Սիրվածների ու վաստակավորների քաղաքական կարիերան․ հայաստանյան փորձը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի ավագանու սպասվելիք ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրեց դերասան Հայկ Մարությանին՝ Կարգին Հայկոյին։ ՔՊ-ի այս որոշումը հանրության շրջանակներում ու մասնավորապես սոցցանցերում լայն քննարկման առիթ դարձավ։ Եղան անվստահություն հայտնողներ, որ քաղաքապետի պաշտոնը ահռելի պատասխանատվություն է ենթադրում, և Մարությանը պատրաստ չէ այն զբաղեցնելու, մյուս թևի ներկայացուցիչներն էլ սկսեցին Կարգին Հայկոյին համեմատել Ռեյգանի և Շվարցենեգերի հետ։ Սակայն իրականում Հայաստանը բավականին փորձ ունի, երբ կինոյի, թատրոնի կամ երգարվեստի ներկայացուցիչները սկսում են զբաղվել քաղաքականությամբ։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի օրինակներ։

Վաստակավոր թեկնածուն

1991 թվականի հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուներ Զորի Բալայանի, Պարույր Հայրիկյանի, Ռաֆայել Ղազարյանի, Աշոտ Նավասարդյանի և Լևոն Տեր- Պետրոսյանի հետ մեկտեղ իր թեկնածությունն էր առաջադրել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը։ Ընտրությունների արդյունքներով Սոս Սարգսյանի օգիտին էին քվերակել 65 հազար 278 քաղաքացիներ, այդպիսով նա ստացել էր 4.3 տոկոս քվե՝ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը։ Սոս Սարգսյանը գրանցած արդյունքներով զիջում էր առաջին հորիզոնականը զբաղեցրած Լևոն Տեր-Պետրոսյանին 1 260 014 (83%) և Պարույր Հայրիյանին, ով ստացել էր 106 266 (7%) քվե։ Մյուս թեկնածուներից Զորի Բալայանը հավաքել էր 6 831 (0,45%), Ռաֆայել Ղազարյանը՝ 5 920 (0,39%), Աշոտ Նավասարդյանը՝2 429 (0,16%) ձայն։ Ի դեպ, այդ ընթացքում Սոս Սարգսյանը նկարահանվել էր չորս տասնյակից ավելի գեղարվեստական ֆիլմերում, հիմնադրել էր Համազգային թատրոնը։

Երգչուհի պատգամավորը

2012 թ. մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում Շուշան Պետրոսյանը ՀՀԿ մեծամասնական ցուցակով ընտրվեց 5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր։ Ներկայումս էլ հանդիսանում է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺ պատգամավորի կարգավիճակում Շուշան Պետրոսյանը բազմիցս հայտնվել է աղմակահարույց և սկանդալային իրավիճակներում՝ չնայած որ ոչ հաճախ է ԱԺ-ում հանդես եկել ելույթներով և օրենքի որևէ նախագիծ չի ներկայացրել քննարկման։ Իսկ սկանդալային հայտարարություններն էլ հիմնականում հնչեցրել է լրագրողների հետ զրույցներում և սոցցանցերի իր գրառումներում ու դրանց մեկնաբանություններում։ Բացի այդ՝ նա մշտապես աչքի է ընկնում ՀՀԿ և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելով՝ բավականին կոշտ ձևակերպումներ անելով նրան քննադատողների և ընդդիմադիր քաղաքական գործիչների հասցեին։ Չնայած ներքաղաքական պասիվ գործունեություն վարելուն՝ Շուշան Պետրոսյանը ակտիվորեն մասնակցում է ռուսական ամենախոշոր մեդիահոլդինգի ղեկավար Դմիտրի Կիսելյովի կողմից Հայաստանում հիմնած «Գրիբոյեդով» ակումբի հանդիպումներին և հանդիսանում է այդ ակումբի անդամ (ակումբի անդամների հանդիպումների ընթացքում ներկաները քննարկում են Հայաստանում ռուսական ներկայության և ՀՀ-ն Ռուսաստանի ազդեցության տակ պահելու հարցեր):

Շուշան Պետրոսյանի որոշ հայտարարություններ հաճախ համացանցային հանրության շրջանակներում դառնում են իսկական հիթեր՝ հաճախ ստանալով հումորային ելևէջներ և տարածվում։ Մասնավորապես, Երևանի Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինություն կառուցելու դեմ բողոքող քաղաքացիներից մեկին՝ մի երիտասարդ աղջկա բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը խառնաշփոթի մեջ, առիթից օգտվելով, լպստել էր ցուցարար աղջկա պարանոցը։ Լրագրողները երգչուհի-պատգամավորուհուն մամուլի ասուլիսի ժամանակ հարց էին ուղղել վրդովմունքի ալիք բարձրացրած և համացանցում բավականին սուր քննադատությունների արժանացած տվյալ դեպքի վերաբերյալ, ինչին ի պատասխան Շուշանը Պետրոսյանը պատասխանել էր, թե ոչ մի վատ բան չի տեսնում դրանում, ընդամենը «հայ տղան նրբորեն համբուրել է հայ աղջկա»։

2013 թ.-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո հեռուստաալիքներից մեկի եթերում Շուշան Պետրոսյանը նախագահի թեկնածու Րաֆի Հովհաննիսյանին ձայն տված գյումրեցիների մասին ասաց հետևյալը․ «ազնիվ չի՝ 5000 դրամ վերցնել և ընտրել այլ թեկնածուի»։ Կարծիքներ եղան, որ նա իր այս հայտարարությունով հաստատեց հանրության մոտ շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը 5000 դրամ ընտրակաշառք է բաժանել։ Շուշան Պետրոսյանի ասած տվյալ նախադասությունից գյումրեցիները վիրավորվել էին ու բոյկոտեցին Գյումրիում երգչուհու նախատեսված համերգը՝ սպառնալով վարունգներով ու օճառներով դիմավորել վերջինիս։

«Սիրված թամադան» ավագանու անդամ

Երեւանի ավագանու 2013 թվականի ընտրություններում ՀՀԿ ընտրացուցակում 13-րդ համարը զբաղեցնող դերասան Հրանտ Թոխատյանը ընտրվեց Երևանի ավագանու անդամ ՝ չնայած, որ այդ շրջանում երկար ժամանակ Հայաստանում չէր և նույնիսկ չմասնակցեց ընտրությունների քարոզարշավին։ Սակայն նրա անվան շուրջ ամենամեծ աղմուկը բարձրացավ ավագանու անդամի մանդատը վայր դնելուց հետո։ 2017 թվականին Երևանի ավագանու նիստում քննարկվեց Հրանտ Թոխատյանի ստեղծած «Արվեստի այբբենարան» մշակութային հիմնադրամին 10 տարի ժամկետով Արաբկիր վարչական շրջանի «Կանազ» մշակույթի տան շենքը անհատույց տնօրինման իրավունքով տրամադրելու հարցը։ Դեմ էին քվերակել միայն «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները։ Թոխատյանը «Կանազ» մշակույթի տունը, ինչպես ինքն էր ասում, պատրաստվում էր վերածել մշակութային կենտրոնի՝ խոշոր ներդրումներ անելով։ Սակայն «Երկիր Ծիրանին» անվստահություն էր հայտնել Թոխատյանի այս պնդումներին՝ մասնավորապես ասելով, որ Թոխատյանը իշխանությունների շրջապատում հայտնի թամադա է եղել․«Շատ լավ գիտենք, որ Հրանտ Թոխատյանը հայտնի եւ սիրված թամադա է նրանց շրջապատում, սակայն Հրանտ Թոխատյանը նախկին 4 տարվա ընթացքում եղել է ավագանու անդամ եւ հենց նրա ավագանության օրոք, էլի լռելու համար էին մարդկանց բնակարաններ տրվում, ինքը շատ կողմ էր եւ ուրախ-ուրախ կողմ էր քվեարկում: Ավելի վատ բան՝ նրա ավագանի լինելու ժամանակաշրջանում է, որ պայթեցվել է նույն տպարանի շենքը, որը նույնպես մշակությային կոթող էր ներկայացնում: Ինչո՞ւ այն ժամանակ Հրանտ Թոխատյանը ձայն չի բարձրացրել եւ հիմա ուզում է մշակույթը բարձրացնել մոխիրների՞ց»,- ասել էր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը։

Դերասանները՝ Հեղափոխության հարթակին

Ապրիլ- մայիս ամիսներին՝ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական շարժման օրերին քաղաքական պայքարի հարթակներում էին հայտնվել մարդիկ, ում հանրությունը հիմնականում տեսել էր հեռուստաէկրաններից այն կողմ՝ որևէ երգիծական հաղորդում վարելիս կամ գեղարվեստական ֆիլմում որևէ կերպարի դերում։ Որքան անսովոր էր նրանց ներկայությունը քաղաքական պահանջ ներկայացնող բողոքի ակցիաների ժամանակ և հանրահավաքներին բեմահարթակների վրա, նույնքան էլ ոգևորիչ էր․ պայքարին են միացել նաև արվեստի, շոուբիզնեսի ներկայացուցիչները։ Այդ օրերին հեղափոխության առաջնոր Նիկոլ Փաշինյանի կողքին պարբերաբար կարալի էր տեսնել դերասան Հովհաննես Ազոյանին, հաղորդավար և դերասան Սերգեյ Դանիելյանին, ում նկատմամաբ հետագայում համացանցային արշավ սկսվեց, քանի որ նա համարձակվել էր նմանակել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դերասանուհիներ Լալա Մնացականյանին, Արսինե Խանջյանին, ռոք երգիչ Սերժ Թանկյանին և այլոց։ «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքներին պարբերաբար ելույթներ էր ունենում Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը։ Հեռուստաեթերում բազմաթիվ են դեպքերը, երբ կինոյի և շոուբիզնեսի աստղերը մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ են տվել կոնկրետ քաղաքական իրադրության կամ գործընթացի վերաբերյալ՝ այդպես նաև որոշակի մասնակցություն ունենալով այդ պրոցեսներին։

Կորյուն Սիմոնյան

Մեկնաբանություն
X