էլեկտրոնային առողջապահության համակարգը փոխել է պետք. մոսկվաբնակ հայերի առաջարկը Արսեն Թորոսյանին

Օրերս Ռուսաստանից գործնական նպատակով Հայաստան են ժամանել մի խումբ հայազգի ծրագրավորողներ: Նրանք առողջապահության նախարարությանը ձեռնտու առաջարկ են ներկայացրել՝ ներդնել էլեկտրոնային առողջապահության մի համակարգ, որը հաջողությամբ գործում է Մոսկվայում, և որը անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ունի, քան Հայաստանում գործողը: Ամենակարևորը՝ այս ծրագիրն աշխատեցնելու համար ընդամենը պետք է 6 ծրագրավորող և զերո լումա պետբյուջեից, կամ դրամից օգտվող բուժհաստատություններից: «Մեր առաջարկած տարբերակում պետությունը ոչինչ չի վճարում: Ամբողջ աշխատանքը կատարվում է 6 ծրագրավորողների կողմից: Նրանք իրենց եկամուտը ստանում են դեղատներից, ծրագրի միջոցով վաճառված դեղորայքի 1-2 տոկոսի տեսքով», - ասում է ծրագրավորողներից Ռոբերտ Մանուկյանը:

Ըստ մասնագետի, Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը լուրջ թերություններ ունի: Այն գրեթե չի գործում: Հիշեցնենք, որ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել մեկ տարի առաջ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկով ստեղծվեց «Էլեկտրոնային ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» և որպես օպերատոր ընտրվեցին «Sylex SARL» շվեյցարական ընկերությունը և «Մեյսիս Ապահով» ՍՊԸ-ն, որոնք համատեղ ձեռնարկություն ստեղծեցին էլհամակարգի տեխսպասարկումն ու շահագործումը իրականացնելու համար: Սրանք անհայտ ընկերություններ էին, և այն ժամանակ արդեն մամուլում կասկածներ հնչեցին, որ մրցույթն այնքան էլ արդար չի եղել:

Առողջապահության նախկին մենեջեր-նախարար Լևոն Ալթունյանն էր գովազդում նախագիծը որպես առողջապահությունն արդիականացնելու արդյունավետ միջոց, որը թափանցիկ է դարձնելու հիվանդների հերթագրումից մինչեւ բուժում ամբողջ շղթան: Բայց համակարգը ահռելի դժգոհություններ առաջացրեց: Բուժհաստատությունները բողոքում էին, որ դրան միանալու ամենամսյա սակագները թանկ են, սակայն ստիպված միանում էին դրան, քանի որ պետպատվերով բժշկական ծառայությունները սկսեցին փոխհատուցվել՝ էլեկտրոնային առողջապահության տվյալների հիման վրա: Այս տարվա բյուջեով կառավարությունը մոտ 240 մլն դրամ է հատկացրել «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին: Ի՞նչու վճարել eHealth-ի ծառայությունների համար, երբ այդ ծառայությունները կարելի է ստանալ միանգամայն անվճար:

Այս հարցը կառավարության առաջ են դրել են մոսկվաբնակ ծրագրավորողները: «Մենք 2 ամիս առաջ տեղեկացրեցինք ՀՀ նոր կառավարությանը այդ համակարգրի մասին, որը բացի այն, որ անվճար է գործելու, նաև անհամեմատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու», - ասում է ծրագրավորող Գևորգ Բլեջյանը; «Ասենք, բժիշկը դեղորայք է՝ նշանակում, որը քաղաքացու համար անվճար է: Նա կարող է նայել ճիշտ է, թե ոչ նշանակումը կատարվել: Կամ՝ քաղաքացին կարող է հեռախոսի մեջ քաշել ծրագրի հավելվածը և ստուգել, թե իրեն անհրաժեշտ դենով է մտնում, - լրացնում է ընկերոջը Ռոբերտ Մանուկյանը, - մինչդեռ Հայաստանում գործում է ծրագրի միայն պետպատվերի բաղադրիչը, ինչը, կարելի է ասել՝ ամբողջական հնարավորությունների 20 տոկոսն էլ չի»: Ծրագրավորողների խումբը իրենց առաջարկները ներկայացրել են տնտեսական զարգացման նախարարությունում: «Արծվիկ Մինասյանը զանգեց Արսեն Թորոսյանին, ասաց, որ այսպիսի առաջարկ կա, գնացինք, բայց նախարարն անձամբ մեզ չընդունեց: Օգնականի հետ, կարծեմ, հանդիպեցինք: Երկու ամիս անցել է, ոչ մի պատասխան չկա, ոչ ոք չի շարժվում տեղից: Վերջերս նախարարոյթունում կրկին հանդիպում ունեցանք, պահանջեցինք, որ մեզ ասեն, թե ինչպես են ընտրել ծրագիրը սպասարկող ընկերությունը, տենդեր եղել է, ոչ: Մեզ ասեցին, որ կպատասխանեն, մեզ տեղյակ կպահեն: Սպասում ենք այդ պատասխանին»,- ասում է Գևորգ Բլեջյանը:

Սյուզան Սիմոնյան

Մեկնաբանություն
X