որ պետք չէ քրեական հետապնդում իրականացնել, Երեւանը չի հասկացել կամ չի պատրաստվում բավարարել։ «Նախկինում բավական էր այդպիսի մի ակնարկ, եւ պաշտոնական Երեւանը պատրաստ էր անմիջապես կատարել դա, եւ մի բան էլ ավելին։ Այժմ ՀՀ-ն հասկացնում է, որ նախկին դրվածքն այլեւս չկա եւ ՀՀ-ն չի պատրաստվում կատարել անգամ իր ռազմավարական գործընկերոջ կողմի պահանջները, որոնք օրենքի եւ իրավունքի դաշտում չեն։ ՀՀ-ն ցույց է տալիս, որ կարող է չհամաձայնել իր դաշնակցի հետ եւ պարտավոր է փարատել մտահոգություններն առ այն, որ ոչ Խաչատուրովի, ոչ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին խոսք լինել չի կարող»։ Ինչ վերաբերում է Քոչարյանի հանդեպ իբր իրականացվող վենդետային, ապա, ըստ Սաֆարյանի, «Քոչարյանը երբեւէ քաղաքական ֆիգուր չի եղել ՀՀ-ում», նա ուղղակի իր համար ալիբի է ստեղծել՝ հայտարարելով իր նկատմամբ քաղաքական հետապնդման մասին։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X